Բանտերի մասին լավն ու վատը. «Ուզում ես ամբողջ օրը պառկի, ուզում ես՝ լոբի աճեցրու»

19:49, 30 սեպտեմբերի, 2017

«Արժեքների հեղափոխության» գործով 4,6 տարվա ազատազրկման դատապարտված, 4 տարի անց՝ այս տարվա սեպտեմբերի 22-ին, դատարանով պայմանական ազատված Հայկ Հարությունյանի հետ զրուցել ենք բանտում անցկացրած նրա տարիներից, ազատազրկվածների կենսապայմաններից, ինչպես նաև 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթից» հետո տեղի ունեցած իրադարձություններից:

- Հարգելի՛ Հայկ, նախ շնորհավորում եմ ազատություն վերադառնալու համար: Փաստորեն դատարանը բավարարեց ազատման մասին Ձեր դիմումը:

- Շնորհակալ եմ... հա՛, 2016-ից ամեն 3 ամիսը մեկ վարչական հանձնաժողովը պայմանական ազատման հարց էր քննարկում ու մերժում:Ոչ մի բացատրություն, հիմնավորում չէին տալիս: Շատերին էին մերժում, հիմնական մասին, ամեն անգամ շատ քչերն էին ազատվում: Կար Վոլոդյա Ավետիսյանի նախադեպը, որ տեսնում էինք՝ ինչքան է պայքարում, բայց չի ազատվում պայմանական: 4-5 անգամ մերժվելուց հետո, էս անգամ ներկայացվեցի ազատման: Բայց էս անգամ էլ անկախ հանձնաժողովը մերժեց: 2 րոպե չտևեց հանդիպումը անկախի անդամների հետ: Հարցրեցին՝ տույժ, խրախուսանք ունես, թե չէ: Խրախուսանք չունեի, դա կուզեն կտան, չեն ուզի, չեն տա: Հարցնում էին նաև՝ պետական վճարում կա իմ գործով, թե՝ ոչ: Ասացի, որ 300.000 դրամը, որ դրվել էր բոլորիս վրա համապարտության կարգով, դեռ վաղուց էինք վճարել ամեն մեկս մեր մասով: Իմ հասանելիք 30.000 դրամը մուծել էինք, սակայն երբ ԴԱՀԿ-ն գումար ուներ գանձելու, իմ տեղը շատ լավ գիտեր, բայց երբ պիտի ներկայացներ ապացույց, որ վճարումը արվել ենք, չէին ուղարկել: Միայն Ալբերտ Մարգարյանն էր ստացել գրություն, այն էլ իր տան, ոչ թե կալանավայրի հասցեով, որ պետական գանձումը կատարված է:

- Անկախ հանձնաժողովի մերժումը ինչպե՞ս էր հիմնավորված:

- Ասացին, որ բոլորին ստանդարտ ձևով են մերժում: Գրված է լինում՝ ծանոթացանք վարքագծին, փակ քվեարկությամբ որոշեցինք մերժել: Թե որն էր մերժման հիմքն, էդպես էլ անհասկանալի մնաց ինձ: 1,6 տարի աշխատել եմ հիմնադրամում, ձեռքի աշխատանքների վրա վառելով փորագրություն էի անում: Մտածեցի՝ պարապ նստեմ, լավ չի, քանի որ ինքս նաև ոսկերիչ եմ, գոնե ձեռքս կբացվի:

- 4-5 անգամ մերժվելուց հետո՞ որոշեցիք դատարան դիմել:

- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմեցի, նորից շեշտեցին, որ համապարտությամբ գումար կա մուծելու: Պատասխանեցի՝ վճարված է դա: Ներկայացրեցինք Ալբերտ Մարգարյանին տված փաստաթուղթը, որտեղից պարզ էր՝ բոլորս վճարել ենք պետությանը, պարտք-պահանջ չունենք:

- Անակնկա՞լ էր դատարանի որոշումը:

- Բացարձակ չէի սպասում, որ դատարանից տուն կգամ: Լուրջ էի տրամադրվել, գիտեի՝ հերթական մերժումն է՝ էս անգամ դատարանի կողմից: Տրամադրվել էի հասնել մինչև Եվրոպական դատարան:

- Կալանավայրից խոսենք. ի՞նչ է անում պետությունը, որ հասարակություն գա ամեն առումով առողջ քաղաքացի:

- Ոչի՛նչ. ամեն ինչ թողնված է ամեն մեկի անձնական նախաձեռնությանը, ուզում ես ամբողջ օրը պառկի, ուզում ես լոբի աճեցրու:

- Որևէ ծրագիր չի՞ կատարվում:

-2 տարուց ավելի «Սևան» ՔԿՀ-ում եմ եղել, ոչ դասընթացներ եղան, ոչ էլ՝որևէ մրցաշար: Օրինակ՝ Ավետիս Ավետիսյանը (դատապարտված է նույն գործով) շախմատի սիրահար է, ով շախմատ սիրում է, նրա հետ խաղում է, բայց էս ընթացքում ոչ մի մրցաշար չեղավ: Պետության կողմից ոչ մի ծրագիր չկա:Հասկացա, որ բանտերը խթանում են հանցագործությունը: Աշխատանքին սովոր մարդկանց սովորեցնում են պորտաբուծությանը:

- Փաստորեն հարյուրավոր առողջ տղամարդիկ պարապուրդի՞ են մատնված:

- Որը՝ առողջ, որը՝ հիվանդ... հա՛, 450 դատապարտյալից երևի 50-նն էին զբաղված՝ ճաշարան, մաքրություն անողներ, կոշկակար, վարսավիր, դերձակ, շինարարական աշխատանքներ անողներ, մնացածը պարապ են:

- Գրադարանը ի՞նչ վիճակում էր:

- Գրադարանը որոշել ենք Ավետիսի հետ թարմացնենք: Դրսում մարդիկ ահագին գրականություն են հավաքել: Հիմա արդեն ես էլ դրսում եմ, գրքերը կտանենք կալանավայր: Մտածել ենք՝ ավելի լավ կլինի՝ հանրային գրադարանից մի մասնագետ տեղում տեսակավորի գրքերը, հնարավոր է լինեն գրքեր, որոնք արխիվում ավելի պետքական կլինեն:

- Հա՛յկ, սնունդն ինչպիսի՞ն էր:

- Սնունդը վերջերս բավականին լավացել էր, առաջ շատ վատ էր: Վերջապես մարդիկ սկսեցին սարքել էնպես, ոնց որ հենց իրանք կուտեին: Վերջերս միս ենք տեսել, խաշլամա են տվել: Ձուն բոլորին են սկսել տալ, ամսական 6 հատ, առաջ լյարդով հիվանդին ձու ու կարագ էին տալիս, որ հակացուցված է, իսկ առողջ մարդուն չէին տալիս: Առաջ մենակ կալորիան էին ապահովում յուղի շնորհիվ: Էնքան էին լցնում, որ ինչքան էլ հավաքում էիր ճաշի երեսից, ուտել չէր լինում: Առաջ կարող ա հաճարը կամ տուշոնկա կոչվածը էդ յուղով տային: Բայց էդ տուշոնկան կատուներն էլ չէին ուտում: Բայց էլի ուտելիքի մեծ մասը գալիս էր դրսից, հանձնուքը տալիս-գնում էին հարազատները, հիմնականում վճարունակները:

- Իսկ ի՞նչ էին անում պատրաստված, բայց չիրացված սնունդը:

- Հանում էին բոչկաների մեջ, դուրս էր գնում: Վերևում ամայի հողատարածք կար, կարելի էր հումուս սարքել, ահագին գյուղատնտեսական օգուտ ստանալ, որպես բուսաբան էի նայում էդ խնդրին:

- Բուժսպասարկման որակը Ձեզ բավարարո՞ւմ էր:

- 1 ատամնաբույժ ունեինք, 1 վիրաբույժ, ու ֆելդշերներ: Եթե մի դեպք լիներ երեկոյան, որևէ հերթապահ բժիշկ չկար: Վերջերս վերանորոգեցին ատամնաբուժարանը: Մինչև էդ պատերի վրա տարիների թարախ կար: Հիմա նոր գործիքներով հագեցրել են:

- Ի՞նչ լավ բան կար բանտում:

- Անցած տարվանից կենտրոնացված ջեռուցում կար: Շատ տաք էր, անգամ էս ձմեռ շատերի տներում էդպիսի տաքություն չի եղել: Նույնիսկ սեկցիաները փակում էինք, պատուհանը՝ բացում: Կալանավայրում մինիմալ պայմանները կան գոյատևելու: Որոշ մարդիկ կարող ա իսկապես մի բան անեն, որ ձմեռեն բերդում: Երբ նոր բերդ մտա, 3-րդ դատվածությունն ունեցող մի կալանավորի հետ ծանոթացա, ասում էր՝ գիտեն դատվածություն ունեմ, գործ չեն տալիս, լույսս տանը անջատել են, հիմա թեթև բան եմ արել, գոնե 2 տարի բանտում կլինեմ, հետո կերևա: Բայց կային նաև մարդիկ, ում տեղը չի բանտը: Կալանավորների ու դատապարտյալների տոկոս կա, որ ավելի շատ պետական մտածելակերպ ունի, քան որոշում կայացնողներից շատերը: Նրանց ռեսուրսը պետությունը կարող է այլ տեղ օգտագործել: Թող գնան սահմանամերձ գյուղերը ընտանիքիներով շենացնեն: Կենդանիներ տան, շինանյութ, վերաբնակեցնեն գյուղերը: Բայց չեն անի նման բան...

- Կարող է հարցս պարադոքսալ թվալ, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ լավ բան տվել է Ձեզ ազատազրկումը:

- Կալանավորներից շատերին սկսեցի ուրիշ աչքով նայել, տեսա մարդկանց, որոնք բերդում պիտի չլինեին:

- Ազատություն վերադառնալով՝ ինչի՞ մասին եք մտահոգվում:

- Ժողովրդի անտարբերությունն է մտահոգում ինձ թե՛ ազատազրկումից առաջ, թե՛ հիմա: Մեր ժողովուրդը գնալով ստրկանում է, մի կտոր հացը լինի, թքած ապագայի վրա, անտարբեր ենք դարձել:Շանթը մի խոսք ունի՝ եթե կա ցեղասպանվող ժողովուրդ, ցեղասպանողը կգտնվի, մենք ցեղասպանվում ենք, մարդիկ չեն կանգնում իրենց իրավունքների համար:

- Ի՞նչ եք պատրաստվում անել, կա՞ն ծրագրեր, որ ուզում եք իրագործել:

- Դեռ տարիներ առաջ մի նպատակ ունեի, որի մասին մինչ օրս մտածում եմ: Ուզում եմ զոված ազատամարտիկների տվյալներով մի բազա ստեղծել: Արխիվներ մտնելու խնդիր ունեի, նամակ գրեցի ՊՆ մի քանի անգամ, որ մուտք ունենամ արխիվներ, ունենամ խորհրդատու, սակայն որևէ պատասխան չստացա: Հետո իմացա, որ նամակներս անգամ տեղ չեն հասել: Հենց հնարավորություն ունեցա, անպայման կիրագործեմ: