Լավանդայից մինչեւ Ոսկե ավազներ. Խոսրով Հարությունյանի տներն ու թերի հայտարարագիրը

22:57, 23 մարտի, 2017

«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը անկախությունից ի վեր տեւական ժամանակ եղել է կամ գործադիր, կամ օրենսդիր մարմիններում:

1990-1992 թթ. նա Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1992-ի օգոստոսին նշանակվել է վարչապետ ու պաշտոնավարել մինչեւ 1993-ի հունվարի վերջ: Խ. Հարությունյանը անկախության հռչակումից հետո ՀՀ երրորդ վարչապետն է: 1993-1999 թթ. շարունակել է օրենսդիր գործունեությունը: Ընդ որում՝ 1998-ի փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ իր պաշտոնից հրաժարվեց նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, հենց Խ. Հարությունյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում՝ խորհրդարանը ղեկավարելով մինչեւ 1999-ի կեսերը, երբ ձեւավորվեց նոր ԱԺ: Հարությունյանն առաջինն էր մեր երկրում, որ զբաղեցրեց թե վարչապետի, թե խորհրդարանի նախագահի պաշտոնները: Նրա «ռեկորդը» հետագայում կրկնեց Հովիկ Աբրահամյանը:

1999-2000 թթ. Խ. Հարությունյանը փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարար էր, իսկ 2000-2002-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական: Ըստ Հարությունյանի պաշտոնական կենսագրության՝ այդ տարիներին նա եղել է անկուսակցական, որպես պատգամավոր՝ որեւէ խմբակցության անդամ չի եղել: 2003-ին հիմնադրել է ՀՔԴՄ-ն՝ դառնալով դրա նախագահ: 2012-ին Խոսրով Հարությունյանը 14-ամյա ընդմիջումից հետո վերադարձել է խորհրդարան՝ լինելով ՀՀԿ համամասնական ցանկում: Այս տարվա ընտրություններին էլ նա կմասնակցի իշխող կուսակցության ցուցակով, որտեղ 19-րդն է:

69-ամյա Խոսրով Հարությունյանը կնոջ՝ Բրլիանտինա Փափազյանի հետ հաշվառված է ու բնակվում է Հյուսիսային պողոտա 6 հասցեում: Այս նորակառուցում է գրանցված նաեւ նրա փոխարտգործնախարար որդու՝ Ռոբերտ Հարությունյանի ընտանիքը:     

Իբրեւ թեկնածու՝ ՀՔԴՄ նախագահը ԿԸՀ է ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագիր, ինչի համաձայն, ունի 1994 թ. արտադրության «Mercedes-Benz S 420» ավտոմեքենա: Թեկնածուն չունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք, ինչը ենթակա է հայտարարագրման, փոխարենը 4 տեսակի անշարժ գույքի սեփականատեր է:

Դրանցից մեկը Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող 170 քմ մակերեսով բնակարանն է, որտեղ ապրում է, նաեւ 75 քմ տարածքով ոչ բնակելի շինություն ունի Հյուսիսային պողոտա 1/3 հասցեում: Երրորդը Սեւան քաղաքի Լավանդա Սիթի թաղամասի այգետնակներից (ամառանոց) մեկն է՝ 108 քմ մակերեսով:

Եվս մի բնակարան (110 քմ) Խ. Հարությունյանն ունի բուլղարական Վառնա քաղաքում՝ Ոսկե ավազներ անունով հայտնի հանգստյան գոտու «Բենդիտա Մարե» հյուրանոցում: Սա այսպես կոչված «apartment hotel» է, որը բնակարաններ է տրամադրում իր հյուրերին: Սակայն երկու մասնաշենքից բաղկացած կոմպլեքսում կան նաեւ բնակարաններ, որոնք վաճառված են: Դրանցից մեկն էլ Խոսրով Հարությունյանինն է:

3-աստղանի «Բենդիտա Մարեն» ունի 243 բնակարան, որոնցից 41-ը ստուդիաներ են (առանց միջնորմի սենյակներ), 47-ը՝ երկու, իսկ 155-ը մեկ ննջասենյակ ունեցող տներ: Հյուրանոցը լողափից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սեւ ծով:     

«Բենդիտա Մարեում» այսօր էլ կարելի է բնակարան ձեռք բերել տարբեր գներով

Համեմատենք 2012-ի եւ այս տարվա տվյալները՝ հասկանալու համար, թե գործող խորհրդարան մտնելիս ինչ ուներ թեկնածուն, ու ինչ է փոխվել մինչ այժմ: Միանգամից ասենք, որ մեր նշած անշարժ ու շարժական գույքը Խ. Հարությունյանը հայտարարագրել էր նաեւ 2012-ին, երբ  պատգամավորի մանդատ ստացավ: Այսինքն՝ վերը նշվածը նա ձեռք է բերել մինչեւ հինգերորդ գումարման ԱԺ մտնելը:

Ներկայում Հարությունյանը եկամուտ է ստանում 3 տեղից՝ Ազգային ժողովից (2016-ին աշխատավարձը կազմել է 6.823.430 դրամ), ՀՀ կառավարման ակադեմիայից (2016-ին՝ 376.806 դրամ) եւ կենսաթոշակը՝ 540.000 դրամ: 5 տարի առաջ մանդատը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն ակադեմիայի աշխատավարձն ու թոշակը:

Եթե 2012-ին Խ. Հարությունյանն իբրեւ դրամական միջոց հայտարարագրել էր 90.000 դոլար, ապա այսօր այն երկու անգամ կրճատվել է՝ 45.000 դոլար: Այլ դրամական միջոցներ թեկնածուն չի հայտարարագրել:

2012-ին ՀՔԴՄ նախագահը հայտարարագրել էր 3 հատ բաժնեմաս՝ 25 հազ., 50 հազ. եւ 2 մլն դրամ արժեքներով: Փաստորեն, նա ընդգրկված է եղել 3 ընկերություններում, սակայն բաժնեմաս ունենալով, եկամուտների մեջ որեւէ շահաբաժին չի նշել առ այսօր:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տարեկան հայտարարագրերում՝ 2012-2016 թթ., Հարությունյանը որեւէ նշում չի կատարել օտարած բաժնեմասերի վերաբերյալ, սակայն, այդքանով հանդերձ, այս տարի ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է միայն մեկի՝ «Տոսպ» ԲԲԸ-ում ունեցած 0,72 % բաժնեմասի մասին (թերեւս, պիտի բաժնետոմս լինի):

Այս վերջին հայտարարագրում Խոսրով Հարությունյանը չի նշել «Կոստա Բի» ՍՊԸ-ի մասին, որտեղ 50 տոկոս փայ ունի: Ընկերությունը հիմնադրել է ինքը 2006-ին, 2010-ին նրան է միացել Աստղիկ Սերյոժայի Մելիքջանյանը: ՍՊԸ-ն գրանցված է պատգամավորի երեւանյան բնակարանի հասցեում, տնօրենն Արման Աշոտի Աբաջյանն է: Ներկայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

«Կոնստանտ-Աուդիտ» ՍՊԸ-ն էլ Խոսրով Հարությունյանը հիմնադրել է 2005-ին: Այստեղ նա 51 տոկոս փայ ունի, պատգամավորի գործընկերը Գրիգոր Ռոբերտի Կադարյանն է, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Երեւանի Մառի փողոցում գտնվող վերջինիս բնակարանում էլ գրանցվել է ընկերությունը: «Կոնստանտ-Աուդիտը» զբաղվում է աուդիտորական գործունեությամբ եւ հաշվապահական հաշվառմամբ:

Համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ Գ. Կադարյանը «Ամերիաբանկի» մասնաճյուղի կառավարիչ է, ժամանակին էլ եղել է լուծարված «Լավանդա Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, որը, մասնվորապես, զբաղվում էր դեղերի վաճառքով: Այս ընկերության եւ Սեւանի Լավանդա Սիթի թաղամասը հիմնած «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ի տերերը նույն մարդիկ են: Ինչպես արդեն նշեցինք, Խ. Հարությունյանն ամառանոց ունի այս տարածքում:  

Ըստ պետռեգիստրի՝ Խոսրով Հարությունյանն առնչություն ունի նաեւ «Մայք Ընդ Էյ» ՓԲԸ-ի հետ, որը գրանցված է Ամիրյան 18/3 հասցեում: «Հրապարակը» 2014-ին գրել է, որ այս շենքի վրա առանց բնակիչների համաձայնության ու իմացության եւս 3 հարկ են ավելացնում, իսկ շինարարությունն իրականացնում է Խոսրով Հարությունյանի եղբայրը՝ Սամվել Հարությունյանը, ով «Արամյանց» ԲԿ-ի (նախկինում՝ Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց) տնօրենն է: Վերջինիս ընտանիքը հաշվառված է հենց այս հասցեում: