ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առողջապահության նախարարը խոսել է ոչ վարակիչ հիվանդությունների և անելիքների մասին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ հայաստանյան վիճակագրությունն ու անելիքները:
Նախարարի ելույթն ամբողջությամբ` ստորեւ:
«Հարգարժան նախագահ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն այստեղ` շրջապատված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի առաջնորդներով և առաջամարտիկներով:
Նախ թույլ տվեք ընդգծել, որ առողջապահական բոլոր ծրագրերը Հայաստանում իրականացվում են ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարության շրջանակներում: Մենք նաև հաշվի ենք առնում «Առողջապահություն 2020»-ի և կայուն զարգացման նպատակները` մեծապես կարևորելով դրանք մեր ազգային ռազմավարական զարգացման առումով:
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը ՀՀ կառավարության առողջապահական օրակարգում գերակայություն են: Մեր խնդիրներն ու նպատակներն են, մասնավորապես,
Այժմ` թվերով: Ինչպես առավել զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են: Ես հատկապես ուզում եմ ընդգծել սրտանոթային հիվանդությունները (56%), քաղցկեղը (21%) և դիաբետը (3%): Մենք լիովին կիսում ենք ԱՀԿ-ի տեսլականն այն առումով, որ կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկն է:
Ցավոք, Հայաստանում ծխողների մեծ թիվ ունենք (մեծահասակների մոտ 52%-ն ամենօրյա ծխող է): Մենք ներկայում աշխատում ենք ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի վրա և վճռական ենք հաղթել ծխելու դեմ պայքարում և պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը:
Առողջ ապրելակերպի թեմայով պետք է նշեմ նաև, որ մենք լավ դիրքերում չենք գտնվում հավելյալ քաշ ունեցող բնակչության (48%), ալկոհոլի չարաշահման (6%) և ոչ բավարար ֆիզիկական ակտիվության (21%) տարածվածության առումով: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ առավել հաճախ են ենթարկվում բարձր ռիսկի` պայմանավորված ծխախոտի և ալկոհոլի կիրառման ռիսկային վարքագծով, մինչդեռ կանայք ֆիզիկապես պակաս ակտիվ են և հաճախ ունեն հավելյալ քաշ:
Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը որդեգրել է առողջության կերտման և պահպանման, ինչպես նաև առաջնային բուժօգնության հզորացման ուղին: Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման կանխարգելումը մեր նախանշած նպատակն է` փոխանակ ծախսելու սահմանափակ ռեսուրսներն արդեն ուշացած ու թանկ արժեցող բուժման կամ մեր սխալների շտկման վրա:
Համոզված եմ, որ ոչ վարակիչ հիվանդությունները կարող են կանխվել, եթե մենք գլոբալ մակարդակով համատեղենք մեր ջանքերը` պայքարելու ռիսկի բոլոր գործոնների դեմ` ծխախոտ, անառողջ սննդակարգ, ֆիզիկական թերակտիվություն և այլն:
Տիկնայք և պարոնայք,
Անենք մեր վճռական համատեղ քայլը` միտված մեր առողջ ապագային:
Շնորհակալություն ձեր ուշադրության համար»: