Տեղի ունեցավ Լեռ Կամսարի «Չապրած օրեր» գրքի շնորհանդեսը

23:15, 22 նոյեմբերի, 2016

Լեռ Կամսարի «երկրորդ ծնունդը» տվող նրա թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանն, այսօր՝ հենց երգիծաբանի հիշատակի օրը, «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց պապի անտիպ օրագրությունը՝ «Չապրած օրերը» գիրքը: Այնտեղ զետեղված է Կամսարի օրագրությունը 1945-ից մինչև 1947 թվականը:

Վանուհի Թովմասյանը ներկաներին պատմեց, որ Կամսարը 1925 թվականից է սկսել օրագրության միջոցով սերունդներին փոխանցել ասելիքը:

«Չապրած օրերը» տպագրվել է Նյու Յորքից բարերար, Կամսարի գրի երկրպագու Ռուբեն Պարսումյանի ընտանիքի միջոցներով: Գիրքն էլ նվիրվել է Ռուբեն Պարսումյանի հիշատակին:

«Չապրած օրերը» թիմային աշխատանքի արդյունք է: Անտիպ ձեռագրերը հավաքել ու կազմել է Վանուհի Թովմասյանը, տեքստը մշակել է Արմեն Քեշիշյանը, խմբագրել ու սրբագրել է իրավաբան Հայկ Խեմչյանը, նկարազարդել է նկարիչ Գևորգ Ջավուշյանը:

Գրքի վրա աշխատած թիմի անդամներին շնորհակալություն հայտնելով՝ Վանուհի Թովմասյանն ասաց. «Նրանք էությամբ նման են Կամսարին, շատ մազալու տղաներ են, ազատ մտածող, նվիրյալ, քաջ»:

«Ինձ թվում է՝ Լեռ Կամսարը տեղում շուռ է եկել, երբ իմացել է, որ իր գիրքը խմբագրել ու սրբագրել է մասնագիտությամբ իրավաբանը: Այդքան տառապելով իրավաբաններից ու իրավապահներից, որ պատրաստ էին իր գործերը ոչնացնել՝ մեկ էլ պարզվում է, որ տարիներ հետո իր գրքի վրա աշխատելու է ոմն իրավաբան»,- ասաց գրքի խմբագիր ու սրբագրիչ Հայկ Խեմչյանը:

Ինչպես Արմեն Քեշիշյանը նշեց, Կամսարի թոռնուհին կարողացել է պապի լռության 75 տարիներից հետո երկրորդ կյանք տալ երգիծաբանի գործերին՝ 2000 թ-ից սկսած կազմելով Կամսարի գրքերն ու դրանք տպագրելով: