Արցախի պետնախարարը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ

10:42, 2 հոկտեմբերի, 2018

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ:

Պետական նախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելություններին՝ հատկապես ընդգծելով էներգետիկ ու բնակարանաշինության ոլորտներում առկա մեծ ներուժը: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան Արցախում օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ նոր խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար:

Նշենք, որ հանդիպումներին մասնակցում է նաև ԱՀ նախագահի խորհրդական և հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: