Բնապահպանները պահանջում են չեղյալ համարել կառավարության որոշումը (վիդեո)

17:18, 16 դեկտեմբերի, 2011

Այսօր կառավարության շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել մի խումբ բնապահպան ակտիվիստներ, որոնք կոչ էին անում իշխանություններին չեղյալ համարել Սյունիքի մարզի Քաջարան սահմանամերձ գյուղում հանքարդյունաբերական նպատակով հողահատկացման ծրագիրը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին կառավարությունը որոշել է Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի ու Սյունիք համայնքների որոշ տարածքներում ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ ու դրանք վարձակալությամբ տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Մասնավորապես Քաջարանի համայնքային սեփականության 181,7 հա հողերն օգոստոսի 1-ից փոխադրվել են արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա ու տրվել կոմբինատին: 

Քաջարանի հավանական նոր հանքը տեղակայված է այն բլրի վերին հատվածում, որի լանջին գյուղի գերեզմանոցն է, ներքեւում՝ տները եւ միջնադարյան եկեղեցին: Կոմբինատը ամիսներ առաջ երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել, ինչին դեմ էին դուրս եկել գյուղացիները՝ համայնքապետի հետ միասին: 600 հոգի դեմ էր ստորագրել նոր հանքի շահագործմանը եւ նամակ ուղարկել ՀՀ, ԱԺ նախագահներին, վարչապետին, սակայն գյուղացիների դիմումն անպատասխան է մնացել առ այսօր:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը օրերս հրավիրվել էր ոստիկանություն, ինչից հետո հայտնեց, որ իշխանության բոլոր մարմինները պարտադրել ու ճնշել են, որ ստորագրի գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու պայմանագիրը, ու ինքն էլ ստիպված է եղել իր պաշտոնից հրաժարական տալ եւ չստորագրել: Խոսակցություններ կան, որ նա հրաժարվելու է նաեւ ՀՀԿ-ի իր անդամատոմսից: