Արթուր Վանեցյան. «Որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների կազմի ընտրությանը»

15:37, 22 սեպտեմբերի, 2018

ՀՖՖ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի ավարտից հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ իր համար անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: ՀՖՖ նախագահը, սակայն, հայտնեց, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածությունը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ տարբերակներ կան թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:

Ֆեդերացիայի նորընտիր նախագահը շեշտեց նաև, որ որևէ կերպ չի միջամտելու ազգային հավաքականի կազմի ընտրությանը, և միայն գլխավոր մարզիչն ու մարզչական շտաբն են որոշելու, թե ով է խաղալու հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով ֆեդերացիայի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները: ՀՖՖ նորընտիր նախագահը կարևորեց ֆուտբոլի մասսայականացումը հատկապես մարզերում.

«Ֆուտբոլը իր բոլոր մակարդակներում, առաջին հերթին սիրողական, պետք է վերջապես դուրս գա Երևանից և գնա դեպի մարզեր: Այդ դուրս գալը չպետք է կրի դեկլարատիվ բնույթ, դա պետք է լինի իրական, ամենօրյա աշխատանք՝ ենթակառուցվածքների բարելավման և պայմանների ստեղծման ուղղությամբ, և այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից, այսինքն՝ սիրողական և մասսայական ֆուտբոլից»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նախագահը շեշտեց, որ շատ կարևոր է ֆուտբոլ խաղալու անվճար հնարավարություն ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում և բոլոր ցանկացողների համար, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ դա բարդ և ֆինանսական լուրջ ծախսերի հետ կապված խնդիր է:

«Այնուամենայնիվ մենք քայլ առ քայլ շարժվելու ենք դեպի այդ նպատակը: Յուրաքանչյուր համայնք մեր երկրում գոնե մեկ խաղադաշտ պետք է ունենա: Մեր առաջնահերթ խնդիրն է հնարավորություն տալ մեծ թվով մարդկանց զբաղվել սիրողական ֆուտբոլով, դա դարձնել ժամանց և առողջ ապրելակերպի հիմք, իսկ արդեն հետագայում ճիշտ մեթոդաբանության կիրառմամբ, ֆուտոլային դպրոցների աճի պարագայում՝ ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորեն կբերի որակի»,- նշեց ՀՖՖ նորընտիր նախագահը:

Խոսելով Հայաստանում ակումբային ֆուտբոլին առնչվող հարցերի մասին Արթուր Վանեցյանը հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել կոմիտե, որում ներառված կիլնեն բոլոր ակումբների նախագահները, ՀՖՖ նախագահը, երկու փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարը:

«Նախնական փուլում կոմիտեն կհավաքվի ամիսը մեկ անգամ և կքննարկի ակումբային ֆուտբոլի ամենահրատապ հարցերը: Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը, մեր հերթին ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար, իսկ ակումբներից պահանջելու ենք մեկ բան՝ հետևել արդար ֆուտբոլի կանոններին և չխախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը»,- ասաց Վանեցյանը:

Հաջորդիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը անդրադարձավ ազգային հավաքականներին, որն ըստ իր բնորոշման՝ ցավոտ թեմա է: Արթուր Վանեցյանն ասաց, որ շատ դժվար է լինելու փոխել տարիների շարունակ ձևավորված այն կարծրատիպը, համաձայն որի՝ ՀՖՖ աշխատանքը գնահատվել է բացառապես ազգային հավաքականի և ակումբների ցուցադրած արդյունքներով:

«Իհարկե, հատկապես ազգային հավաքակաների արդյունքները չափազանց կարևոր են մեզ համար, բայց պետք է հասկանալ և ընդունել, որ մեր հավաքականը ֆուտբոլային այսբերգի գագաթն է, իսկ հիմքը՝ մանկապատանեկան ֆուտբոլը, և գագաթի հաջողության հիմնական պայմանը ամուր հիմքն է»,- ընդգծեց ՀՖՖ նախագահը:

Ըստ Արթուր Վանեցյանի՝ պետք չէ ամեն անգամ միլիոններ ծախսել մարզչական անձնակազմ բերելու նպատակով, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին և թե՛ ֆուտբոլիստներին:

«Մեր նպատակն է լինելու մարզչական կրթության լուրջ փորձագետի հրավիրել և ստեղծել բարձրակարգ տեխնիկական տնօրինություն, որը ֆուտբոլիստների կրթության պրոֆեսիոնալ ֆուտբոլի համակարգի ձևավորման երկարաժամկետ ծրագիր կմշակի: Մենք  ֆուտբոլիստների համար անելու ենք առավելագույնը, որպեսզի նրանք իրենց որակները ի ցույց դնեն միջազգային ասպարեզում, բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ առաջնահերթությունը համակարգ ստեղծելն է»,- նշեց Արթուր Վանեցյանը: