Անմեղ քաղաքացուն 34 տարի համարել են մարդասպան

12:31, 30 նոյեմբերի, 2015

Երբ գրում եմ դատական ճակատագրական սխալների զոհերի մասին, թվում է` նույն պատմությունն եմ պատմում: Բայց յուրաքանչյուր դեպք յուրովի ողբերգական է, երբ տասնյակ տարիներ անմեղ քաղաքացիները պատիժ են կրել իրական հանցագործների փոխարեն:

Օրեր առաջ գրել էինք 36 տարի բանտում անցկացրած Մայքլ Ռեյ Հայլայնի մասին, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1978 թ.-ին կատարված մեկ անձի սպանության մեղադրանքով: Անցյալ տարի`2014-ին Մայքլ Ռեյ Հեյլայնն արդարացման դատավճռով վերադարձել է հասարակություն: Ամերիկյան արդարադատությունն ընդունել է սեփական սխալը, որը մարդու կյանքից խլել է 36 տարի: Հենց այդքան ժամանակ ԱՄՆ քաղաքացին պատիժ է կրել բանտում իրական մարդասպանի փոխարեն: Տեղադրել էինք Մայքլի ու նրա կնոջ լուսանկարները`36 տարվա տարբերությամբ:

Մայքլ Ռեյ Հայլայնը` կնոջ հետ 36 տարվա տարբերությամբ

Նմանատիպ երկու լուսանկար ունեն ԱՄՆ քաղաքացիներ Լյուիս Ֆոգլն ու նրա կինը` Դեբորա Ֆոգլը (գլխավոր լուսանկարում): Այս անգամ դրանք արվել են 34 տարվա տարբերությամբ:

Այս տարվա օգոստոսին 34 տարվա անազատությունից հետո 64-ամյա Լյուիս Ֆոգլը վերադարձել է հասարակություն այն բանից հետո, երբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ կատարված ԴՆԹ թեստն ապացուցել է` Ֆոգլը բացարձակ անմեղ է:

Իսկ ամեն ինչ սկսվել էր 1976 թ-ին, երբ ԱՄՆ Ինդիաննա նահանգում հայտնաբերվել էր 15-ամյա Քեթի Լոնգի դիակը` բռնության հետքերով: 30-ամյա Լյուիս Ֆոգլը 1982 թ.-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Դատարանը հիմք էր ընդունել համակարգի հետ համագործակցող երեք վկաների կեղծ ցուցմունքները: Ֆոգլը մշտապես պնդել էր, որ անմեղ է ու պայքարել  քրեական գործի վերաբացման համար: Երեք տասնամյակ նա տարբեր կերպ վիճարկել էր իր դատավճիռը, և միայն «Անմեղության ծրագրի» միջոցով  կարողացել էր հասնել գենետիկական փորձաքննության անցկացման, ինչն էլ ապացուցել էր նրա անմեղությունը:

«Երբ դատապարտվեցի, ես ունեի այն ամենն, ինչ ուզում էի` աշխատանք, հրաշալի կին, երկու երեխա: Իսկ հետո` հոպ, ու ամեն ինչ կորավ»,- ասել է Ֆոգլն, ում հանրությունը 34 տարի համարել է հանցագործ ու մարդասպան: Հիմա նա ունի թոռնիկներ:

Սակայն ավելի քան 3 տասնամյակ իրական մարդասպանի փոխարեն պատիժ կրելուց հետո ազատություն վերադառնալով` Լյուիսի խնդիրները չեն ավարտվել. նա ունի հոգեբանական լուրջ բարդույթներ կյանքի իմաստավորման, աշխատանքային նոր հմտություններ ձեռք բերելու հետ կապված: Շաբաթական երկու անգամ նրան այցելում են սոցիալական աշխատողն ու հոգեբանը: Անգամ մարդաշատ վայրերում, երբ 64-ամյա Ֆոգլը ոստիկան է տեսնում, խուճապի է մատնվում. նրան թվում է` նորից կձերբակալեն իրեն:  Այս մասին գրում է Pittsburgh Post-Gazette-ը:

Լյուիս Ֆոգլը` կնոջ ու թոռան հետ Լյուիս Ֆոգլի բանտային տարիներին ստեղծած նկարները

Քնած, թե արթուն նա չի կարողանում համակերպվել, որ կյանքի կեսից ավելին անարդարության զոհ է եղել: Դեպրեսիվ է, տանում է ուժեղ սթրես` զուգակցված բարկության ու անարդար պատժի հետևանքների հետ:

«Ես 34 տարի սովորել եմ ցույց չտալ իմ զգացմունքները, եթե դրանք չես թաքցնում, ուրեմն համարվում ես թույլ»,- պատմել է Լյուիսը, ով մանկությունից ունեցել է ծանր կյանք, ապրել են աղքատ, ստիպված աշխատել է 14 տարեկանից, որ պահի ընտանիքը, նախկինում դատապարտվել է գողությունների համար:

«Ես երբեք չեմ եղել հրեշտակ, բայց երբ ինձ ձերբակալեցին, մտածում էի` կատակ է, հիմա կազատեն: Մտածում էի` չեն կարող ինձ դատապարտել, չէ որ հանցանք չեմ արել»,- ասել է 64-ամյա անմեղ դատապարտվածն, ով այժմ էլ պայքարում է դրամական փոխհատուցում ստանալու համար:

34 տարի Ֆոգլը բանտում զբաղվել է նկարչությամբ ու մասնակցել տարբեր մրցույթների: Ազատվելիս իր հետ վերցրել է նկարները, դատական վիճարկումների հսկայածավալ փաստաթղթերը ու Աստվածաշունչը:

2005 թ-ին Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Ադրիան Տ. Գրաունդը կատարել է ուսումնասիրություն` «Ապօրինի ազատազրկման հետևանքները» թեմայով, որտեղ նկարագրված են անարդար դատապարտվածների հոգեբանական ապրումներն ու խանգարումները: Ըստ այդմ, անարդար դատապարտվածներն ունենում են տրավմատիկ, իսկ ազատվելուց հետո` հետտրավմատիկ սթրես: Բացի այդ, ունենում են անվստահության սուր զգացում շրջապատող աշխարհի նկատմամբ, ինչպես նաև օտարության, անհուսության, սոցիալական մեկուսացման, դատարկության զգացումներ:

Առաջին լուսանկարում` Լյուիս Ֆոգլը` կնոջ հետ` 34 տարվա տարբերությամբ

Լուսանկարները` forensic-news.com