Չեխահայ նկարիչ. «Կուզեի, որ իշխանություն ձեռք բերողները չկորցնեին իրենց խիղճը»

22:24, 18 մարտի, 2016

Պրահայի Կարլի համալսարանի սրճարանում հանդիպում ենք նկարիչ Տիգրան Աբրահամյանին (համալսարանում այդ օրը նշվում էր Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի հիմնադրման 20-ամյակը):

Տ. Աբրահամյանն արդեն 35 տարի է՝ բնակվում է Պրահայում: Առաջին անգամ 1975 թվին է գնացել Պրահա, երբ դեռ կաֆկայական տանիքներով էր քաղաքը: 1981 թ. տարեսկզբից հաստատվել է այնտեղ: Այդ ժամանակ, ասում է, մատների վրա կարելի էր հաշվել քաղաքում ապրող հայերին, իսկ հիմա Պրահայում կա հայկական համայնք, եկեղեցի, դպրոց: «Ու բոլորն էլ եկել են Հայաստանից վերջին 20 տարիներին»,- նշում է նկարիչը:

 Զրույցի սկզբում սուրճ ենք վերցնում: Տիգրանը շտապում է վճարել, հետո խնդրում ենք, որ չվճարի, մենք վճարենք: Տեսարանը տիպիկ հայկական է: Հերթ կանգնած չեխերը զարմանում են: Տիգանը ժպտում է: Հետո ավելի ուշ, երբ զրույցի ընթացքում հարցնում ենք՝ ամենաշատն ի՞նչն է կարոտել, մի քանի վայրկյան դադարից հետո ժպտում է, ապա ասում. «Ձեզ եմ կարոտել, այ էն էի կարոտել, էստեղ նման բան չես տեսնի: Անբացատրելի զգացում է (բոլորս ծիծաղում ենք, այդ տեսարանը չէինք հիշատակի, եթե չզգայինք կարոտի տարածությունը մեր զրույցում- հեղ.)»:

Եկավ ու մնաց Չեխիայում

Տ. Աբրահամյանի կինը հայտնի ռեստավրատոր, նկարչուհի Կարինե Արթունին է՝ Պրահայից: Նրանք ծանոթացել են Հայաստանում, երբ Տիգրանը սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում, այսօրվա՝ գեղարվեստի ակադեմիայում, իսկ Կարինեն՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: «20 տարեկանում ամուսնացա, և մինչ հիմա էլ միասին ենք»,- ասում է զրուցակիցս:

Հայաստան գալիս-գնում է երբեմն տարին երկու անգամ: 1975 թ.-ից հետո ցուցահանդես դեռ չի ունեցել,ասում է՝ մտածում է, որ ցուցահանդես կկազմակերպի Երևանում, բայց դա մոտ ապագայում չի լինի:

-Երբ ավարտում էի [ինստիտուտը] շատ մեծ տհաճություններ էին կապված աշխատանքիս հետ, և չէին ուզում թույլ տալ, որ դիպլոմ պաշտպանեմ: Չգիտեմ՝ ասե՞մ, թե՞ չասեմ հիմա: էն ժամանակ պրոռեկտորը, անունը չեմ ասի, պաշտպանությունից մեկ շաբաթ առաջ եկավ նայեց նկարը և համարեց, որ իրենց պահանջներին չի համապատասխանում, եթե կարելի է էսպես ասել՝ սոցռեալիզմին: Ես ֆիգուրաների դեմքերը չէի նկարել, ոմանց դեմքերի տեղերում տափակ ֆորմա էի նկարել: Հարցրեց, բա պորտրետներն ո՞ւր են: Ասացի՝ չկան, պետք չեն իրենք: Մեծ տարաձայնություն սկսեց, չեմ ուզում պատմել մանրամասն, և որոշեցին, որ այդ աշխատանքը չպիտի ցուցադրվի նկարիչների միությունում: Այդ ժամանակ իմ պրոֆեսորը Էդվարդ Իսաբեկյանն էր, ում մոտ սովորում էի: Հիվանդանոցում պառկած էր այդ ժամանակ իշիասով՝ 79-ի մայիսն էր, և փաստորեն ոչ մի հենարան չունեցա, որ պաշտպաներ: Մեծ աղմուկ բարձրացավ, վերջը աշխատանքի մեջ փոխոխություններ արեցի, հետո ցուցադրվեց:

-Երբ եկաք, ռևիզիա նկատեցի՞ք էն ժամանակվա Չեխոսլովակիայում:

-Երբ առաջին անգամ եկա Պրահա, 75 թ.-ն էր: Ինձ թվում էր՝ գնում էի Արևմուտք, բայց հանդիպեցի կարմիր լոզունգների, ամեն տեղ գրված էր՝ «Հավերժ Սովետական Միության հետ»: Այստեղ շատ հզոր էր ճնշումը, մանավանդ, 68 թ.-ից հետո: Չնայած դրան, արվեստի մեջ, հատկապես կինեմատոգրաֆիայում տարօրինակ կերպով մի քանի շեդևրներ ստեղծվեցին:

-Ո՞նց հաստատվեցիք Չեխիայում: Հաճախ մեր արվեստագետներից շատերը դժգոհում են, որ Հայաստանում նկարչի համար նպաստավոր միջավայր չկա:

-Առհասարակ որպես նկարիչ դժվար է հաստատվել: Ոչ միայն նկարչության, այլև ցանկացած մասնագիտության մեջ ծայրահեղ նվիրում է պահանջվում: Եթե ուզում եք հաստատվել, ուրեմն, պետք է լիովին նվիրվեք: Այնպիսի նկարիչներ, ինչպես օրինակ, Լեոնարդոն էր, նկարիչներին խորհուրդ էր տալիս լիովին նվիրվել արվեստին, չամուսնանալ: Թեև Ռուբենսը կամ Ռեմբրանդը ամուսնացել էին, զավակներ ունեին: Ռեմբրանդը նույնիսկ մի քանի կին է ունեցել:

Հայաստանի նկարիչների հետ կապի մեջ ենք: Այնտեղ ունեմ հրաշալի ընկերներ: Հետաքրքիրն այն է, որ իմ համակուրսեցի նկարիչների մեծ մասը Ամերիկայում է հիմա: Հայաստանում չգիտեմ՝ ով է մնացել մեր կուրսի տղաներից, երևի շատ-շատ քչերը:

Եթե մարդ ստեղծագործող է, ցանկացած միջավայրից սնունդ է գտնում: Հնարավոր չէ սպառել ստեղծագործականությունը, եթե վերևից տրված է: Մի հասարակ օրինակ բերեմ. բոլորին հայտնի Փարաջանովը մեծ շարք արեց բանտում: Այդ շրջապատը մի հրաշալի շրջապատ չէր, այդ սարսափելի պայմաններում, որտեղ մարդը ենթարկվում է ծայրահեղ դեֆորմացիաների, կարողացավ ստեղծագործել: Մարդն ինչքան ներքին հարստություն ունի, այնքան կարող է ստեղծագործել: Ստեղծագործելու համար սնունդ է պետք, իսկ մարդիկ կան, որոնք չեն կարողանում, չգիտեն՝ ի՞նչ նկարեն կամ ի՞նչ գրեն: Գիտեք, ամեն ինչ կապ ունի՝ եղանակը, սնունդը, քամին, մարդկանց ժպիտը, տեմպերամենտը, որոնք անդրադառնում են:

-Բայց նաև ժամանակի ազդեցությունն է կրում արվեստը: Օրինակ, ՏՏ ոլորտը ո՞նց է անդրադառնում արվեստի վրա:

-Շատ մեծ անդրադարձում ունի: Հիմա շատ արվեստագետներ օգտագործում են այդ հնարավորությունը, շատերն էլ ծրագրավորված մերժում են: Օրինակ, Գոյային վրձինն արդեն չէր բավարարում, նա օգտագործում էր փայտ, մատներով էր նկարում, արտահայտման մեկ այլ ձև էր փորձում: Իսկ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դիմել արտահայտման նոր մեթոդների:

-Դուք ո՞ր շարքում եք:

-Տեխնոլոգիաները կոնկրետ իմ արվեստի վրա ազդեցություն չունեն, ես նաև համակարգչային գրաֆիկա եմ սիրում և այլն: Օրինակ, Դուք քիչ առաջ լուսանկարեցիք, եթե 20 տարի առաջ լուսանկարեիք, նեգատիվը պետք է սարքեին: Իսկ այսօրվա տեխնոլոգիաները հսկայական հնարավորություններ են տալիս: Եվ շատ արվեստագետներ կան, որոնք լուսանկարներից են նկարում: Դա նոր տենդենց է, նորաձև է: Այսինքն՝ լուսանկարի կրկնօրինակն են անում՝ համոզելով, որ պատճենահանելու պրոցեսում մեկ ուրիշ մակարդակի վրա է բարձրանում, արվեստ է մտնում այնտեղ: Ես չեմ սիրում լուսնակարներով նկարել: Սիրում եմ լուսանկարել, բայց դա չեմ օգտագործում նկարչության մեջ: Այն գաղափարն ունեմ, որ նկարիչը պետք է կարողանա նկարել: Երբեք հնարավոր չէ լուսանկարել այն, ինչ զգում ու տեսնում ես: Քանի անգամ փորձել եմ, երբ լուսանկարել եմ, այդ պահը կոտրվել է, որովհետև լուսանկարն ուրիշ ինֆորմացիա է գրանցում, քան այն, ինչ մարդն զգում է:

-Այս հունվարին ընտրվեցիք Պրահայի նկարիչների միության փոխնախագահ: Սովորաբար ստեղծագործական միությունները ավելի շատ ֆորմալ կառույցներ են լինում, սովետական տարիներից եկած բան է: Միությունն ի՞նչ գործառույթ է կատարում:

-Հիմնական նպատակը միության անդամների ցուցահանդեսներ կազմակերպելն է, ստեղծագործելու հնարավորություններ տալը: Միությունը բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել նաև արտասահմանում, օրինակ, Գերմանիայում:

-Ո՞նց ստացվեց, որ հային ընտրեցին փոխնախագահ:

-Իհարկե, կան խոսակցություններ, թե ինչու պետք է հայը դառնար փոխնախագահ, բայց դրանք տանելիության սահմաններում են: Կարող եմ ասել, որ երկար ժամանակ է, ինչ Չեխիայի քաղաքացի եմ, դեռ Բրեժնևի ժամանակներից, իրավաբանորեն ոչ մի հարց չկա, երկրորդ՝ բացարձակ խոսում եմ չեխերեն: Այսինքն՝ որևէ արգելք չկա: Մյուս կողմից՝ առաջին հերթին արվեստի որակն է հաշվի առնվում:

-Պրահայի փողոցներում քայլելիս տեսնում ես, թե ինչպես է պահպանվել քաղաքի պատմությունը՝ ճարտարապետական հին շենքերը: Երբ Երևան եք գալիս, ճարտարապետական տեսքի մեջ փոփոխություններ նկատո՞ւմ եք:

-Ամեն տարի Հայաստան գալուց հետևում եմ, թե ինչ է կատարվում Երևանի ճարտարապետական տեսքի հետ, լուսանկարների արխիվ ունեմ: Օրինակ, Աբովյան փողոցում պատշգամբներ կային, որոնք վերացվել են: Եվ ես մնացել եմ ապշած: Նույնիսկ ապշել եմ այն բանից, որ չեն թողել տրամավայի գծի գոնե մի նմուշ: Իսկ երեկ լսեցի, որ Բոստոնում տրամվայի 60 կիլոմետրանոց գիծ են ուզում բացել:

-Հայաստանում մտածելակե՞րպն է տարբեր:

-Հայաստանում սովորաբար շարժիչ ուժը մի խումբ հարուստներ են, ովքեր բացարձակապես հաշվի չեն առնում ոչինչ: Նրանց համար միակ բանը գումարն է. փող ունեն և ինչ ուզում, անում են: Իրենց հետաքրքող միակ բանն իրենց բիզնեսն է: Ազգային մտածելակերպ չունեն: Միգուցե սխալվում եմ, բայց պանորամայի, արժեքի հասկացություն չկա:

Թող Նյու Յորքի պես սարքեն, բայց հաշվի առնեն՝ առաջին հերթին որքանո՞վ է ճիշտ սեյսմիկ իրավիճակի, երեխաների համար, ի վերջո այդ շենքերում երեխաներ ապրելո՞ւ են, թե՞ ոչ, պե՞տք է ունենան խաղալու տեղ, թե՞ ոչ: Դա էլ պետք է մտածել, չէ՞: Երևանի կենտրոնից երևի 10 րոպե քայլեք ցանկացած ուղղությամբ, կտեսնեք՝ գյուղ է սկսում: Երևանում կան տեղեր, որտեղ կարող են սարքել իրենց ուզածը, բայց ոչ պատմական տեղերում: Հատուկենտ մի քանի հին շինություններ վերացվել են: Հիմա եթե ֆասադը համարկալեցին, տարան իրենց բակում կառուցեցին, ի՞նչ դրանից: Իսկ Պրահայում եթե քայլում եք կենտրոնում, այն անփոփոխ է, ինչպես 500 տարի առաջ էր: Հիմա Չեխիայի հնության պաշտպանության կոմիտեից մեծ բողոքներ կան ցուցանակային գովազդների դեմ: Ուզում են արգելել գովազդները, նաև դրսում տեղակայված սրճարանները, որոնք փոխում են քաղաքի համայնապատկերը՝ պանորաման: Գովազդների պատճառով կորում է քաղաքի հմայքը:

-Էդ դեպքում երևանցիները կամ ընդհանրապես ՀՀ քաղաքացիներն ի՞նչ կարող են անել: Պայքարի, դիմադրության ինչ-որ ձև կա՞:

-Դժվար է ասել, որովհետև ինձ թվում է՝ ամենակարևոր գործոնը՝ խղճի ու մորալի, արդեն չկա: Անձամբ գիտեմ, որ մարդիկ կան, ովքեր խելոք խոսում են, հրաշալի գաղափարներ ունեն, բայց իշխանություն ձեռք բերելուց հետո փոխվում են: Այն մարդիկ, ովքեր անում են այդ բաները, երևի մի 20 տարի առաջ ուրիշ ձևով էին խոսում կամ անում: Կուզեի, որ չկորցնեին իրենց խիղճը:

-Ինչի՞ են փոխվում:

-Մտնում ենք ուրիշ ասպարեզ: Բնությունն է այդպիսին: Նույնիսկ ապացուցված է, որ երբ մարդ ստանում է պաշտոն, նրա մոտ կատարվում են հորմոնալ փոփոխություններ:

-Բայց չեխերն էլ են ստանում պաշտոն:

-Ավանդույթի հարց է, մշակույթի հարց է: Ավանդույթն իր մշակույթն ունի: Հայաստանում կորսված է դա: Մեր եկեղեցիների բակերում տախտակներ կան, որտեղ գրված է՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանության տակ են: Նայում ես, տեսնում, որ այդ տախտակն էլ գցել են գետնին: Ու զարմանում ես, թե որտե՞ղ է այդ պաշտպանությունը, որտե՞ղ է մարդկանց գիտակցությունը:

-Ի՞նչ կուզեիք, որ փոխվեր Հայաստանում:

 -Կուզենամ, որ Հայաստանը լինի լավ իրավիճակի մեջ, որովհետև ամենահրաշալի երկիրն է: Հիմա կասես՝ բա ինչո՞ւ ես դու էստեղ: Ցավում եմ, որ Հայաստանում պայմաններն այնպիսին չեն, որ մարդիկ մնան: Իմ երազանքն է՝ Հայաստանում պայմաններն այնպիսին դառնան, որ բոլորը վերադառնան: Ֆանտաստիկ բան է:

Պրահա-Երևան