Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության փորձագետները կգնահատեն Հայաստանի անասնաբուժության ոլորտը

11:34, 2 հոկտեմբերի, 2018

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։

«Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք ոլորտը բարեփոխել՝ հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին նշել է նախարար Խաչատրյանը։

Նիկշա Բարիշիչը նշել է, որ առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի անասնաբուժության ոլորտը, ինչն իրականացվում է երկրի պահանջով՝ օժանդակելու բացահայտել ոլորտի թույլ, բաց և ուժեղ կողմերը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության համատեքստում։

Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ նախարաությունը պատրաստ է լիարժեք համագործակցության, քանի որ ոլորտի ամբողջական պատկերի գնահատականին տիրապետելն անչափ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անասնաբուծությունը ռազմավարական ուղղություն է Հայաստանի գյուղատնտեսության համար, իսկ առանց անասնաբուժական բարձրակարգ ծառայությունների հնարավոր չէ այս ճյուղի զարգացումն ապահովել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։