1 տարի 2 ամիս անց Սերգեյ Կյուրեղյանը տեսակցել է մորը

18:23, 22 սեպտեմբերի, 2017

Կյուրեղյան եղբայրների մայրը՝ Նվարդ Բիլյանը 14 ամսվա դադարից հետո կարողացել է տեսնել որդիներից Սերգեյին: Մի քանի օր առաջ դատարանը հանել է երեք եղբայրներից Սերգեյ Կյուրեղյանի տեսակցությունների սահմանափակումը: Մայրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցյալ ուրբաթ օրն արդեն կարողացել է մեկ ժամով տեսնել տղային. «Մոտ հեռավորության վրա կարող ես նստել, ջերմություն ստանալ ու փոխանցել: Աննկարագրելի զգացողություն էր 1 տարի 2 ամիս անց»,- «Հետք»-ին պատմեց տիկին Նվարդը:

Մոր փոխանցմամբ՝ Սերգեյ Կյուրեղյանի տրամադրությունը անկոտրում է եղել, փոխանցել է, որ ինքն անազատության մեջ ավելի ազատ է, քան ազատության մեջ գտնվող որոշ քաղաքացիներ. «Ասաց՝ եթե մենք կարողացանք ողջ դուրս գալ, ուրեմն մի առաքելություն ունի Աստված մեզ հետ»,-փոխանցեց Նվարդ Բիլյանը:

Ընտանիքը ոչ միայն հանձնուք է փոխանցում ազատազրկման մեջ գտնվող զավակներին, այլև գրքեր:

Կյուրեղյանների մայրը նշեց, որ երեք որդիներն էլ տարբեր տեղերում են՝ Հայկը «Արմավիր» ՔԿՀ-ում է, Սերգեյն ու Արեգը, ճիշտ է՝ «Նուբարաշենում» են, բայց տարբեր խցերում: «Սա դժվարացնում է մեր վիճակը, բայց կարևորը, որ նրանք անկոտրում են»,- ասաց տիկին Նվարդը:

Հիշեցնենք, որ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակները՝ Հայկը, Արեգը և Սերգեյը գտնվում են ազատազրկման մեջ: Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 2015թ.-ին 9 տարվա ազատազրկման՝ օդամղիչ ատրճանակով կրակելու համար: Սերգեյ ու Արեգ Կյուրեղյանները «Սասնա Ծռեր» խմբի անդամներ են և այս պահին մեղադրյալի կարգավիճակում են:

Նվարդ Բիլյանի լուսանկարը՝ aravot.am-ի