ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման թեմայով խորհրդարանը հրավիրում է արտահերթ նիստ

10:49, 13 սեպտեմբերի, 2018

Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ նիստին հայտարարեց՝ պատգամավորների առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն արտահերթ նիստ հրավիրելու և քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով:

«Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ինձ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու, հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է արտահերթ նիստ»,- ասաց Արա Բաբլոյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը որոշվում է ԱԺ որոշմամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ նրանք անդրադառնում էին Մարտի մեկի գործին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառմանը:

Գաղտնալսման հրապարակումից հետո նախ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքյան եթերով պարզաբանումներ ներկայացրեց, ապա Սասուն Խաչատրյանն ու Արթուր Վանեցյանը համատեղ հրավիրված մամուլի ասուլիսին հաստատեցին, որ խոսակցությունն իրական է, իսկ Սասուն Խաչատրյանը Մարտի մեկի դեպքերի առնչությամբ նոր մանրամասներ հաղորդեց: Գաղտնալսման փաստի առթիվ գլխավոր դատախազությունը երկու քրեական գործ է հարուցել: