Թուրքիան ամեն կերպ փորձում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն եւ լծակներ ձեռք բերել

13:09, 30 նոյեմբերի, 2010
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրք-ադրբեջանական և թուրք-վրացական ռազմական համագործակցության մասին խոսում էին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը և նույն ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Իվանովը: Վերջին տարիներին մեծ թվով հրապարակումներ եղան թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության միտումների վերաբերյալ: Այդ համագործակցության մասին խոսելիս նախ պետք է նշել, թե ինչպիսի դերակատարություն ունեցավ Թուրքիան դեռ 90-ականների սկզբին Ադրբեջանի բանակի սպառազինության, նյութական ապահովման գործում ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ Թուրքիան Նախիջեւան է հասցրել մարդկային ներուժ, ռազմական տեխնիկա: Այսինքն` թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը հին արմատներ ունի: Վերջին շրջանում եւս հաճախակի են դարձել փոխադարձ այցելությունները երկու երկրների միջեւ: «Թուրքական զինված ուժերը փորձում են լուրջ դերակատարություն ստանձնել Ադրբեջանի բանակի արդիականցման, համալրման գործում»,- ասաց Լևոն Հովսեփյանը: 2009 թ. նոյեմբերին, երբ Ադրբեջան այցելեց  Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այդ շրջանում կազմավորվեցին Ադրբեջանի ցամաքային զորքերը: Հետո ադրբեջանցիներն էլ խոստովանեցին, որ ցամաքային զորքերի կազմավորումը կապված էր գլխավոր շտաբի պետի այցի հետ: «Բավականին լուրջ միջոցառումներ են իրականացնում Ադրբեջանի սպայական կազմի վերապատրաստման համար ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում»,- ասում է Լ. Հովսեփյանը: Թուրքիայի բոլոր ռազմական հաստատություններում վերապատրաստվում են ադրբեջանցի սպաներ, ենթասպաներ: 2006 թ. Թուրքիայի ուսումնական հաստատություններում վերապատրաստված  զինվորականների թիվը հասնում է 1130-ի: Իսկ Ադրբեջանում թուրք մասնագետների կողմից վերապատրաստված զինվորականնների թիվը հասնում է 4000-ի: «Թուրքիան ամեն կերպ փորձում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն եւ լծակներ ձեռք բերել: Ադրբեջանական զինվորականներին Թուրքիայում վերապատրաստելը նույնպես դրան է նպաստում»,- նշում է բանախոսը:  Այսօր Ադրբեջանում երիտասարդ եւ միջին սերնդի սպայական կազմ կա, որոնք Թուրքիայում են կրթություն ստացել եւ ունեն ակնհայտ թուրքական կողմնորոշում: Լ. Հովսեփյանի խոսքերով`դա հետագայում ավելի կառավարելի կդարձնի թուրքամետ քաղաքականությունը Ադրբեջանում: Ի տարբերություն Ուզբեկստանի` Ադրբեջանում թուրքական ծրագիրը հաջողվում է: Տարիներ առաջ Ուզբեկստանի նախագահը դադարեցրեց ուզբեկ սպայերի կրթումը Թուրքիայում` պատճառաբանելով, որ Թուրքիայում չեն ուսուցանում ռազմական արվեստ, այլ իսլամիզմ, պանթուրքիզմ: Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ռազմարդյունաբերության ոլորտում եւս բուռն համագործակցություն է ընթանում: Ալիեւի հրամանով պաշտոնական արդյունաբերության նախարարությանը ստեղծվեց, որը նախագծեր է իրականացնում: Վերջին տարիներին թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսել են Ադրբեջանի հետ իրականացնել համատեղ ռազմադյունաբերական ծրագիր: 2008, 2009, 2010 թթ. ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր այդ ուղղությամբ, օրինակ` անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանագիրը: Վերջին շրջանում ակտիվացավ նաեւ  Նախիջեւանի հարցի շոշափումը Թուրքիայի ղեկավարության կողմից, խոսակցություններ կան այնտեղ թուրքական ռազմաբազայի մասին, քանի որ Նախիջեւանում առկա է թուրքական ռազմական կոնտինգենտ: Եթե Ադրբեջանի հետ Թուրքիան բավականին պատկառելի ռազմական կապեր ունի, ապա նույնը չի կարելի ասել Վրաստանի մասին: 2008 թ. մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն` Թուրքիան եղել է առաջին հնգյակի մեջ, որ Վրաստանին ռազմական օգնություն եւ սպառազինություն է տրամադրել: Ռազմական օգնության ծավալները գերազանցում են 55 մլն դոլարը, այդ թվում` ռազմատեխնիկական դրամաշնորհներ, ֆինանսական միջոցներ: «Թուրքիան սիրուն աչքերի համար չի այդքան գումարներ տրամադրում Վրաստանին: Այս ամենը պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներով, որ Թուրքիան ձգտում է ուժեղացնել Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան առանցքը եւ թուրքացնել»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` նույն ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Իվանով: Տնտեսության մեջ ապրանքաշրջանառության առումով Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում, իսկ ռազմական օգնության առումով Թուրքիան փորձում է ինչ-որ չափով իր ներկայությունը ապահովել եւ վրաց-թուրքական սպայակույտ ձեւավորել: Շատ վրացի սպաներ անցնում են ռազմական կուրսեր Թուրքիայում եւ դառնում են թուրքամետ կամ  Թուրքիայի երկրպագու, դա ապահովում է թուրքական լոբբինգ: