ԱԳՆ պարզաբանումը՝ ՀՀ դեսպանությունների տարածքում ՊՆ զինծառայողների ծառայության կարգի մասին

18:12, 4 հոկտեմբերի, 2018

«ԻԻՀ և ՌԴ ՀՀ դեսպանություններում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից պահակային ծառայություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ ուղարկված ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ 90-ականների սկզբին, երբ Հայաստանը բացել է դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր երկրներում, Մոսկվայում և Թեհրանում ՀՀ դեսպանություններից հայտեր են ստացվել՝ ՀՀ Զինված ուժերի կողմից նրանց պահպանությունը իրականացնելու վերաբերյալ»,- ասված է հարցման պատասխանում: Նախարարությանը խնդրել էինք հստակեցնել, թե ինչու են հենց ԻԻՀ-ի և ՌԴ-ի ՀՀ դեսպանությունների տարածքներն ընտրվել, և ո՞ր օրենքի իրավակարգավորումներով են այլ երկրների ՀՀ դեսպանությունների տարածքում ՀՀ ՊՆ զինծառայողներն անցնում զինծառայություն:

Նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայից և Թեհրանից ստացված հայտերի հիման վրա որոշում է կայացվել գործուղել ՀՀ ՊՆ զինծառայողների՝ այդ դեսպանությունների պահպանությունը իրականացնելու նպատակով:

«Այս հարցում դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ հնարավորությունները թույլ են տալիս, որպեսզի զինծառայողները բնակվեն դիվանագիտական ներկայացուցչության շենքում»,- ասված է հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ մեր գրավոր հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ՀՀ դեսպանատների տարածքում ՀՀ ՊՆ զինծառայողների ծառայությունն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ:

Հարցին, թե այլ երկրների ՀՀ դեսպանությունների տարածքում ո՞ր իրավասու ծառայություններն են պահակային ծառայություն իրականացնում, ԱԳՆ-ից պատասխանել են.

«Մի շարք երկրներում՝ տեղի իշխանությունների որոշումներով պայմանավորված, դեսպանությունից դուրս մշտական հսկողություն իրականացվում է ընդունող երկրի համապատասխան մարմնի՝ ոստիկանության կողմից»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նման ընթացակարգով ծառայություն անցնող զինվորները վարձատրվո՞ւմ են, թե՞ ոչ, ԱԳՆ-ից պատասխանել են, որ նման հարցերը գտնվում են ՊՆ իրավասության շրջանակներում:

Հիշեցնենք, որ մեզ հայտնի էր դարձել, որ տարիներ շարունակ գոյություն է ունեցել և ունի զինծառայության նման կարգ, երբ զինծառայողները այլ երկրների ՀՀ դեսպանությունների տարածքում պահակային ծառայությոն են իրականացնում, ինչը ՊՆ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հաստատել են՝ նշելով, որ կարգը գործում է 2009 թվականից մինչ այսօր: