Մահացել է ցմահ բանտարկյալ Կարեն Բոյաջյանը

20:20, 9 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ Կարեն Սերգեյի Բոյաջյանը: Այս լուրը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը `տեղեկացնելով, որ նա կոմայի մեջ է ընկել: Հարցին, թե ինչն է եղել մահվան պատճառը, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ ամեն բան պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում 1992 թ-ին` ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով` մեղադրվելով մեկ անձի սպանության մեջ: Նա համարվում է անկախ Հայաստանում առաջին դատապարտվածներից մեկը: 1991-ին ՀՀ-ի`ՄԱԿ-ի անդամ դառնալով` մորատորիում էր հայտարարվել մահապատժի իրագործման նկատմամբ, այսինքն` մահապատժի դատավճիռները թեպետ հրապարակվում էին դատարանների կողմից, սակայն չէին իրագործվում: Իսկ 2003 թ-ին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման:

2014 թ-ի հուլիսից ցմահ բանտարկյալը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում: Տառապել է հոգեկան հիվանդություններով: Պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, որը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թ-ի մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ, նշված է. «Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն), անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը»: Մեր ունեցած տեղեկություններով, պատժի կրման վերջին տարիներին Կարեն Բոյաջյանը չի գիտակցել իր գործողությունները: Նշենք, որ չի ունեցել իր սեփական ընտանիքը, իսկ ծնողները մահացել են տարիներ առաջ:  

Հ.Գ. «Հետքը» դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտ Կարեն Սերգեյի Բոյաջյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Մենք ստացել ենք թույլտվություն, ուստի շուտով կներկայացնենք նաև քրեական գործի մանրամասները: