Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հայտնի են Վերաքննիչ դատարանի դատավորները

18:38, 11 մայիսի, 2018

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով հայտնի է Վերաքննիչ դատարանի կազմը: Ռուզաննա Բարսեղյանը կնախագահի նիստը, մյուս դատավորներն են՝ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում են datalex դատական տեղեկատվական համակարգից: Վերաքննիչ դատարանից պահանջը մեկն է՝ արդարացման դատավճիռ: Նիստի օրը դեռ նշանակված չէ:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝  5 տարի 5 ամիս, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝  3-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուս 6 ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման, ներկայացված որևէ մեղադրանք չի ապացուցվել դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում:

Մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ հայտարարել են, որ Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին ճանաչում են որպես քաղբանտարկյալներ: