Սամվել Ալեքսանյանի եղբորորդին տուն չունի

00:12, 12 մայիսի, 2017

Կիրակի օրը Երևանում կայանալու են ավագանու ընտրություններ: Թեկնածուների թվում է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Երևանի Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Նա Հանրապետական կուսակցության ցուցակում զբաղեցնում է 35-րդ տեղը:

Արտակ Ալեքսանյանը 28 տարեկան է, սակայն հասցրել է զգալի կարողության տեր դառնալ:

Թեև թեկնածուի դրամական միջոցների հանրագումարն անցնում է մի քանի միլիարդ դրամը, սակայն թեկնածուն որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, ինչը նշանակում է, որ իր անունով անշարժ գույք չունի:

Փոխարենը հայտարարագրել է 5 ավտոմեքենա՝

  1. 1998թ. արտադրության Ford Transit,
  2. 2011թ. արտադրության BMW X6,
  3. 2011թ. արտադրության ROLLS ROYCE GHOST,
  4. 2011թ. արտադրության BENTLEY MULSANNE,
  5. 2013թ. արտադրության Toyota Corolla:

Արտակ Ալեքսանյանը որպես եկամուտ հայտարարագրել է միայն իր աշխատավարձը՝ մոտ 3 մլն 317 հազար դրամ:

Նշենք, որ թեկնածուին է պատկանում «Ֆրագարիա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ.: Այն հաշվառված է Արարատի մարզի Սիս գյուղում և, ըստ հարկային մարմնում առկա տվյալների, իրականացնում է մանրածախ առևտրային գործունեություն:

Տեղեկացնենք, որ նշված հայտարարագիրը ներկայացվել է 2016թ. ապրիլի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: