Եվրոպական դատարանը կոմունիկացրել է նախկին դատավոր Սամվել Մնացականյանի գործը

01:02, 22 հունվարի, 2018

Եվրոպական դատարանը դիմումից 6 տարի անց կոմունիկացրել է նախկին դատավոր Սամվել Մնացականյանի գանգատն՝ ընդդեմ Հայաստանի:  ՄԻԵԴ-ն արդեն հարցեր է ուղղել երկու կողմերին:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատավոր Սամվել Մնացականյանի ներկայացուցիչներից Արա Ղազարյանը նշեց, որ կոմունիկացիան եղել է 2017-ի դեկտեմբերի 18-ին, սակայն որոշումը հրապարակել է մի քանի օր առաջ: Ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանն արդեն ստացել են փաթեթը:

Հիշեցնենք, որ Սամվել Մնացականյանը աշխատել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, 2009-ին Նախագահի հրամանագրով նշանակվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Սակայն 2 տարի անց՝  2011 թ.-ի հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը քննարկել էր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշելով դիմել երկրի նախագահին Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Իսկ կարգապահական վարույթ հարուցելու հիմք էր հանդիսացել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գրությունը: Կարգապահական հանձնաժողովին դիմելու առիթն էլ հետևյալն էր. 2011թ. մայիսի 30-ին դատավոր Մնացականյանը բավարարել էր մեղադրյալ Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել էր գրավով: 2011-ի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով դադարեցվել են դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները: 

Արտահայտվելու ազատության իրավունք

Արա Ղազարյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է դիմումը բոլոր երեք հոդվածներով՝ արդար դատաքննության, արտահայտման ազատության և խտրականության հոդվածներով (այսինքն՝ Կոնվենցիայի 6-րդ, 10-րդ և 14-րդ հոդվածներով):

Ըստ Արա Ղազարյանի, խախտվել է Սամվել Մնացականյանի ոչ միայն արդար դատաքննության, այլև արտահայտվելու ազատության իրավունքը, բացի այդ նրա հանդեպ դրսևորվել է խտրական մոտեցում: «Դատավորի լիազորությունները դադարեցրել են զուտ իր որոշման համար, ինչը հիմնավորել ենք, որ արտահայտվելու ազատության իրավունքի խախտման է հանգեցրել»:  

Խտրականությունից զերծ մնալու իրավունք

Բացի այդ, դիմումի մեջ որպես հիմնավորում նշվել է, որ նրա հանդեպ դրսևորվել է խտրականություն: «Միգուցե նրա լիազորությունները դադարեցվել են զուտ նրա համար, որ նա Սամվել Մնացականյա՞նն է կամ զուտ նրա համար, որ դե՞մ է գնացել համակարգին»,- նշեց Արա Ղազարյանը՝ շեշտելով, որ համեմատական վերլուծություն է ներկայացրել Արտակ Զեյնալյանի հետ, թե այդ ժամանակահատվածում որքան դատավորների նկատմամբ են եղել կարգապահական վարույթներ, թե ինչպես են դրանք լուծվել՝ նկաատողությամբ կամ խսիտ նկատողությամբ: Ի դեպ, հիմքերը ֆորմալ առումով հաճախ նույնն են եղել՝ դատական ակտի բավարար չափով չպատճառաբանված լինելը: Սակայն Սամվել Մնացականյանի հանդեպ կիրառվել է ամենախիստ մեթոդը՝ լիազորությունների դադարեցում. «Սա արտառոց է, անհամաչափ, օբյեկտիվ հիմքեր չկան, ուրեմն խտրականություն է»,-ասում է Արա Ղազարյանը՝ նշելով՝ 2009-ից պնդում ենք, որ դատավորը միայն վարքագծի համար կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության և ոչ թե՝ իր կայացրած դատական ակտի համար: Սա, Արա Ղազարյանի կարծիքով, կաշկանդում է դատավորներին:

Արդար դատաքննության իրավունք

Նախկին դատավորի ներկայացուցիչ Արա Ղազարյանը նշեց, որ դեռևս 2004 թ-ից արծարծվող հարց է՝ արդյոք դատավորը, ում լիազորությունները դադարեցվում են Արդարադատության խորհրդի կողմից, պիտի ունենա իրավունք ընդհանուր իրավասության դատարանում վիճարկել ԱԽ որոշումը. «Մենք գտնում ենք, որ պիտի ունենա, հակառակ դեպքում դատավորը զրկվում է դատարանի իրավունքից»:

Արա Ղազարյանն ընդգծեց, որ դեռ նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի գործով, որը շահել է ՄԻԵԴ-ում, այս հարցը բարձրացվել է: Բանն այն է, որ նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը ևս հնարավորություն չի ունեցել ԱԽ որոշումը բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանում: «Իհարկե, այն ժամանակ առհասարակ հնարավորություն չկար: Քրեական դատավարության օրենսգրքի 160 հոոդվածն առհասարակ արգելում էր նախարարների, նախագահի հրամանագիրը բողոքարկել, հետո դա հակասահմանադրական ճանաչվեց: Մոտ մեկ տարի առաջ այդ գործը Վճռաբեկ դատարանը վերաբացել է, ուղարկել վարչական դատարան: Փաստորեն, Անահիտ Սաղաթելյանը 2004 թ-ից հետո նոր հնարավորություն է ստացել Վարչական դատարանում վիճարկել ԱԽ որոշումը»,- պարզաբանեց նախկին դատավորներ Անահիտ Սաղաթելյանի ու Սամվել Մնացականյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը: 

Փաստաբան Ղազարյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ԱԽ որոշումների դատական վիճարկման հարցը բազմիցս են բարձրացրել: Բայց ԱԽ-ին տվել են դատարանի հատկանիշներ: Ուստի Վարչական դատարանում Սամվել Մնացականյանի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողացել ըստ էության վիճարկել ԱԽ որոշումը: «Վարչական դատարանը պատճառաբանել է, որ ԱԽ որոշումը վարչական ակտ չէ, քանի որ ԱԽ-ն դատարան է, ոչ թե վարչական մարմին, նախագահի որոշումն էլ բովանդակային մաս չունի: Այդպիսով՝ մենք չկարողացանք բովանդակային վիճարկում ունենալ Վարչական դատարանում»,- նշեց Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը 2011-ին ուղեկցվել է ակցիաներով: Մասնավորապես՝ փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ ու ակցիա կազմակերպել Վճռաբեկ դատարանի դիմաց: Փաստաբանների հայտարարության մեջ նշվել է. «Իր կողմից կայացված նախադեպային որոշումներով ևս ՀՀ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առկա են ստորադաս դատարանների կողմից անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բազմաթիվ չպատճառաբանված որոշումներ: Նման պայմաններում, սակայն, չպատճառաբանված որոշում կայացրած որևէ դատավորի լիազորություններ դադարեցնելու միջնորդությամբ ՀՀ Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահին չի դիմել… Արդարադատության խորհրդի և դրա նախագահի նման գործելաոճը հանգեցնելու է մեղադրյալների նկատմամբ համատարած կերպով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի էլ ավելի ամրապնդմանը: Կայացված որոշումը նաև նախազգուշացում է ՀՀ բոլոր դատավորներին, թե ինչ է սպասվում իրենց, եթե նրանք փորձ կատարեն ղեկավարվել բացառապես օրենքով կամ փորձեն հավատալ սահմանադրական այն սկզբունքին, որ դատարանն անկախ է և ենթակա` միայն օրենքին»: