«Զինված խմբի» գործով կալանքի տակ մնաց միայն կազմակերպիչ համարվող Արթուր Վարդանյանը

13:27, 1 հոկտեմբերի, 2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր մերժեց «զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը 1 մլն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Սեպտեմբերի 28-ին նման միջնորդություն էին ներկայացրել Վարդանյանի պաշտպանները, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Սեպտեմբերի 28-ին դատարանը որոշել էր մեկ այլ ամբաստանյալ Գևորգ Ջնդոյանի կալանքը փոխարինել նույն չափի՝ մեկ միլիոն դրամ գրավով: Ջնդոյանի պաշտպան Արմինե Ֆանյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 30-ին՝ գրավի գումարը վճարելուց հետո, Ջնդոյանն ազատ է արձակվել:

Այսպիսով՝ այս գործով անցնող անձանցից կալանքի տակ մնաց միայն Վարդանյանը: Կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանյալները վերջին չորս ամիսների ընթացքում ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ գործի՝ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: