Կյուրեղյանների մորը բերման են ենթարկել. նրան կասկածում են սառը զենք կրելու մեջ

12:43, 5 օգոստոսի, 2016

«Հետք»-ը հեռախոսազրույց ունեցավ Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ մոր` Նվարդ Բիլյանի հետ, ով հաղորդեց, որ այս պահին գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում: Նշեց, որ պատրաստվել է որդիների հանձնուք տանել, երբ դուռը թակել են ոստիկանական համազգեստով անձինք, ներկայացել ոստիկանությունից, ցույց տվել բերման ենթարկելու մասին արձանագրությունն ու տարել նրան ոստիկանություն:

Տիկին Նվարդը նշեց, որ երբ հուլիսի 17-ին իրեն դարձյալ բերման էին ենթարկել, սակայն առանց որևէ ծանուցման, տնից տարել էին նաև Արեգի ուսապարկը: Այդ օրը Նվարդ Բիլյանը որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել, բացատրություն չի տվել:

Մենք զրուցեցինք նաև Արմենակ Կյուրեղյանի հետ, ով պարզաբանեց, որ հուլիսի 17-ին ոստիկանները իրենց տնից վերցրել են Արեգի դաշույնները, դրել նրա ուսապարկի մեջ ու տարել. «Արեգը ապրիլյան պատերազմին մասնակցել է որպես կամավոր, և այդ դաշույնները այդ ժամանակից կային»,- պարզաբանեց Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյանների հայրը` նշելով, որ տիկին Նվարդին կասկածում են սառը զենք կրելու մեջ ու դա է պատճառը, որ հիմա նորից բերման են ենթարկել:

Արմենակ Կյուրեղյանն արդեն ահազանգել է ՄԻՊ գրասենյակ ու Հայաստանի հելսինկյան կոմիտե: Տիկին Բիլյանը նշեց, որ այս պահին սպասում է փաստաբանին:

Մեր զրույցի պահին մոտեցավ փաստաբանը: Մանրամասները կներկայացնենք քիչ ուշ: