Հայկ Կյուրեղյանի կարծիքով, իշխանությունը զավթված է, զավթված են նաև դատարանները

16:37, 30 նոյեմբերի, 2015

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ սեպտեմբերի 15-ի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի 316 և 258 հոդվածներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն):

Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի դիմաց կայանած մեքենաներից մեկի վրա, ապա օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել:

Ըստ քրեական գործի` տուժել էր 5 ոստիկան. նրանք ստացել էին թեթև մարմնական վնասվածքներ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել էր որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած  դատական պրոցեսի գրեթե ողջ ընթացքում ամբաստանյալը զրկված էր նիստերին ներկա գտնվելու իրավունքից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ (Կյուրեղյանը ոտքի չէր կանգնում նիստերի ժամանակ):

Հայկ Կյուրեղյանը ոտքի չկանգնեց նաև այսօր` Վերաքննիչ քրեական դատարանում: Դատավորների հարցերին պատասխանում էր նստած: Ասաց, որ հրաժարվել է փաստաբան ունենալուց առհասարակ, քանի որ իրավական չի համարում դատարանները. «Մարդկանց փակելու գործիք է ընդամենը… իշխանությունը զավթված է, բնականաբար զավթված են նաև դատարանները»:

Կյուրեղյանն իր հետ բերել էր թղթի վրա գրված մի կարգախոս. «Կեցցե Հայաստանը, որը վաղն է գալու»: Իսկ դատավճռի անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը նա ընդունեց ծափերով: Վերաքննիչ դատարանից նա պահանջել էր միայն արդարացում:

Դատախազ Վահե Ասատրյանը գտավ, որ Հայկ Կյուրեղյանի բողոքը պետք է մերժվի, քանի որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն օրինական է: Դատախազի համոզմամբ, նշանակված 9 տարվա ազատազրկում պատիժը խիստ չէ. «Ողջամիտ պատժաչափ է, որով վերականգնվում է սոցիալական արդարությունը»,-ասաց մեղադրողը:

Կյուրեղյանը նշեց, որ չի տեսել այն տեսաերիզը, որը հետազոտվել է առաջին ատյանի դատարանում, չնայած գրել է դիմում և իրեն պատասխանել են, որ դեռ նախաքննության փուլում դեպքի օրը կատարված տեսաերիզը գործի նյութերի հետ տրամադրվել է կողմին: Հայկ Կյուրեղյանի պնդմամբ, տեսաերիզ գործի նյութերի մեջ չի եղել:

Ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանն ասաց, որ որևէ ակնկալիք չունեն հայաստանյան դատական ատյաններից` նշելով, որ  պարզապես պետք է սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցներն ու բողոքը տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Բացի այդ, Հայկը ևս մեկ անգամ ցանկացավ ցույց տալ, որ դատարանների սնանկությունը, որ այս դատարանները ոչինչ են, որ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի, այն գործիք է այս իշխանավորների ձեռքին, որոնք տեռորի են ենթարկում ժողովրդին»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Կյուրեղյանի հայրը գտնում է, որ մեր դատարաններ հրահանգը վերևից իջեցվում է և համապատասխան որոշումը կատարվում է. «Իսկ մարդն ինչպե՞ս պետք է պաշտպանվի: Հայկն ուղղակի իր ակցիայով ցույց էր տալիս, թե ինչպես պիտի մարդը պաշտպանվի նման ռեժիմից: Չեմ կարծում, որ Հայաստանի դատական համակարգում լինի մի դատավոր, ով կարողանա որոշում կայացնել իր խղճի թելադրանքով»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը: