ՔԿՎ պաշտոնյա. «Այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ»

16:38, 9 հուլիսի, 2015

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, պատասխանելով  ցմահ բանտարկյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20 տարի պատիժը կրող Սողոմոն Քոչարյանի առողջության մասին «Հետքի» հարցերին, նշեց, որ դեռևս մայիսի 26-ին, երբ դատապարտյալը բողոքել է ցավերից, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Քաղաքացիական հիվանդանոցում կատարվել է պոլիօրգանային, համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել է նաև որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություն, նրան զննել են վնասվածքաբանը, նյարդավիրաբույժը, քիթ-կոկորդ-ականջի բժիշկը: Անցել է արյան ընդհանուր զննություն: Այդ ժամանակ ախտորոշվել է աջակողմյան հայմորիտ: Կատարվել են անհրաժեշտ նշանակումներ:

Քրեակատարողական վարչության պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ երբ Սողոմոն Քոչարյանը մեկ ամիս անց նորից է բողոքել աջ վերջույթների թուլությունից ու ցավերից, հունիսի 26-ին բժշկական աշխատանքային հանձնաժողովը համալիր զննություն է կատարել: «Նրա մոտ ախտորոշվել է պարանոցային օստեոխոնդրոզ: Դեղորայքային բուժում է նշանակվել: Այս պահին բուժում է ստանում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Հարցին, թե ինչ բժիշկներ են ներգրավված եղել խմբում, ՔԿՎ պաշտոնյան պատասխանեց, որ հանձնաժողովում ընդգրկված են մասնագետներ ՔԿՎ բժշկական սպասարկման բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, նաև դրսից հրավիրված նեղ մասնագետներ:

Գոռ Ղլեչյանը փոխանցեց, որ Սողոմոն Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չեն տեսնում նրան բուժող բժիշկները: «Եթե կլինի նեղ մասնագետի կարիք, անպայման կտեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն»:

1995 թ.-ին իրանահպատակ Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված նախկին հետախույզ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանը պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Մի քանի տարի առաջ նա կորցրել է կնոջը (մահացել է ծանր հիվանդությունից), իսկ 2014-ին 19-ամյա աղջկան, ով ինքնասպանություն է գործել:

Սողոմոնի մայրը` Զինա Քոչարյանը, ով մի քանի օր առաջ «Հետքի» միջոցով դիմել էր արդարադատության նախարարին, ՔԿՎ պետին ու «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի տղային տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», մեզ հետ զրույցում ասաց` ուրախ է, որ տղան բուժումներ են անում: Ասաց, որ սրսկումների համար վաղը նորից դեղեր պիտի Տաշիրից հասցնի Երևան` «Նուբարաշեն» ՔԿՀ: Տիկին Զինան գտնում է, որ դեռ անցյալ տարի` աղջկա մահից հետո պիտի տղային տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ հոգեբանները պիտի աշխատեին նրա հետ: «Բայց մտածում եմ` կարող ա վախենում են երկու փախուստներից, դրա համար էլ չեն տանում «Դատապարտյալների հիվանդանոց»: Բայց դա պատճառ չի էլի… Համ էլ փախել են, մաքուր օդ շնչել, մեկին վնաս չեն տվել»: