«Իրենց դուռն է, ուզում են` խփում են»,- ասաց վարչապետը ցուցարարների` կառավարության շենք մտնելու փորձի մասին

14:37, 20 սեպտեմբերի, 2018

Կառավարության նիստին զուգահեռ հարյուրավոր քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նիստից հետո քաղաքացիները փորձում էին մուտք գործել կառավարության շենք՝ հարվածելով շենքի ապակիներին, սակայն նիստի ավարտից հետո ցուցարարների մոտ իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարները վարչապետին դիմավորեցին ծափողջույններով ու «Նիկոլ», «Նիկոլ» վանկարկումներով։

Ցուցարարների մի մասը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն էին, նրանց խոսքով՝ եկել էին ակցիա իրականացնելու՝ պահանջելով իրենց համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարումը։ Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանն էր, որը 1991 թվականից զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, սակայն մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը բողոքարկում է դատական կարգով։ Եղեգնուտցիները դժգոհեցին, որ Արմավիրի մարզպետը ԲՀԿ-ական է, և համայնքների ղեկավարներին էլ է ԲՀԿ-ական նշանակում։

Վարչապետը զանգահարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարը տեղեկացրեց, որ համայնքի բնակիչների մի մասն էլ իրենց նախարարության մոտ է ակցիա իրականացնում, և այժմ ինքը զրուցում է բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացավ, որ գործը այժմ դատական կարգով վիճարկվում է և խոստացավ, որ ամեն ինչ օրենքի շրջանակում կլուծվի։

Ուշագրավն այն է, որ համայնքի ղեկավարը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ստորագրել հենց նույն համայնքի բնակիչների ակցիաների հետևանքով, այսօր սակայն բնակիչները պնդում են, որ պահանջում են իրենց նախկին համայնքի ղեկավարին, այլ ոչ թե ԲՀԿ-ականի։

Վարչապետի հետ զրուցելուց հետո ցուցարարները սկսեցին լուսանկարվել նրա հետ։

Կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արծվաշեն համայնքի բնակիչները։ Վերջիններս փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանները վերանորոգելու համար։ Վարչապետը նրանց հինգ հոգանոց աշխատանքային խմբին կընդունի հոկտեմբերի 2-ին։

Տարբեր քաղաքացիներ ևս իրենց խնդիրներով դիմեցին վարչապետին, խնդրեցին մի քանի սելֆիներ և կրկին «Նիկոլ», «Նիկոլ» վանկարկումներով վարչապետին ճանապարհեցին կառավարության շենք։ Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ քաղաքացիները փորձում էին բռնությամբ ներս մտնել, խփում էին դռներն և պատուհանները, վարչապետն արձագանքեց․ «Իրենց դուռն է, ուզում են` խփում են»։