33 միլիոն 292 հազար դրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման համար

11:49, 14 սեպտեմբերի, 2018

Կառավարության այսօրվա նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը Ֆրանսիայում է։ Նիստում որոշվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 33 միլիոն 292 հազար դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ գումարն անհրաժեշտ է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար, գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ:

Հիշեցնենք, որ հիմնադրամի ղեկավարը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էր, հոգաբարձուների խորհրդի անդամներից էր ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և գործարարների հետ հանդիպմանը վիճաբանություն էր եղել Ռուբեն Վարդանյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Վարդանյանը հետաքրքրվել էր հիմնադրամի լուծարման պատճառների մասին, ինչին ի պատասխան` վարչապետն ասել էր, որ հիմնադրամն իր առջև դրված խնդիրը չի լուծել։