Մեղադրյալը պատմում էր հեղաշրջման նախապատրաստման մասին

19:32, 15 սեպտեմբերի, 2017

Այսօր, ժամը 15:30-ին, 10 դատական ժամ նիստերից հեռացված Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Գևորգ Սաֆարյանին ու Հրայր Թոփչյանին ոստիկաններն ուղեկցեցին դահլիճ: Նրանք հեռացվել էին նիստերից ոտքի չկանգնելու պատճառով, ինչը դիտարկվել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Սակայն, որոշ ժամանակ անց Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը դարձյալ հեռացվեցին 4 ժամով նույն` անհարգալից վերաբերմունքի պատճառաբանությամբ։

Մինչ այդ, Ժիրայր Սեֆիլյանի համակիրները Շենգավիթի դատարան էին եկել երկու խրտվիլակներով՝ նշելով, որ դատավորի ու հանրային պաշտպանի են պատկերել: Նրանք ցանկանում էին նիստերի դահլիճ մտնել խրտվիլակներով՝ պատճառաբանելով, թե արգելված իրերի ցանկում տիկնիկներ կամ խրտվիլակներ նշված չեն: Սակայն, ոստիկանները թույլ չտվեցին նրանց դատարանի շենք մտնել:

Փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հյրապետյանը շարունակում են նիստերի դահլիճում նստել ապակե միջնորմից այս կողմ՝ քաղաքացիների շարքերում՝ հետևելով դատական պրոցեսին: Նրանք առանց իրենց պաշտպանյալների ներկայության իրավասու չեն մնալ դահլիճում ու իրականացնել նրանց պաշտպանությունը. սա պաշտպանների դիրքորոշումն է, ինչի համար դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրանց կարգապահապան պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ է ուղարկել Փաստաբանների պալատ:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ այս անգամ արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու, քանի որ կարծում է, որ իր փաստաբանական գործունեությունը խոչընդոտվել է: Արայիկ Պապիկյանն այսօր ստիպված է եղել դատարկել պայուսակի ամբողջ պարունակությունը, քանի որ մետաղորսիչ սարքն արձանագրել է, թե մետաղական իր կա պայուսակում, այնինչ որևէ մետաղական իր չի եղել (մետաղական շղթաները պայուսակի վրա են միայն):

Ի դեպ, դատարանում վերջերս տեղադրվել են սուպերմարկետներից մեզ հայտնի պահարաններ, որտեղ քաղաքացիները տեղադրում են իրենց պայուսակները:

Ընդմիջումները դարձյալ հաջորդում էին իրար: Նախ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց, որ կասեցվի այս գործի քննությունը, քանի որ ցանկանում է Սահմանադրական դատարանում վիճարկել պաշտպանի ներգրավման հետ կապված վիճահարույց իրավական բացը: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Այնուհետև, նույն հանրային պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, որը ևս մերժվեց:

Սկսվեց մեղադրյալներից Սմբատ Գալոյանի հարցաքննությունը: Սակայն այդ պահին բարձրախոսները խափանվեցին, դահլիճում նստածները ոչինչ չէին լսում: Աղմուկ բարձրացավ: Հայտարարվեց ընդմիջում:

Մոտ 30 րոպե անց խոտանը վերացվեց: Սակայն, դահլիճում ծայրաստիճան վատ լսելիություն էր. մեղադրյալ Գալոյանի խոսքը հազիվ լսելի էր: Ինչևէ, ձայնագրության վերծանումից կարողացա հասկանալ, որ Գալոյանը դիպուկահար է եղել զորամասում: Նա դատարանում պատմեց, թե ծանոթ է եղել միայն ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի ու Հովհաննես Պողոսյանի հետ, իսկ Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի ճանաչել: Ըստ Գալոյանի` իրենք պիտի զորամաս գրավեին, բայց այնպես, որ արյուն չթափվեր: Հետագայում Գալոյանն ու Պողոսյանն, ըստ Գալոյանի ցուցմունքի, հրաժարվել են ծրագրի իրականացմանն իրենց մասնակցությունից:

Ներսես Պողոսյանի կինը` Լիան, մասնագիտությամբ իրավաբան, նշեց, որ լավ գիտակցում է, թե ինչ ասել է ցուցմունք տալ մի անձի դեմ, ով չունի իր դեմ ցուցմունք տվողին հարցեր տալու հնարավորություն: Սա հակընդդեմ հարցման իրավունքն է, որի չիրացումը ՄԻԵԴ-ը իր նախադեպերում խախտում է համարում:

Մարինե Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ո՛չ Ներսես Պողոսյանը, ո՛չ Ժիրայր Սեֆիլյանը չեն կարող հարցեր ուղղել իրենց դեմ ցուցմունք տվող մեղադրյալ Գալոյանին, ուստի դիմեց դատարանին, որպեսզի ապահովվի նրանց իրավունքի իրացումը: Սակայն դատարանն ասաց, որ ամբաստանյալների վարքագծի պատճառով նրանք զրկվել են այս փուլին մասնակցելու իրավունքից:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ընդգրկվեց որպես պաշտպան, հաջորդ նիստին նրանք կկարողանան հարցեր տալ մեղադրյալ Սմբատ Գալոյանին։