Բողոք՝ Սերժ Սարգսյանի համակուրսեցի դպրոցի տնօրենի հրաժարականի պահանջով

15:53, 4 մայիսի, 2018

Դանիել Իոաննիսյան. «11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը թող գնա մոմ վառի, որ աշխատանքից հեռացումով վերջանա այս պատմությունը» 

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի անունը պարբերաբար հայտնվել է լրատվամիջոցներում: Նա հայտնի է որպես հանրապետության նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցի: Մամուլը մի քանի անգամ անդրադարձել է դրամահավաքության դեպքերին, ուսուցիչների ազատումներին, ուսուցիչների ու ծնողների բողոքներին:

Ծնողներն այսօր հավաք էին հրավիրել դպրոցում՝ դարձյալ բարձրաձայնելով նույն խնդիրների մասին՝ պահանջելով տնօրեն Ռուզաննա Ազիզյանի պաշտոնանկությունը: Ուսուցիչների վկայությամբ, մոտ 100 ուսուցիչ ստորագրել է տնօրենի հրաժարականի համար:


Լազար Կարախանովը

Համբերության բաժակն, ըստ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լազար Կարախանովի, լցվել է թավշյա հեղափոխության օրերին դասադուլի ու գործադուլի ժամանակ, երբ ուսուցիչներն ու աշակերտները ցանկացել են միանալ դասադուլին ու գործադուլին, սակայն դպրոցի դուռը փակվել է: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը պատմեց, որ պարզապես հեռացրել է դպրոցի դիմաց դրված փայտերը՝ բացելով ուսուցիչների ու աշակերտների ճանապարհը: Նրա խոսքով՝ մեթոդական միավորման կողմից նրա հեռացման համար ուսուցիչների ստորագրահավաք է կազմակերպվել, սակայն որևէ մեկը չի ստորագրել հեռացման պահանջի տակ:

Դպրոցում այսօր Ռուզաննա Ազիզյանը փորձում էր հակադարձել բոլոր մեղադրանքներին: Նա հերքեց Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լազար Կարախանովին հեռացնելու մասին ստորագրահավաքի լուրը, նաև ասաց, որ ընդամենը անհանգստացել է երեխաների՝ դասադուլի դուրս գալու համար:

Մենք մեջբերեցինք «Երեխաների իրավունքների մասին» միջազգային կոնվենցիան, որը մեր պետությունը դեռև 1993-ին է վավերացրել: Կոնվենցիան երաշխավորում է երեխաների հավաքների ազատությունը: Այս մասին լսելով՝ Ռուզաննա Ազիզյանը ասաց՝ երևի նոր բաներ են փոխվել:

Երաժշտության ուսուցչուհի Լուսինե Մարգարյանը ևս պնդեց, որ ճնշումներ են եղել իր քաղաքական հայացքների համար:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն, ով նույնպես դպրոցում էր, ասաց, որ տարիներ առաջ ստուգումներ է իրականացրել դպրոցում ահազանգի հետքերով: Պարզվել է 2014-ին պարգևավճարները կազմել են 5 մլն դրամ, հավելավճար ստացածներից 6-ի անունն ընդհանրապես չի եղել աշխատավարձ ստացողների ցուցակում: Սակայն 2015-ին ստուգումների ժամանակ ուսուցիչները չեն հերքել, որ ստացել են պարգևավճարներ: Իսկ այսօր դպրոցի գրադարանավար Ռուզաննա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ 5 տարի աշխատել է դպրոցում, և թեև տարեկան 1-2 անգամ 30-70 հազար դրամով ստացել է հավելավճար, սակայն հրահանգված է եղել բանկոմատից ստանալ ու վերադարձնել հետ: Թե ում միջոցով՝ նա չասաց:

«Վախի մթնոլորտը, աշխատանքը կորցնելու վտանգը մարդկանց ստիպում է լռել, համակերպվել: Դեռ այսօր էլ կա վախ ուսուցիչների, նաև ծնողների մեջ բարձրաձայնելու բոլոր խնդիրների մասին, սակայն մասնավոր զրույցներում նրանք պնդում են, որ դրամահավաք է եղել, տոմսերի վաճառք և այլն»,- ասաց Անահիտ Բախշյանը:

«11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը թող գնա մոմ վառի, որ աշխատանքից հեռացումով վերջանա այս պատմությունը»,- այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այս դպրոցում փոխվել էր մի բան՝ Սերժ Սարգսյանի լուսանկարի փոխարեն նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարն էր:

Հիշեցնենք, որ այս դպրոցում 2014-ին բացվել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան դասարան:

Գլխավոր լուսանկարում՝ Ռուզաննա Ազիզյանը