Սնկի արտադրությունից գարշահոտություն է տարածվում Բյուրեղավանում․ բնակիչները փակել են ճանապարհը

15:00, 14 սեպտեմբերի, 2018

Ամեն օր՝ երեկոյան, Բյուրեղավան համայնքի բնակիչները փակում են տան պատուհանները՝ օդի մեջ տարածվող գարշահոտությունից փոքր-ինչ խուսափելու նպատակով։ Հոտն առաջանում է համայնքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործարանից, որտեղ արտադրում են կոմպոստ, որի համար հումք են հանդիսանում ծղոտը, թռչնաղբը, գիպսը, տորֆը և այլ նյութեր:

Այսօր համայնքի բնակիչներից մի քանիսը, չդիմանալով երեկ գործարանի կողմից արձակված արտանետման գարշահոտությանը, փակել են «Առողջ սունկ» ընկերություն տանող ճանապարհը՝ նպատակ ունենալով դադարեցնել գործարանի աշխատանքը, հետևապես նաև հոտը։

Վահան Հովսեփյանը, ով կնոջ և 3 երեխաների հետ բնակվում է Բյուրեղավան համայնքում, արդեն 4 տարի է՝ պայքարում է, որ ընկերությունն իր գործարանը բնակելի վայրից տեղափոխի այլ վայր։ Դիմել է թե՛ գործադիր, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններին։ 2016թ-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է գնահատեր գործարանի արտանետումների վնասակարությունը։ Վահան Հովսեփյանն ընդգրկված է եղել հանձնաժողովի աշխատանքներին և ասում է, որ հանձնաժողովի եզրակացությամբ գործարանն աշխատել է օրենսդրական նորմերի կոպիտ խախտմամբ, և որոշվել է, որ այն տեղափոխվի մեկ այլ վայր։ 2014թ-ին Բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացրել «Առողջ սունկ» ընկերությունում և եկել է այն եզրահանգման, որ ընկերությունը խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: 2015թ. հուլիսի 30-ին նախարարությունը որոշում է ընդունել «Առողջ սունկ»  ՍՊԸ Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին: Մասնաճյուղի գործունեությունը, սակայն, անհայտ պատճառով չի դադարեցվել։

Երեկ գիշերը, գարշահոտության տարածվելուց հետո, Վահանը զանգահարել է արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նշելով, որ վնասակար նյութեր են արտանետվում և աղտոտում համայնքի օդը։ Նախարարությունից նրան պատասխանել են, թե 2016թ-ին ստեղծված հանձնաժողովի եզրակացությամբ գործարանը վտանգավոր նյութեր չի արտանետում։ Վահան Հովսեփյանը վստահ է, որ նման եզրակացության տակ ինքը՝ որպես հանձնաժողովի անդամ, չի ստորագրել։

Եզրակացության բովանդակության կեղծումը ստիպել է Վահանին կնոջ և մի քանի համագյուղացիների հետ փակել ճանապարհը։ Առավոտից բնակիչները թույլ չեն տվել ծղոտ տեղափոխող մի քանի բեռնատարների մտնել գործարանի տարածք։ Տեղում աշխատող ոստիկանները չեն խոչընդոտել բնակիչների գործողությունները, իսկ ծղոտ տեղափոխող բեռնատարների վարորդներին ասել են, որ վերջիններիս մեքենայի ծանրաբեռնվածությունն ու եզրաչափերը չեն համապատասխանում Ճանապարհային ոստիկանության կանոններին։

Այս պահին բոլոր բեռնատարները լքել են տարածքը, իսկ բնակիչները շարունակում են հսկել դեպի գործարան տանող ճանապարհը։

Ո՞ւմ է պատկանում «Առողջ սունկ» ընկերությունը

«Առողջ սունկ» ընկերության հիմնադիրը Վալերի Ազոյանն է, ով նախկինում աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում՝ որպես պարենային անվտանգության բաժնի պետ։ Ազոյանը նաև եղել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցների խորհրդատու։ Վերջինս, սակայն, իր խորհուրդները չի կիրառել սեփական ընկերության կառավարման գործում։  Ընկերության համահիմնադիրներից է նրա որդին՝ Արեգ Ազոյանը, ում մասնակցությունն այս պահին դադարեցված է։ Արեգ Ազոյանը անշարժ գույքի առքուվաճառքի և գույքահարկի բռնագանձման գործերով պատասխանող է դատարանում։