Հելսինկյան կոմիտե. «Հավաքների կալանավորված մասնակիցներին կարելի է համարել քաղբանտարկյալներ»

23:16, 8 օգոստոսի, 2016

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակելէ զեկույց 2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Զեկույցում նշված է, որ այդ ժամանակահատվածում լրատվամիջոցներից, ահազանգերից և այլ աղբյուրներից բազմաթիվ տեղեկություններ են ստացվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:Տեղեկությունները հիմնականում վերաբերել են ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքին, անհամաչափ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառմանը, ապօրինի ձերբակալություններին, խաղաղ հավաքների և խոսքի ազատության խախտման դեպքերին, լրագրողների նկատմամբ բռնություններին, ակտիվություն ցուցաբերած քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների հետապնդումներին: «Բազմաթիվ քաղաքացիների բերման են ենթարկել և ժամեր շարունակ անհիմն պահել ինչպես ոստիկանության բաժիններում, այնպես էլ ոստիկանության զորքերի զորամասերում: Բազմաթիվ են դեպքերը,երբ Երևանի Խորենացու փողոցի տարածքից բերման են ենթարկել և այդ տարածքից հեռացրել են հավաքների հետ որևէ առնչություն չունեցող անձանց, բռնի ուժի գործադրմամբ և պայթուցիկ առարկաների կիրառմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են հասցրել տարբեր տարիքի անձանց, այդ թվում` անչափահասների»,-նշված է զեկույցում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտարկումները ցույց են տվել, որ հավաքների կալանավորված մասնակիցներին և կազմակերպիչներին ներկայացված մեղադրանքները (անօրինական հավաքներ անցկացնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և այլն) կապված են միայն նրանց քաղաքական հայացքների, տեսակետների և հավաքներին ակտիվ մասնակցություն ունենալու հետ: «Նշվածը հաշվի առնելով` նրանց կարելի է համարել քաղբանտարկյալներ»,- նշված է իրավապաշտպան հասարակական կազմակերպության զեկույցում:

Կազմակերպությունը պահանջում է՝ անհապաղ ազատ արձակել հավաքների կալանավորված մասնակիցներինև կազմակերպիչներին, «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերով իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, ոստիկաններ Ա. Վանոյանի և Յ. Տեպանոսյանի մահվան դեպքերի առնչությամբ կատարվող քննություններում ներգրավել միջազգային փորձագետներ, իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն 2016 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը տեղի ունեցած հավաքների վայրերում, ոստիկանության բաժիններում և այլ վայրերում հավաքների մասնակիցների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և հավաքների մասնակից չհանդիսացող քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների, ապօրինի տրված հրամանների և այլ ոչ իրավաչափ գործողությունների դեպքերի առնչությամբ, բոլոր մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցն ամբողջությամբ` այստեղ:

Լուսանկարը` Գագիկ Աղբալյանի