Հայկ Կյուրեղյանի մայր. «Լավ եմ, բայց վաղն ավելի լավ կլինեմ»

22:47, 4 հունիսի, 2018

Հայկ Կյուրեղյանն այս պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից այսօր են տեղափոխել: Վաղվանից Հայկ Կյուրեղյանին տրամադրվելու է քրեակատարողական օրենսգրքով նախատեսված մեկամսյա արձակուրդ: Այս մասին մեզ տեղեկացրեց նրա մայրը՝ Նվարդ Բիլյանը: «Իսկ դրանից հետո հավանական է բաց ռեժիմում լինի»,- մեզ հետ զրույցում հայտնեց տիկին Նվարդը:

«Ինչպե՞ս եք» հարցին` Հայկ Կյուրեղյանի մայրը պատասխանեց. «Լավ եմ, բայց վաղն ավելի լավ կլինեմ: Մինչև վաղը ազատության մեջ չտեսնեմ Հայկին, չգրկեմ, չեմ հավատա, որ իրականություն է»:

Տիկին Նվարդը նշեց, որ մի քանի ժամ է` հեռախոսազանգերի է պատասխանում, մարդիկ շնորհավորում են. «5 րոպե ժամանակ չի եղել, որ գրեմ Ֆեյսբուքում՝ սիրելի մարդիկ, վաղը կշնորհավորեք, Հայկը դեռ տանը չէ»:

Վերջին անգամ մայր ու որդի տեսակցել են ուրբաթ օրը: Տիկին Նվարդը ամսական երկու անգամ տեսակցության իրավունք ունի: Վերջին երկու տարիներին ՔԿՀ-ներում նա տեսակցում էր երեք որդիներին՝ Հայկին «Արմավիրում», իսկ Արեգին ու Սերգեյին՝ «Նուբարաշենում»: Արեգ և Սերգեյ Կյուրեղյան եղբայրներն էլ մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման գործով: «Հաստատապես Աստված է ուժ տալիս ու արդարության գիտակցումը: Բայց երբ ուրիշի վրա եմ պատկերացնում երեք որդիների բանտարկությունը, իսկապես սարսափելի է»,- ասում է Կյուրեղյան եղբայրների մայրը:

Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի միանգամից 2 հոդվածներով՝ 316 և 258 հոդվածներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): 2015 թ-ին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Դեպքը տեղի էր ունեցել 2014-ի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել էր որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ: Գրեթե ողջ դատական պրոցեսի ընթացքում ամբաստանյալը զրկված է եղել նիստերին ներկա լինելու իրավունքից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ (Կյուրեղյանը ոտքի չէր կանգնում նիստերի ժամանակ, ոտքի չէր կանգնել նաև դատավճռի օրը): «Ունենք գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան, ոչ թե Հայաստանի Հանրապետության դատարան»,- ասել էր Կյուրեղյանը: Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ Հայկ Կյուրեղյանին ճանաչել են որպես քաղաքական բանտարկյալ: