Եվրախորհուրդը որեւէ երկրի երբեւէ կասի՞, որ այն չի կարող լինել ԵԽ անդամ այդ կառույցի սկզբունքները չհարգելու համար

00:30, 17 հոկտեմբերի, 2015

Ստրասբուրգում հոկտեմբերի 14-ին ավարտվեց Եվրախորհրդի կազմակերպած «Արտահայտման ազատությունը դեռեւս նախապայմա՞ն է ժողովրդավարության համար» թեմայով երկօրյա կոնֆերանսը: 50 երկրից 300-ից ավելի մարդ էր մասնակցում այս կոնֆերանսին, որոնց թվում էին լրագրողներ, իրավաբաններ, դատավորներ, եվրոպական կառուցների եւ ազգային կառավարությունների ներկայացուցիչներ: 

Նրանք գնահատեցին արտահայտման ազատության քրեականացման, ատելության խոսքի աստիճանը Եվրոպայում, քննարկեցին՝ ինչպես պայքարել ահաբեկչության դեմ՝ հարգելով արտահայտման ազատությունը, եւ ինչ հետեւանքներ է ունենում զանգվածային հսկողությունը ազատ արտահայտման վրա:                    

Ելույթների եւ քննարկումների հիմնական թիրախը Ադրբեջանը եւ Թուրքիան էին, որտեղ մտահոգիչ է խոսքի եւ մամուլի ազատության վիճակը, լրագրողների հանդեպ բռնություններն ու հետապնդումները, նրանց նկատմամբ հարուցվող քրեական գործերը եւ քրեական մեղադրանքներով դատապարտումները: Բազմաթիվ մասնակիցներ մատնացույց արեցին ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ շինծու մեղադրանքը եւ նրա ազատազրկումը: Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի մտահոգության առարկա երկրներն են Ռուսաստանը, Հունգարիան, Ադրբեջանը եւ Թուրքիան: Ինչպես միշտ է լինում միջազգային կոնֆերանսներում, ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ էլ ասաց, որ Եվրոպան ուզում է աղավաղել իրենց երկրի դեմոկրատական կերպարը, այդ իսկ պատճառով ապատեղեկատվություն է տարածում, եւ իրականում այստեղ լրագրողներն ազատազրկվում են այլ պատճառներով, ոչ թե իրենց մասնագիտական գործունեության համար:

Եվրոպական կառույցներն առաջին անգամ չէ, որ քննադատում են անդամ պետություններին իրենց երկրներում մարդու իրավունքների եւ մասնավորապես լրագրողների իրավունքների ոտնահարման համար: Բայց հաճախ այդ քննադատության հասցեատեր իշխանություններն անտեսում են այն եւ շարունակում ճնշել մամուլի ներկայացուցիչներին, որովհետեւ քննադատությունն իրավական հետեւանքներ չի առաջացնում:

Իրավական մեկնաբան եւ լրագրող Ջոշուա Ռոզենբերգը կոնֆերանսին ասաց. «Պետք է ամոթ ասել եւ անուն առ անուն տալ այն պետությունների անունները, որոնք չեն հարգում խոսքի ազատության իրավունքը»: Սակայն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ներկայացնող Գվոզդեն Սրեկո Ֆլեգոն (Gvozden Srecko Flego) ասաց, որ անուն եւ ամոթ տալու (naming and shaming) մեխանիզմն այլեւս արդյունավետ չէ, Նախարարների կոմիտեն պետք է մտածի այդ ուղղությամբ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության քարտուղար Քրիստոֆ Դելուարն էլ պահանջեց խոսքի եւ արտահայտվելու ազատության միջազգային իրավունքը կիրառող նոր մեխանիզմ գործարկել:

Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի (Dunja Mijatovic) կարծիքով` «Պետությունների ղեկավարներին միայն քաղաքական կամքն է պակասում, այլապես առկա են անհրաժեշտ բոլոր իրավական փաստաթղթերը խոսքի ազատության պաշտպանության համար»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության քարտուղար Քրիստիան Դելուարը, որը զեկուցում էր «Հանրային, ազատ եւ բազմակարծ քննարկումը` ժողովրդավարության հիմնական պայման. ինչպես նպաստավոր միջավայր ստեղծել» թեմայով, առանձնացրեց մի քանի հանգամանք, որոնք խոչընդոտում են հասարակական քննարկումներին: Հիշեցնելով ֆրանսիական «Շարլի Էբդո» պարբերականի խմբագրությունում կատարված ահաբեկչությունը` նա ասաց, որ լրագրողներն անպաշտպան են. Շարլիի լրագրողները սպանվեցին այն դեպքում, երբ նրանց մի քանի ոստիկանական մեքենաներ էին հսկում: «Աշխարհը ինֆորմացիոն պատերազմի մեջ է, եւ կառավարություններն օգտագործում են ԶԼՄ-ներին այդ պատերազմում իրենց պրոպագանդայի համար»: Հաջորդ լուրջ սպառնալիքը, ըստ Դելուարի, տեղեկատվության միջոցների կենտրոնացումն է օլիգարխների ձեռքում: Նա ներկայացրեց Ֆրանսիայի օրինակը, որտեղ ընկերությունների 4 խումբ տնօրինում է երկրի հիմնական օրաթերթերը, 4 միլիարդատեր տնօրինում է տեղեկատվական բիզնեսի 80%-ը:

Երրորդ սպառնալիքը «Իսլամական պետությունն է», որը կիրառում է «իր խոսքի եւ արտահայտվելու ազատությունը»:

Կոնֆերանսի առանցքային թեմաներից էր նաեւ «Ահաբեկչության դեմ պայքարը եւ լրագրությունը»: Եվրոպական մի շարք երկրներում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով լրագրողների իրավունքները սահմանափակող օրենքներ եւ իրավական ակտեր են ընդունվել, որոնք մտահոգիչ են խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից: Լրագրողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ռիկարդո Գիտերեզն (Ricardo Gutierrez) ասաց, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրությունն իրականում լրագրողներին լռեցնելու նպատակ ունի: Նա նշեց Թուրքիայի օրինակը, որտեղ 22 լրագրող բանտարկված է ահաբեկչության մեղադրանքով եւ ասաց, որ խոսքի ազատությունը պետք է պաշտպանվի բոլոր պարագաներում, անգամ՝ ահաբեկչության դեմ պայքարի:

Խոսվեց նաեւ Եվրոպական դատարանի՝ լիտվական «Դելֆի» տեղեկատվական պորտալի գործի վերաբերյալ կայացրած որոշման մասին, որով խմբագրություններին պարտավորեցվեց մոդերացնել իրենց կայքերում տեղ գտնող մեկնաբանությունները, այլապես նրանք կկրեն պատասխանատվությունը այդ մեկնաբանություններում տեղ գտած զրպարտության եւ վիրավորանքի համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ռոբերտ Սպանոն (Robert Spano) ասաց, որ ինտերնետում ինֆորմացիայի եւ մեկնաբանությունների հոսքը պետք է ազատ լինի այնքան ժամանակ, քանի դեռ չկա պոտենցիալ զոհի կողմից ծանուցում:

Հայաստանը հիշատակվեց այն երկրների թվում, որտեղ բռնություններ են կատարվում լրագրողների նկատմամբ: 2014-ին Եվրախորհուրդը գործարկել է Լրագրության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության խթանման օնլայն պլատֆորմը, որի նպատակը Եվրոպայում մամուլի ազատության ոտնահարումների մասին ահազանգելն ու դրանք կանխելն է, ինչպես նաեւ այդ դեպքերի մասին տեղեկությունների համակարգումն ու տարածումը: 7 միջազգային լրագրողական կազմակերպություններ` «Լրագրողներ առանց սահմանների»-ն, «Լրագրողների միջազգային ֆեդերացիա»-ն, «Լրագրողների եվրոպական ընկերակցություն»-ը, «Լրագրողների եվրոպական ֆեդերացիա»-ն, «Արտիկլ 19»-ը, «Գրաքննության ինդեքսը»-ը եւ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն ԵԽ անդամ-պետություններում իրենց զեկուցողների միջոցով այս հարթակում ահազանգում են մամուլի եւ լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերի մասին, իսկ անդամ պետությունների կառավարություններն արձագանքում են` ներկայացնելով ահազանգերի առնչությամբ իրենց ձեռնարկած քայլերի մասին: Հայաստանում տեղի ունեցող բռնության կամ սպառնալիքի, լրագրողների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտների մասին  զեկուցում է «Լրագրողների եվրոպական ընկերակցություն» կազմակերպությունը, որի անդամ է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Հարթակում արդեն 2 ահազանգ է գրանցվել Հայաստանի մասին` այս տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցի ցրման ժամանակ մամուլի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները եւ լուսանկարիչ Անի Գեւորգյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ոստիկանության ներկայացուցիչների կողմից: Առաջինին ՀՀ կառավարությունն արձագանքել է, երկրորդը թողել է անարձագանք:     

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ռիկարդո Գիտերեզն (Ricardo Gutierrez) ասաց, որ այս օնլայն հարթակի արդյունավետությունն այն է, որ կառավարություններն արձագանքում են եւ հաշվետվություն տալիս, մինչդեռ նախկինում դժվար էր նրանցից արձագանք ստանալ: Սակայն պետք է այս հարթակում ներգրավել նաեւ ԵԽԽՎ-ին, որպեսզի կառավարությունները ոչ միայն արձագանքեն, այլեւ քայլեր ձեռնարկեն նման դեպքերը կանխելու ուղղությամբ: