Ժ. Սեֆիլյան. «Այն, ինչ այսօր հիմնադրում ենք, լինելու է մեր երազած ազգային պետության հիմնասյուներից մեկը»

13:13, 29 սեպտեմբերի, 2018

Կառավարական թիվ մեկ նիստերի դահլիճում մեկնարկել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համաժողովը: Ներկաները հոտնկայս ծափողջույններով դիմավորեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:

Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգով, ապա բացման խոսքով հանդես «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և «ռեժիմի զոհերի» հիշատակը: «Եկել է մի պահ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ՝ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուներից մեկը, սակայն մինչ այդ հանգրվանը հասնելը բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը անցել է դաժան պայքարի երկար ճանապարհ և ունեցել բազմաթիվ զոհեր՝ ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասի գործերը բացահայտված չեն»,- աաաց Սեֆիլյանը:

Համագումարի պատվիրակները համագումարը վարելու համար նախագահության անդամներ առաջարկեցին Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին, սակայն Ավետիսյանն արձագանքեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ անձնագրի հետ կապված դեռևս խնդիրներ ունի, և վերջինիս թեկնածությունը չի կարող լինել:

Հնչեց առաջարկ նախագահության անդամի պաշտոնում առաջադրել Գարեգին Չուգասզյանին. և’ Վարուժան Ավետիսյանի, և’ Գարեգին Չուգասզյանի թեկնածությունները միաձայն ընդունվեցին: