Կառավարությունն ընդունեց ահաբեկչության կոչերը քրեականացնելու՝ դեռևս փետրվարին Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագիծը

12:08, 4 հոկտեմբերի, 2018

Կառավարության նիստում որոշվեց քրեականացել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Հիշեցնենք, որ նման օրենսդրական նախաձեռնություն հրապարակվել էր իրավական ակտերի հրապարակման միասնական E-darft.am կայքում դեռևս փետրվարին, երբ արդարադատության նախարարն էր Դավիթ Հարությունյանը։

Նախագիծը ներկայացրեց գործող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Ըստ այդմ՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։