Երկու պատերազմի մասնակցած եւ հաշմանդամ դարձած մարդը չի կարողանում թոշակ ստանալ բանտում

14:10, 24 հուլիսի, 2015

«Հետքին» ահազանգել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 21-րդ տարին պատիժը կրող, Գորիսի նախկին բնակիչ 49-ամյա Կամո Շալունցը, ով արծարծում է նույն հարցերը, որոնց մասին մշտապես ահազանգում են դատապարտյալները՝ պայմանական ազատում, ռեժիմների փոփոխություն, թոշակավորում:

Հարցերի հարցն, ըստ Կամո Շալունցի, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի չգործելն է. «Օրենքը տալիս է մեզ՝ ցմահ բանտվածներիս, 20 տարի պատիժը կրելուց հետո պայմանական ազատվելու իրավունք, բայց ոչ մեկին չեն հանում բանտից»,- ասաց Շելունցը: Նա պատմեց, որ իր ազատազրկման 20 տարին թեպետ լրացել է այս տարվա մայիսին, բայց վարչական հանձնաժողովը մերժել է իրեն ներկայացնել պայմանական ազատման: Պատճառաբանությունն այն է եղել, որ Շելունցը խախտում ունի. «Իբր 5 տարի առաջ սոտվի հեռախոս էին գտել խցից, բայց ես տենց բան չեմ հիշում»,- պարզաբանեց Շելունցը:

Կամո Շելունցը պատմեց, որ մասնակցել է Արցախյան պատերազմին, վիրավորվել. «Ներքևի ծնոտս չկա, երկաթից են դրել»: 1995թ.՝ 29 տարեկանում, ՀՀ գերագույն դատարանը նրան դատապարտել է մահապատժի (2003-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում)՝ մեղադրելով երկու անձի դիտավորյալ սպանության մեջ: «Հիմա էլ ասում եմ, որ դիտավորություն չի եղել, եթե ես չկրակեի, ինձ էին կրակելու,- ասում է Կամո Շելունցը՝ պատմելով, թե ինչպես են հետագայում կորզվել ցուցմունքները,- ֆանտաստիկայից դուրս ա, թե ոնց էին ծեծում»: Նա ասաց, որ երկու պատերազմի է մասնակցել՝ աֆղանական ու ղարաբաղյան, սակայն դատավճռում մի տող անգամ չկա դրա մասին: «Դատախազն ասեց, որ դրա մասին գրվի, մահապատիժ չեն կարա տան: Դե, չգրեցին, որ մահապատիժ տան»,-կարծում է Շելունցը: 

Ցմահ բանտարկյալն առաջադրում է նաև իր թոշակավորման հարցը՝ նշելով, որ դեռ սովետական անձնագիր ունի, այնպես, ինչպես ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի պարագայում էր: Երբ ասացի, որ իր պատմությունը նման է հետախույզ, նույնպես 1995թ. մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի պատմությանը, Կամո Շելունցն ասաց, որ ճանաչել է Սողոմոնին ազատության տարիներին. «Նույն տեղն էինք կռվում թուրքի դեմ»:

«Հետքի» միջոցով բանտարկյալը դիմում է պատկան կառույցներին, որպեսզի լուծվի իր թոշակավորման հարցը:

Կամո Շելունցը պատմեց, որ մայրը մահացել է տարիներ առաջ, կինը՝ 2013-ին՝ քաղցկեղից, իսկ 25-ամյա աղջիկը հաշմանդամ է. «Պատերազմի ժամանակ ռումբը որ պայթեց, 7 մետրից ընկավ, 11 տարեկանում նոր սկսեց քայլել, բայց մինչև հիմա չի խոսում աղջիկս: Ապրում ա բարեկամներիս մոտ: Գոնե դուրս գամ, էրեխուն պահեմ»,- ասաց Կամո Շելունցը:

Հ.Գ. Կամո Շալունցը խնդրեց այցելել իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր վերաբերյալ 20 տարվա վաղեմության քրեական գործը դատարանների արխիվում ուսումնասիրելու համաձայնություն տվեց: