«Հանք ես ուզում բացե՞լ, թե՞ տուրիստ ես բերում Շիշկերտ»

16:04, 7 ապրիլի, 2018

Աշոտ Գրիգորյանը Սյունիքի մարզի Շիշկերտ բնակավայրից է, որը նախկինում Ծավ գյուղական համայնքի կազմում էր, իսկ այսօր՝ Կապան քաղաքի: Աշոտը մեղվաբույծ է: Ամռանը փեթակները տանում է հենց այն տեղամասի հարևանությամբ, որտեղ «Չուդո մետալ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ոսկի որոնել:

«Հեսա կծակեն, գործ կանեն, քամին փոշի կբերի, մեղուներն էլ չեն կարողանա աշխատել»,- ասում է շիշկերտցի մեղվաբույծը:

Երեկ նա և Շիշկերտի ու Ծավի մի քանի բնակիչներ մասնակցում էին Կապանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային երկրորդ լսմանը, որը վերաբերում էր «Չուդո մետալ» ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնդահատմանը: Ինչպես արդեն հայտնել ենք, ընկերությունը ծրագրում է 2018-2021 թթ. Ծավի Արջիձոր տեղամասում ոսկի և բազմամետաղային հանածոներ որոնել:

Ընկերության բնապահպանական մասնագետ Վռամ Թևոսյանը քննարկման ժամանակ նշեց, որ որոնողական աշխատանքներն իրականացնելու են երկու տեղամասերում՝  90 և 202 հա տարածքներում: Առաջին տեղամասը  գտնվում է Շիշկերտ և նախկին Կալեր բնակավայրերի միջեւ ու Շիշկերտից մոտ 1,8 կմ հեռավորության վրա է, երկրորդը բնակավայրից հեռու է մոտ 3 կմ:

Վ. Թևոսյանի ձևակերպմամբ՝ որոնողական աշխատանքների փուլի նպատակը  տեղեկատվություն ստանալն է գոյություն ունեցող պաշարների մասին, ինչից հետո էլ պարզ կլինի, թե արդյոք նպատակահարմար է հանքարդյունահանում կազմակերպել տվյալ տարածքում:

«Չուդո մետալը» ներկայացնող մասնագետն ասում է, թե, որպես կանոն, նման որոնողական աշխատանքները մեծամասամբ ավարտվում են տեղեկատվություններ հավաքելով՝ առանց հետագա շարունակության: Ասում է, որ, համաձայն վիճակագրության, հնարավոր է 5-10 հետազոտական աշխատանքներից միայն մեկն ունենա շարունակություն, այսինքն՝ շահագործվի որպես հանք:

Հետազոտությունների առաջին փուլում որոնողական աշխատանքներ են կատարվում, երթուղիներ են մշակվում, որոշ ապարների մասերի արտաքին նմուշառումներ են արվում, ստացված արդյունքների հետազոտություն է կատարվում: Դրանից հետո սկսվում է երկրորդ փուլը, երբ արդեն փորվածքներ են արվում, ինչն էլ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա:

Վռամ Թևոսյանն ասում է, որ այդպիսի ազդեցությունները հիմնականում երեքն են՝ հողածածկի որոշ հատվածների վնասում, աղմուկ շինարարական տեխնիկայի աշխատանքի ընթացքում, արտանետումներ շինտեխնիկայի համար օգտագործվող դիզվառելիքից:

Վերոնշյալ երկու տեղամասերը, ըստ ընկերության մասնագետի, անտառային ծածկույթից հեռու են, և աշխատանքների ընթացքում ծառահատում չի կատարվելու:

Հանրային լսումների երկրորդ փուլն ընդամենը 45 րոպե տևեց: Դահլիճում, բացի «Չուդո մետալի» ներկայացուցիչներից ու բնապահապանության նախարարության աշխատակցից, ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատողներն ու Ծավի ու Շիշկերտի մի քանի բնակիչ: Քննարկումը տեղական լրատվամիջոցների ու հանրային սեկտորի ուշադրությունից դուրս էր մնացել:

Ծավի վարչական ներկայացուցիչ Սեյրան Զաքարյանը կարծիք հայտնեց, որ որոնողական-հետախուզական աշխատանքները, այսպես թե այնպես, վատ ազդեցություն են ունենալու միջավայրի վրա,  քանի որ հորեր և հորատանցքեր փորելու դեպքում ինչ-որ չափով աղտոտվելու է նաև գետի ջուրը, իսկ այդ տեղամասերից ներքև ընկած հատվածներում բնակիչները վարելահողեր ունեն, գետի ջրով են ոռոգում նաև տնամերձերը, անցյալ տարի էլ «Հետքին» Զաքարյանը հայտնել էր, որ գետի ջուրը Ծավում օգտագործում են նաև խմելու նպատակով, ընդ որում՝ առանց ֆիլտրելու: Այս մասին նա նշեց նաև քննարկմանը:

«Եթե հորատանցքեր են փորվելու, եթե այդքան աշխատանքներ կատարվեն, հողի շերտ է խախտվելու, անձրևաջրերը տանելու են լցնեն գետը»,- քննարկմանը նշեց Ս. Զաքարյանը: Վ. Թևոսյանն էլ պատասխանեց, թե դա ընդգրկվել է իրենց բնապահպանական միջոցառումների ցանկում. ջրերը չեն հեռացվելու դեպի գետ: Սակայն Ծավի ներկայացուցիչը պնդեց, որ գետը պղտորելու դեպքեր նախկինում եղել են, և մտահոգությունը հենց դրանով է պայմանավորված:

«Հետքի» հարցին, թե մեկ տարի առաջ «Չուդո մետալի» սեփականատեր Արա Դավթյանին պատկանող մեկ այլ՝ «Հրաշք մետաղ» ընկերությունը (նոր ընկերությունը, փաստորեն, հնի անվանափոխված «տարբերակն» է) նույնպես ոսկու որոնողահետախուզական աշխատանքներ է կատարել Ծավի Բոմբու ձոր տեղանքում, այդ  աշխատանքներն ի՞նչ արդյունք են ունեցել, Վռամ Թևոսյանը պատասխանեց, որ ինքը մեկ ամիս առաջ է պայմանագիր կնքել ՍՊԸ-ի հետ և տեղյակ չէ նախորդ աշխատանքներից: Սակայն համաձայնեց մեր դիտարկմանը, որ դրանք կարող են ինչ-որ ինֆորմացիա տալ ներկա աշխատանքների համար՝ ավելացնելով, որ կհետաքրքրվի անցյալ տարի ստացած արդյունքներով:

Հիշեցրինք նաև, որ, ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների, թե՛ «Հրաշք մետաղ», թե՛ «Չուդո մետալ» ընկերությունների գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, այնինչ երկրորդ ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2016-ին, այժմ փորձում է մետաղներ որոնելու իրավունք ստանալ: «Չուդո մետալի» խորհրդատու Արամայիս Ավագյանն ի պատասխան նշեց, թե նախնական գնահատման հայտը ներկայացնելուց առաջ պայմանագիր պիտի կքնվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, որի ժամանակ ներկայացնում են ընկերության վկայականը, ներդիրը, տեղեկանք հարկերի մասին: Ըստ Ավագյանի՝ այս ամենը ՍՊԸ-ն բավարարել է:  

Հանրային լսումների երկրորդ փուլից հետո ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը տալու է եզրակացություն, որն, ըստ ամենայնի, այս դեպքում դրական կլինի:

Շիշկերտցի Ալբերտ Գրիգորյանը, ով ներկա էր հանրային լսմանը, «Հետքի» հետ զրույցում հիշեց, որ 1960-70-ական թթ., երբ ինքը դեռ երեխա էր, Շիշկերտում էլի նմուշառումներ էին կատարել: «Ես դեմ եմ, որ հանք բացեն Շիշկերտում: Կապանի ամենամաքուր գյուղն է Շիշկերտը՝ օդով, ջրով, ամեն ինչով: Պետությունն ասում է, որ գիտությամբ ու տուրիզմով պիտի զարգանա, տուրիստներին Շիշկերտ են ուղարկում, հիմա հակասում է դա՝ հանք ես ուզում բացե՞լ, թե՞ տուրիստ ես բերում Շիշկերտ: Մի՛ փչացրեք մեր բնությունը, ինչի՞ եք փչացնում»,- հարց է բարձրաձայնում Ա. Գրիգորյանը:

Վերջինիս համագյուղացի Աշոտ Գրիգորյանն էլ բնությանը հասցված վնասի օրինակ է բերում Ծավ գետի վրա կառուցված հէկը. «Մեզ մոտ հէկ կառուցեցին, գետը տրուբով տարան: Որ առաջ ղոնաղ էր գալիս, մտնում էիր գետը, հենց ձեռքով մի քանի ձուկ բռնում, ղոնաղին հյուրասիրում: Հիմա ջուրը տրուբով տարան, էլ ձուկ որտեղի՞ց բռնեմ: Էս նույնն էլ հանքի դեպքում է՝ անձնական շահերի համար է, ուրիշ նպատակ չի հետապնդում»:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի