Շատախոսությունն արվեստում, անկողնում եւ աղոթքի ժամանակ տանել չեմ կարողանում

17:33, 9 նոյեմբերի, 2011

Կինոռեժիսոր Արման Երիցյանի հետ զրուցելը դժվար է, երբ այն նախատեսված է հրապարակելու համար:

Ռեժիսորական ոչ ստանդարտ մտածելակերպը եւ աշխարհայացքը նրա հետ զրուցելիս կարող են հեռուն տանել: Բայց մեկ անգամ Արմանի հետ զրուցելուց հետո լայն տեսադաշտ է բացվում կինոինդուստրիայի, մարդու աշխարհայացքի եւ, ինչպես ինքն է սիրում ասել, «միկրոկլիմայի»  մասին: Կեսգիշերային սրճարանի յուրաքանչյուր ատրիբուտը, աշխատակիցը նրան հետաքրքրում է. նա ուսումնասիրում է, հետո րոպեներ տեւող լռությունը փոխարինվում է հանդարտ զայրույթով. «Շատախոսությունն արվեստում, անկողնում եւ աղոթքի ժամանակ տանել չեմ կարողանում»:

Ֆիլմերը, որ անում ես, երկար մտածելու տեղիք են տալիս եւ ի վերջո դառնում են խոսակցության առարկա: Երբ հերթական ֆիլմն ես պատրաստում, համոզված եմ, նախեւառաջ գիտակցում ես դրա ազդեցությունը:

Հիշում եմ Խաչիկ Չալիկյանի ասածը, որ աշխարհի մեծագույն արվեստը մարդկային փոխհարաբերություններն են, դրա իմացությունը. այս նախադասությունն արդեն կրկնում եմ մոտ յոթ տարի, եւ մտքի նշանակությունը մինչ հիմա ինձ հետապնդում է. բառերն ու մտքերն էլ ընկերոջ նման են, բայց կան մտքեր, որ անընդհատ քոնն են, քեզ կպած: Դա հիպնոզի նման բան է: Հիմա ես քեզ հետ խոսում եմ, չէ՞. ես կարողանում եմ քեզ բացել, դու կարողանում ես քեզ վստահել ինձ քո կյանքը, քո կերպարը. մենք ընկերանում ենք, եւ շփման մեջ որոշակի բարիերներ արդեն կորչում են: Ու էդ հիպնոզը սկսում եմ քո դեմ օգտագործել, դու` իմ դեմ, ու դա շատ սիրուն է: Նույնն  էլ կինոյում է. դու կարող ես մի միկրոկադրով ինչ-որ հարց լուծել, դա զգալու բան է: Զգացողությանը գալիս են աստիճանաբար`սովորելով, փորձ ունենալով… Շատերին գիտեմ, որ փորձ եւ կրթություն ունեն, բայց նրանց որպես… Թերեւս միայն ես գիտեմ:

Այդ հիպնոզի կարողությունն ունենալո՞վ է, որ ստեղծում ես ֆիլմեր, թե՞ կա մի այլ բան ամենավերջին զգայական մակարդակում, որ ստեղծագործելու ուժ է տալիս:

Եթե դու ամենա-ամենան ես, ուրեմն արդեն չկաս: Արվեստում վերջին եւ վերջ չկա: Ես  ինքս արվեստում դեռ օրգազմ չեմ ունեցել եւ չգիտեմ` երբ կլինի:

Արվեստով մարդկանցից շատերն ասում են, որ հենց էդ «ամենայի» ազդեցությամբ են գործում: Փաստորեն դա ուղղակի հիպնոզն է…

Իհարկե: Երբ ես փոքր էի ու չգիտեի`ինչ է կլասիկան, Վիվալդի, Արամ Խաչատրյան լսելուց հետո ասում էի. «Լավ, էս ինչ ա գրել որ. ես էլ կարող եմ»: Եվ նույնը՝ կինոյի մասին եւ ընդհանրապես: Էդ էնքան հասանելի ու զորեղ է, որ քեզ թվում է` դու էլ կարող ես: Հենց դրա մեջ է գաղտնիքը… Եվ դա հեշտ չի… Իսկ մարդիկ մտնում են դրա մեջ ու սկսում  իրենց «կեղտոտ» թաթիկներով խառնել էդ արվեստը, պղտորել ջուրը: Ու այդ պահին ավարտվում է հիպնոզի ազդեցությունը… Նշանակությունը… Եվ, համենայնդեպս իմ դեպքում, կորչում է այդ  հիպնոզի ներկայության նշանակությունը:

Ամեն դեպքում հիմա մասսայական շատ բան է ստեղծվում. երաժշտություն, պոեզիա, ֆիլմ, որը կարող ենք նաեւ նայել ես ու դու…

Ես չեմ կարող:

Փաստորեն այն, ինչ մասսայական է, արվեստի հետ կապ չունի՞:

Այս հարցին այլ դիտանկյունից մոտենամ: Հայաստանն ինձ համար, ինչքան հիշում եմ,  երկու հարյուր հոգուց է բաղկացած, աշխարհը, հույս ունենամ`երեք հազար: Ինձ համար մասսաներ չկան: Ես ուղղակի սիրում եմ նրանց մեջ լինել:

Այդ  երկու հարյուրի համա՞ր ես ֆիլմ ստեղծում:

Ես ուղղակի ասում եմ, որ նրանք երկու հարյուրն են, իսկ մնացածին ոչ ճանաչում եմ, ոչ  չեմ ճանաչում. նրանք դեռ  չկան:  Դու մի բան ստեղծելիս պետք չի մտածես` անես այնպես, որ մարդուն դուր գա… Այլ պետք է անես մի բան, որ մի քայլ առաջ է, որ կտանի իր հետեւից էդ երկու հարյուրին, նրանք էլ  իրենց հետեւից երկու հազարի, մյուսները`երկու հարյուր հազարի….

«Մի քայլ առաջ» նշանակում է ստեղծել մի բան, որ դեռ շոշափելի չէ, հասանելի չէ մարդուն: Ուրեմն դու նրանց նաեւ պետք է պատրաստե՞ս դա հրամցնելուց առաջ:

Ես ունեմ հոգսեր. ես Մարսից իջած չեմ, ոչ մարգարե, ոչ էլ հրեշտակ եմ: Սովորական մարդ եմ, որը գործ է անում: Բայց ես գիտեմ որոշակի բաներ ու տանում եմ գործը առաջ: Վատը այն է, որ «նրանք» «10-ի Բ»-ի վերջին զանգին հատուկ փոփոխություններ կարող են մտցնել քո ստեղծածի մեջ եւ դա հրամցնել մարդուն: Գիտե՞ս, երբ սեքսով ես զբաղվում կնոջ հետ, որին չես սիրում, դա անում ես ուղղակի… Իսկ ես ուղղակի չեմ կարող: Հոդդոգային մտածելակերպը կործանարար է. երբ միեւնույն նախադասությունը նրանք կարող են կիրառել կինոյում. հա բա մարդը կարող է այս պահին զուգարանում է, կամ էլ ասենք`սուրճ է խմում եւ ուշադիր չի լսել… պոֆիգիզմ է տիրել աշխարհում, արվեստի մեջ… Եվ ընդհանրապես:

Հիմա կինոինդուստրիան եւ ցանկացած այլ բնագավառ հասանելի է դառնում նախեւառաջ պրոդյուսինգի, գովազդի միջոցով: Լավագույն գործերը չունե՞ն  դրա կարիքը:

Ինչպես կինը, ինչպես տղամարդը, ինչպես նորածին երեխան եւ ամեն ինչ աշխարհում, պրոդյուսինգի կարիք ունի:

Մի՞շտ է դա եղել:

Այո, միշտ: Սարսափելին գիտե՞ս` որն է… Որ ես դեռ մի հոգի չեմ գտել, որ նայի ֆիլմս ու ասի` ես քո ֆիլմը չհասկացա:

Հասկացողները ճի՞շտ են ընկալել:

Հա, հա…Անգամ Եկատերինբուրգում այս տարի ժյուրիի կազմում էի, որտեղ մի քանի տարի շարունակ հաղթել եմ, մի կին մոտեցավ ինձ, եւ ինքն իմ բոլոր ֆիլմերն  ուներ:

Այնուամենայնիվ , վերդառնալով նրան, որ Հայաստանում  քեզ համար կարեւորություն են ներկայացնում  «երեւի» երկու հարյուրը, դու ամեն օր շփվում ես մարդկանց հետ, լինում նրանց մեջ, լսում նրանց մեկնաբանությունները…

Այո, եւ եթե ավելորդ մարդիկ այդ տանն են`իմ ներսում, ես հաճախ նրանց ջնջում եմ: Այս պահի դրությամբ իմ միկրոկլիմայի մեջ հինգ-վեց «պզուկ» գոյություն ունի, որոնց հերթով պայթեցնելով հեռացնում եմ: Շատերն արդեն մեծացել են. էդ էլ եմ պայթացնելու… ժամանակ է պետք… Եվ թեկուզ ես էլ իրենց հետ պայթեմ, բայց չեմ թողնի իմ միկրոկլիմայում որեւէ ավելորդություն ուղղակի գա ու  կեղտոտի:

Եվ այդ ներաշխարհային փոփոխություններն ազդում են ստեղծածիդ վրա…

Ազդում է ամեն ինչ: Ազդում է անգամ այն, երբ մայրս առավոտյան ինձ արթնացնում է եւ հարցնում. «Տղաս, էսօր ի՞նչ եփեմ»: Ես իր ամեն մի մազի համար դողում եմ, բայց այդ պահին ժպտում եմ ու ասում. «Մամ, խնդրում եմ»... Ինքը միանգամից ինձ հասկանում է: Մյուսները դա չեն հասկանում ու հա ասում են. «Չէ, ասա՛…Չէ, պետք է ասես»… 

Տպավորություն է ստեղծվում, որ դու փակ դաշտ եք ստեղծել… Եվ  իրականում նույնիսկ քո կողքիններին մոտ չես թողնում:

Չեմ ուզում այս հարցին պատասխան ունենալ… Ոչ թե չեմ ուզում պատասխանել: Իրենք ինձ համար շատ կարեւոր են:

Փոփոխությունները, որոնք անընդհատ բնույթ են կրում, դժվարացնում են կյանքը…

Էս պահի դրությամբ ես ունեմ լուրջ պրոբլեմներ, որովհետեւ փոխում եմ կյանքս: 

Ամեն  ինչ փոխվում է այդ ընթացքում: Եվ ձգվում է պրոցեսը: Հետաքրքիր մի բան կա. էս քանի ամիս է՝ ես գործազուրկ եմ, բայց ես ամեն օր ռեստորաններում եմ հաց ուտում, ուրախ եմ եւ մի օր անգամ չեմ զգացել, որ կա պրոբլեմ`չնայած գիտակցելով դա:
Աղքատության եզրին եմ, բայց դա էնքան հանճարեղ բան ա... Ես հպարտ եմ, քանի որ  գիտեմ, որ վերջ է լինելու դրան:

«Բարս մեդիայից»  հեռանալդ  կապ ու՞նի դրա հետ:

Այո, այդ փոփոխության հետեւանք էր «Բարս մեդիայից» հեռանալու որոշումը:

Փաստորեն, դու  հիմա նոր պրոդյուսերի կարիք ունես…

Ես ունեմ ստեղծագործելու կարիք եւ, ի տարբերություն պրոդյուսերների, ուղղակի ապրելու`առանց  անկոչ  հյուր կոչվող շվայտության: Իսկ պրոդյուսերները կարիք ունեն փող աշխատելու: Այնպես որ, եթե մեր ցանկությունները համատեղվեն… Սովորականի պես պրոդյուսերները  կշարունակեն ինձնից  բողոքել, բայց իրենց ինչքան էլ  հարգեմ, ինձ համար դեռ կարեւորված է մնում մարդը:

Քո կյանքում անընդհատ տեղումներ են…

Ես ինձ համարում եմ հասուն մարդ: Եվ համարել եմ ավելի վաղ, երբ ես քսաներկու տարեկան էի: Հասունությունը անընդհատ ինձ հետապնդում է. ես միշտ մեծ էի երեւում տարիքիցս եւ կարողանում էի շփվել մեծերի հետ. ես զգում եմ պրոբլեմը: Երբ հարսանիքի ժամանակ անծանոթը կարող է քեզ պատմել ամենը` իր ինտիմ կյանքից սկսած, հանդուրժելը դժվար է: Իսկ ես լսում եմ… Եվ վաղուց սկսել եմ լսել նաեւ իմը:

Դու քեզ ամբողջությամբ ճանաչո՞ւմ ես:
 
Եթե ամբողջությամբ ճանաչեմ, կմեռնեմ: