Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա՝ «Հաց բերող»-ին ազատ արձակելու մասին

13:52, 3 մարտի, 2017

Առավոտյան լրատվամիջոցներում լուրերն էին տարածվել, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանին այսօր ազատ են արձակելու։ Լուրերի իսկությունը ճշտելու համար «Հետք»-ը կապ հաստատեց դատախազության հետ, որի հանրային կապերի բաժնից հայտնեցին,  որ պարզաբանում լինելու դեպքում անպայման կտեղեկացնեն, առայժմ որևէ բան չեն կարող ասել։ 

Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը ևս իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին պաշտոնական տեղեկատվություն չունի։ Ասում է՝ իր ունեցածը այն է, ինչ հրապարակված է լրատվամիջոցներում։ Նրանք ևս պաշտոնական աղբյուրներով փորձում են ստուգել դրանց իսկությունը։ 

Զրուցեցինք նաև «Հաց բերող»-ի մոր՝ տիկին Դոնարայի հետ, ով հավաստեց, որ եթե որդուն ազատ չարձակեն, նա էլ հացադուլ է սկսելու։

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ևս տեղեկատվություն չունի Արթուր Սարգսյանին ազատ արձակելու մասին։ Միայն հաղորդեց, որ քիչ առաջ է զրուցել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բժիշկների հետ, ովքեր հայտնել են, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը բավարար է, բացասական դինամիկա չի գրանցվել։