Սիրիայից Հայաստան վերադարձած քաղաքացին պնդում է` խախտվել է իր գույքային իրավունքը

11:11, 11 դեկտեմբերի, 2015

Ֆրիդա Հարությունյանը 1992թ.-ից` 20 տարի ապրել է Սիրիայում: «1991-ին ընդունել եմ հորս ժառանգությունը, որով հաստատվել է` երևանյան հայրական տունը, որտեղ մեծացել եմ, ամբողջությամբ ինձ է պատկանում: Ու միշտ գիտեի` տուն ունեմ Երևանում, վերադառնալու տեղ ունեմ»,- ասում է «Հետքին» դիմած Ֆրիդա Հարությունյանը:

Տիկին Հարությունյանը Սիրիայի պատերազմի պատճառով կորցրել է ամուսնուն և ամեն ինչ, ինչպես հարյուր հազարավոր մարդիկ: 2012-ին վերջնականապես հաստատվել է Երևանում, սակայն ապրում է բարեկամի բնակարանում, քանի որ, իր խոսքերով, «կտակի հիմքով իրեն պատկանող Վարդաշեն 8-րդ փողոցի 58 տունն իրենից «խլել» են»: 

Նա պատմեց, որ այդ 20 տարիներին ընթացքում պարբերաբար եկել է Հայաստան, իսկ 1998-ից` էլ ավելի հաճախ: Տիկնոջ պատմելով` պատճառը տարբեր դատական քաշքշուկներն են եղել:

«Կեղծիքների պատճառով զրկվել եմ կտակով ինձ պատկանող գույքից»,- ասաց քաղաքացին, ով ավելի քան 15 տարի պայքարում է դատական ատյաններում, որպեսզի կտակով իրեն պատկանած գույքը հետ վերադարձնի: 

Պետական համապատասխան մարմիններին ուղղված դիմումներում Ֆրիդա Հարությունյանը ներկայացրել է ապացույցներ, որ Վարդաշեն 8-րդ փողոցի 58 տան միակ ժառանգն է (առկա են ըստ կտակի ժառանգության և տան սեփականության վկայականները): Սակայն, նրա կարծիքով, հայաստանյան դատարաններում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա կայացվել են ապօրինի վճիռներ, ինչի հետևանքով ինքը զրկվել է կտակով իրեն պատկանող անշարժ գույքից:

Ըստ տիկին Հարությունյանի` խորթ եղբայրը` Ռոբերտ Արզումանյանը, օգտվել է այն հանգամանքից, որ ինքը Սիրիայում է ապրել: «Գալիս էի Երևան, բայց մնալուս ժամկետը լրանում էր, ստիպված հետ էի գնում Սիրիա ու դատական պրոցեսներից հաճախ հետ էի մնում»,-ասում է տիկին Հարությունյանը` նշելով, որ Ռոբերտ Արզումանյանը դատարան է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, որոնք ընդունվել են դատարանի կողմից որպես հիմք: Այդ ամենի հետևանքով, քաղաքացու պնդմամբ, խախտվել են իր գույքային իրավունքները: 

Ֆրիդա Հարությունյանը նշեց, որ քաղաքացիական դատարանում իր խորթ եղբոր կողմից ներկայացվել է 26.04.1961թ. Լենինյան շրջանի ժող. դատարանի վճիռը, որտեղ ընդհանրապես չկա Ռոբերտ Արզումանյանի անունը: Սակայն դատարանը հիմք է ընդունել դա, դատախազությունն էլ նույնը հիմք ընդունելով` նշել է, որ այդ վճռով Ռոբերտ Արզումանյանին է հատկացվել վեճի առարկա տան մեկ սենյակը, «այն դեպքում, երբ այդ ժամանակ նույն այդ սենյակում ապրում էր իմ եղբայրներից ավագն իր ընտանիքով»:

Ըստ Ֆրիդա Հարությունյանի` դատական վճիռներում գոյություն չունեցող փաստ է ներկայացվել. «Լենինյան շրջանի ժող. դատարանի 21.04.1961 թ. վճիռ որևէ արխիվում գոյություն չունի: 3 օր նստել եմ արխիվում, ուսումնասիրել եմ բոլոր նյութերը, ներկայացրել եմ դատարան: Բայց ոչինչ հաշվի չի առնվում: 14 էջանոց դիմում եմ ներկայացրել, բայց պատասխանել են, որ կասկածելով ու ենթադրելով եմ գրել»: Ապա հռետորական հարց է տալիս. «Որևէ դատավոր կարո±ղ է կտակով գույքը ձեռքիցդ վերցնի առանց շահի: Կա± էդպիսի երկիր»:

Սակայն Ռոբերտ Արզումանյանը պնդում է, որ Ֆրիդա Հարությունյանն իրեն զրպարտում է, որ ինքը դատարան է ներկայացրել օրինական փաստաթղթեր, որ օրինական ուժի մեջ մտած 18.06.2004թ. վճռի հիման վրա Կադաստրի կոմիտեն հաստատել է իր սեփականության իրավունքը Վարդաշենի 8-րդ փողոցի 58 տան` 56,6 քմ մակերեսով հատվածի վրա: Նա նշում է, որ 58 տան մյուս մասի սեփականատերը Ֆրիդա Հարությունյանն է, որտեղ բնակվում է վերջինիս որդին` ընտանիքով:   

Մինչդեռ փաստաթղթերի կեղծ լինելու մասին Ֆրիդա Հարությունյանն ահազանգել է տարբեր պետական մարմիններ, այդ թվում նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին`կցելով 28 անուն փաստաթուղթ: ԱԺ-ից նրա դիմումն ուղարկվել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ այս տարվա հուլիսի 9-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Մերժման որոշումն օրինական է համարել Երևան քաղաքի դատախազը: Հետաքննության մարմինն ու Երևանի դատախազությունը գտել են, որ կեղծված փաստաթղթերի մասին որևէ ապացույց չի հայտնաբերվել և սպառվել են դրանք հայտնաբերելու միջոցները, Ռոբերտ Արզումանյանի արարքում էլ հանցակազմը բացակայում է:

Երևանի դատախազի ու ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի որոշումները բողոքարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում: Սակայն Ֆրիդա Հարությունյանի բողոքը մերժվել է`անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս պահին նա բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը կլսվի դեկտեմբերի 17-ին: