ANEL-ի ուսանողների նախագծերը DigiTec Expo 2018-ում

10:33, 9 հոկտեմբերի, 2018

DigiTec Expo 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում իրենց նախագծերն էին ներկայացնում ANEL (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ)-ի ուսանողները։

ANEL-ը ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջադեմ փորձարարական կենտրոն է, որը հիմնադրվել է 2013 թ.-ին։ Այն գտնվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կենտրոնական մասնաճյուղի տարածքում և համագործակցում է տարբեր կրթական կառույցների  հետ՝ նախագծերում ընդգրկելով ուսանողներ տարբեր համալսարաններից։

ANEL-ի նպատակն է նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը, բարձրացնել հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը եւ համալսարանների տրամադրած տեսական գիտելիքը լրացնել գործնական աշխատանքներով ու իրական փորձով։

Ցուցահանդեսին ներկայացվող նախագծերից մեկը կոչվում էր «Լաբիրինտ»։ Մոսկվայում կայացած միջազգային մրցույթի շրջանակում ուսանողները նախագծել են ռոբոտ, որը ոտքերը ծալելու արդյունքում փոքրանում է ու հնարավորություն ունենում անցնել 11-ից մինչեւ 20 սմ տրամագծով խողովակների միջով, նկարահանել դրանց ներսն ու իրական ժամանակում տվյալներ տրամադրել հնարավոր խցանված կամ վնասված տեղերի մասին։ Հավաքագրված տվյալների շնորհիվ խողովակը վնասվելու դեպքում մասնագետներն ամբողջ փողոցը քանդելու փոխարեն քանդում ու վերականգնում են միայն խողովակի վնասված հատվածը։

«Help to Health» նախագծի շրջանակում ուսանողները նախագծել են մի ծրագիր, որը նախատեսված է տնային պայմաններում կիրառվող բժշկական սարքերի տրամադրած տվյալները մոնիտորինգ անելու եւ ստացված արդյունքները բժիշկներին տրամադրելու համար։

Ծրագրից օգտվողը գրանցվում է համակարգում, ինչի արդյունքում ստանում է ID քարտ, գնում տնային պայմաններում կիրառվող բժշկական սարք (ջերմաչափ, ճնշումը կամ շաքարը չափելու համար նախատեսված սարք եւ այլն) ու ցանկացած տեղ համապատասխան չափումն իրականացնելուց հետո տվյալները SMS հաղորդագրությամբ փոխանցվում են այն պոլիկլինիկա կամ հիվանդանոց, որտեղ օգտագործողը գրանցված է։ Տվյալների հիման վրա անհրաժեշտության դեպքում հիվանդանոցից զանգահարում են ծրագրից օգտվողին, տալիս ցուցումներ, իսկ համեմատաբար ծանր դեպքերում հիվանդին են այցելում ամենամոտ շտապօգնության բաժանմունքից՝ նախապես արդեն իմանալով՝  ինչ խնդիր կա։

Նախագծերից մեկի նպատակն է ապահովել ընկերությունների կամ ուսումնական հաստատությունների անվտանգությունը։ Հիմնական թիրախը դպրոցներն ու համալսարաններն են, որտեղ սովորողները ստանում են իրենց անձնական կոդն ու դրան համապատասխան իրենց տվյալները մուտքագրվում են բազայում։ Շենք մուտք գործելիս ուսանողը կամ աշխատողն իր կոդը մոտեցնում է տեսախցիկին։ Այն ճանաչելու դեպքում համակարգը բացում է դուռը, հակառակ դեպքում ազդանշան է արձակում, որ տվյալ մարդը գրանցված չէ բազայում։ Համակարգը նախատեսված է ինչպես անվտանգության, այնպես էլ դպրոցականների կամ ուսանողների հաճախումներն արձանագրելու համար։ Պետք է նշել, որ, ի տարբերություն քարտային համակարգի, այն ավելի մատչելի ու հեշտ կիրառելի է։

Երեք ուսանողների նախագծած խելացի ռոբոտը՝ CartBot-ը նախատեսված է օդանավակայանում, մեծ առեւտրի կենտրոններում եւ խանութներում իրերը հեշտությամբ տեղափոխելու համար։ Ռոբոտի նախատիպը 2 ճամպրուկի տեսքով 5-7 կգ բեռ տեղափոխելու համար է, իսկ իրականը կլինի մոտ 2 անգամ մեծ ու հնարավորություն կունենա տեղափոխել մոտ 100 կգ բեռ՝ 4-7 ճամպրուկի տեսքով։

Ռոբոտի վրա կան հատուկ սենսորներ, որոնց շնորհիվ այն տեսնում է արգելքներն ու խուսափում հարվածներից։ Այն ազդանշան է արձակում, երբ ինչ-որ մեկը փորձում է գողանալ ճամպրուկները։ Բացի հիմնական գործառույթներից ռոբոտի վրա կա նաեւ բաժակի ջերմակարգավորվող տակդիր՝ խմիչքի միջին ջերմաստիճանը պահելու համար։ Ռոբոտի միջոցով հնարավոր է նաեւ լիցքավորել հեռախոսի մարտկոցը։

Ական հայտնաբերող ռոբոտը նախատեսված է ականապատ տարածքներից առանց մարդկային կորստի ականները հեռացնելու համար։ Ռոբոտը կառավարվում է bluetooth-ով։ Ականը հայտնաբերելուն պես ազդանշան է ուղարկում եւ GPS համակարգի միջոցով ականի կոորդինատները փոխանցում է ընդհանուր համակարգին։ Այժմ այն ականը հայտնաբերում է 20-25 սմ խորության դեպքում եւ կառավարվում է մինչեւ 20 մ հեռավորությունից, իսկ ապագայում խորությունն ու կառավարման հեռավորությունը կարող են ավելի մեծանալ։

Բժշկական համալսարանի ուսանողները ANEL-ի աշխատակիցների հետ միասին նախագծել են Բիոնիկ ձեռք։ Այն օգնության է հասնում այն դեպքում, երբ պետք է ինչ-որ գործողություն կատարել որոշակի հեռավորության վրա կամ մի վայրում, որտեղ կա մարդու կյանքին սպառնացող վտանգ։ Ձեռքի վրա ամրացված հատուկ սենսորների միջոցով իմպուլսներ են հաղորդում ու դրանց շնորհիվ գործի դնում նախագծած ձեռքի վրա կցված շարժիչները։ Արդյունքում՝ Բիոնիկ ձեռքը կրկնօրինակում է մարդու ձեռքի շարժումները։