Հայաստանը բանտերում մահացության ցուցանիշով տարիներ շարունակ «առաջատարն» է եղել Եվրոպայում

18:58, 24 մարտի, 2018

Ստրասբուրգում ԵԽ անդամ պետությունների բանտային «բնակչության» մասին տարեկան ուսումնասիրությունները մտահոգիչ թվեր են պարունակում հայաստանյան բանտերում քաղաքացիների մահացության դեպքերի մասին:

2010 թ.-ից սկսած՝ գրեթե ամեն տարի, Հայաստանում արձանագրվել է ազատազրկվածների մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրախորհրդի անդամ երկրներում: Այն մոտ երկու անգամ գրանցված միջինից ավելի է (ուսումնասիրությունը՝ այստեղ):

Վերջին ուսումնասիրությունը ևս բացառություն չէ: Մարտի 20-ին Ստրասբուրգում հրապարակվել է Եվրոպայի 47 պետությունների բանտային համակարգի մասին հերթական ուսումնասիրությունը: Լոզանի համալսարանի հետազոտողները տվյալները ստացել են ԵԽ անդամ պետությունների համապատասխան պետական կառույցներից: Ցուցանիշները ներկայացված են 2016 թ.-ի սեպտեմբերի դրությամբ, մահացության դեպքերը՝ 2015-ի հաշվարկով:

Ըստ այդմ, 2015-ին Հայաստանը դարձյալ ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշով «առաջատարն» է եղել: Այսպես՝ 2015-ին Հայաստանի 12 ՔԿՀ-ներում մահացել է 28 քաղաքացի (հղումով նայել 115 էջը): Ըստ ուսումնասիրության, այսինքն՝ յուրաքանչյուր 10.000 բանտարկյալներից 72-ը մահացել է բանտում: Հայաստանյան բանտերում 2014-ին 38 մահացություն է գրանցվել (հղումով նայել 114 էջը), 10.000 ազատազրկվածի հարաբերակցությամբ 95-ն է մահացել բանտում:

Բանտային մահացության բարձր ցուցանիշներ են գրացվել նաև Մոլդովայում և Ադրբեջանում, իսկ Վրաստանում վերջին տարիներին այս առումով վիճակը բարելավվել է: 2015-ին գրանցվել է մահացության 12 դեպք. յուրաքանչյուր 10.000 բանտարկյալներից 11-ը մահացել է բանտում:

2017-ին բանտային մահացության ցուցանիշը նվազել է

Ըստ ԱՆ ՔԿՎ-ից՝ «Հետք»-ին տված տեղեկատվության՝ 12 ՔԿՀ-ներում 2016-ին գրանցվել է մահվան 24 դեպք, որից 14-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: 2017-ին մահվան ցուցանիշը իջել է, գրանցվել է մահվան 17 դեպք:

Մահացության բարձր ցուցանիշի պատճառները

Հայաստանյան բանտերում մահացության՝ Եվրոպայում մինչև 2015-ը գրանցված ամենաբարձր ցուցանիշը հետևանք է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններով անձանց պատժից ազատելու գործընթացի ոչ լիարժեք ու ոչ օպերատիվ գործունակության, ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման ոչ բավարար ծառայությունների մատուցման, ոչ բավարար սննդի ու պայմանների:   

Ազատազրկման վայրերում բժշկական սպասարկման ոչ բավարար ծառայության մասին մշտապես ահազանգում են թե՛ բանտարկյալները, թե՛ նրանց հարազատները, թե՛ տեղական ու միջազգային կառույցները, թե՛ ՄԻ պաշտպաններն՝ իրենց զեկույցներով, ինչպես նաև ԵԽ-ն ու ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն:

ՄԻՊ վերջին զեկույցում կարդում ենք. «Որոշ ՔԿՀ-ներում ատամնաբուժական ծառայություններ չեն մատուցվում: Դատապարտյալներն իրենց հաշվին հրավիրում են իրենց նախընտրած բժշկին... «Գորիս», «Սևան», «Արմավիր» ՔԿՀ-ներում ապահովված չէ հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման ընթացքը որոշվում է հոգեբույժի հետ հեռախոսով խորհրդակցելով, որպիսի պրակտիկան անընդունելի է: Բժշկական հաստիքները հաճախ ոչ բավարար են, շուրջօրյա բժշկական օգնության հարցը ևս բաց է»:

ՄԻ պաշտպանի գրասենյակը 2017-ին նաև արտահերթ զեկույց է հրապարակել, որը վերաբերում է հենց ազատությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությանը: 

Սնունդը, մեկ բանտարկյալի պահման համար ծախսվող գումարները ևս ուղիղ կապ ունեն նրանց առողջության հետ: Հայաստանում մեկ ազատազրկվածին պահելու համար պետությունը 2015-ին օրական ծախսել է 11 եվրո (ներառված են նաև աշխատակազմի, շենք-շինությունների պահման ծախսերը): Ադրբեջանում այդ գումարը կազմել է՝ 12 եվրո: Դատապարտյալների պահման նպատակով ամենաբարձր գումարները ծախսվում են Սան Մարինոյում՝ 707 եվրո, Շվեդիայում՝ 359 եվրո, Նորվեգիայում՝ 344 եվրո, Հոլանդիա՝ 250 եվրո: Ի դեպ, Սան Մարինոյում 2015-ին եղել է ընդամենը 4 դատապարտյալ:

Իրավիճակի ուղղման միտումներ

2015-2018 թթ.-ին ԵԽ ու ԵՄ շուրջ 900.000 եվրո արժողությամբ ծրագրով իրականացվում է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը: Նպատակն է բարելավել ինչպես օրենսդրական, այնպես էլ քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները, ամրապնդել բուժօգնության տրամադրումը` հզորացնելով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների կարողությունները: Արդարադատության նախարարությունը կազմել է գործողությունների ծրագիր:

Ընդհանուր վիճակագրություն

Հայաստանի 2 մլն 998 հազար բնակչության պարագայում 2015-ին կալանավորների ու դատապարտյալների թիվը եղել է 3907 անձ: Ասել է, թե՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 130 ազատազրկված, որը եվրոպական միջինից բարձր ցուցանիշ է: Սակայն 100.000 բնակչության հարաբերակցությամբ բանտարկյալների ամենամեծ թվաքանակն ունեն Մոլդովան, Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը:  

Բանտային բնակչության թվի վրա ազդող գործոններից են նաև օրենսդրական մեխանիզմները, համաներումները և ներումները: Հայաստանում 2015-ին նախագահը ներել է 9 դատապարտյալի, համաներում չի եղել: Ադրբեջանում՝ 2015-ի մայիսի 2-ի համաներումը տարածվել է 3545 անձի վրա, 335 անհատական ներումներ են գրանցվել: Իսկ Վրաստանում 2015-ին անհատական ներումներ են շնորհվել 490 դատապարտյալի:

2005-2015 թթ-ին Հայաստանի բանտային բնակչության ամենացածր թիվը գրանցվել է 2005 թ-ին` 2822, իսկ ամենաբարձրը 2006-ին՝ 5600 քաղաքացի: Մեր բանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են, 2015-ին 158 կին ազատազրկված ՔԿՀ-ում:

Ուսումնասիրության հեղինակները շեշտել են նաև հայաստանյան դատարաններում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան՝ նշելով, որ դա բերում է բանտերի գերբեռնվածության, ինչը բնորոշ է նախկին Խորհրդային միության տարածքի երկրներին ու Արևելյան Եվրոպայի պետություններին:

Հայաստանում առավել շատ դատապարտվում են 5 և ավելի տարվա ժամկետով ազատազրկման՝ շուրջ 40 տոկոս, իսկ մինչև 1 տարվա ազատազրկման՝ մեղադրյալների ընդամենը 2 տոկոսը:

Առավել շատ Հայաստանում դատապարտվում են՝ մեղադրվելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեջ՝ գողություն, կողոպուտ, խարդախություն, հափշտակում, յուրացում և այլն: