«Հլը Տիգրան Սարգսյանի խելքին նայեք»

14:09, 2 նոյեմբերի, 2010

Այսօրվա ասուլիսին Հրանտ Բագրատյանը խնդրեց իրեն ներկայացնել ոչ թե որպես ՀԱԿ ներկայացուցիչ, այլ որպես Հրանտ Բագրատյան` նախկին վարչապետ, տնտեսագետ, տնտեսագիտության եւ փիլիսոփայության դոկտոր: Եթե նա խոսում է ՀԱԿ-ի անունից, ապա իր խոսքերով` դա ուրիշ ֆորմատ է, պետք է խորհրդակցի նրանց հետ:

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ՀԱԿ-ը ուներ իր ծրագիրը, որով ցույց է տալիս, որ այն, ինչ Կառավարությունն արել է, բացարձակ հիմարություն է: 8-9 տարի առաջ ապահովագրության եւ կենսաթոշակային բարեփոխումների հարցերով զբաղվում էր Կենտրոնական բանկը, որի նախագահը Տիգրան Սարգսյանն էր. «Տիգրան Սարգսյանի թափը ավելի մեծ էր Ռոբերտ Քոչարյանի մոտ, քան Անդրանիկ Մարգարյանինը: Թե ԿԲ-ն ինչ կապ ունի ապահովագրության հետ, ոչ ոք չգիտի»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Աշխարհում կան մոտ 170-180 ԿԲ-ներ, 15-20 փոքր երկրներում ապահովագրության գործով զբաղվում է ԿԲ-ն: Հրանտ Բագրատյանն ասում է, որ ժամանակին Հայաստանը այս քայլին գնաց, քանի որ ասում էին, թե միջազգային հաստատությունների ցանկությունն է դա, «երբ այդ միջազգային հաստատությունների ցանկությունը ձեւավորում էր ինքը` Տիգրան Սարգսյանը»: Եթե բոլոր արժեթղթերի շուկան, ֆոնդային բորսան տալիս են ԿԲ-ին, այդ դեպքում բանկը չի կարող զբաղվել մնացած հարցերով: Դա գրեթե նույնն բանն է, երբ եկեղեցին սկսում է զբաղվել առողջության, կրթության եւ մյուս հարցերով: Մինչդեռ ԿԲ-նպետք է կառավարի բանկերը: «Հանրապետության տնտեսությունը կատաստրոֆիկ է»,- ասում է Հրանտ Բագրատյանը` համեմատելով եւ վերլուծելով 1995 թ. եւ 2010 թ. Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կենսաթոշակը եւ աշխատավարձը: 1995 թ. Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 17,4 դոլար, Ադրբեջանում` 14 դոլար, Վրաստանում` 10 դոլար: 1995 թ. Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է 5,9 դոլար, Ադրբեջանում` 5 դոլար, Վրաստանում` 4 դոլար: 2010 թ. Հայաստանում միջին աշխատավարձը 286 դոլար (մոտ 110.000 դրամ, առաջին 9 ամիսների տվյալներով) է, Վրաստանում` 323 դոլար, Ադրբեջանում`390 դոլար: 2010 թ. Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է 60 դոլար, Վրաստանում` 48 դոլար, Ադրբեջանում` 110 դոլար: «Միջին աշխատավարձը 17 դոլարից դարձել է 286, բայց դա չի նշանակում, թե այդքան անգամ աճել է: 6 անգամ դոլարը արժեզրկվել է, այսինքն` իրականում աշխատավարձը բարձրացել է 2-2,5 անգամ: Բայց եթե հարեւան երկրում 5 անգամ է  ավելացել, ուրեմն հնարավոր էր այդքան ավելացնել»,- ասում է Հրանտ Բագրատյանը: 1995 թ. միջին կենսաթոշակը կազմում էր միջին աշխատավարձի 34 տոկոսը: Աշխարհում փորձը ցույց է տալիս, որ միջին կենսաթոշակը պետք է կազմի միջին աշխատավարձի 50 տոկոսը: Այսօր Հայաստանում միջին կենսաթոշակը աշխատավարձի 20 տոկոսն է: «Իսկ քանի որ թոշակառուները ամենամեծ ընտրազանգվածն են, նրանք մի քիչ ավելի են հակված վերցնել 5000-10000 դրամ եւ ձայն տալ, նրանց միշտ թողնում են նարկոտիկ կախվածության մեջ»,- ասում է նախկին վարչապետը: Հրանտ Բագրատյանն ասում է, որ Հայաստանը պետք է ստեղծեր համակարգ, որով թույլ կտար քաղաքացուն իր ապագան աշխատել:  Թոշակը եւ աշխատավարձը լինում են այնքան, ինչքան հասարակությունը փող ունի:  Նա առաջարկում է թոշակը բարձրացնել մինչեւ 35-45 տոկոս, որը օրենքում չի արված. «Ընդունվել է օրենք, մի բացարձակ հիմարություն, ասում են` եթե աշխատողը իր գրպանից դնի 5 տոկոս, 5 տոկոս էլ պետությունը կտա: Հարցն այն է, որ հնարավոր է` միայն դու ես դնում այդ գումարը, դու եւ պետությունը, կամ էլ` դու եւ գործատուն: Ինչու՞ պետք է պետությունը մասնավոր թոշակ տա, եթե պետականը կա: Հանրապետականը, Բարգավաճն ու ՕԵԿ-ն էս ի՞նչ մի բարիացել են բարիացել, էս ի՞նչ փողեր են բերում տան մեզ»: Հրանտ Բագրատյանն ասում է, որ եթե այդ սխեման աշխատի, ապա մոտ 300 մլն դոլար քաղաքացիներն են դնելու, մոտ 300 մլն էլ` պետությունը: «Հլը Տիգրան Սարգսյանի խելքին նայեք, պարզվում է` էս 600 մլն-ն էլ պետք է տանեն դրսում արժեթուղթ առնեն: Արդեն այստեղ բան չունեն անելու, սուտի-մուտի ճոպանուղի կառուցելուց բացի, 1 մլրդ արտահանում են, հիմա էլ էս 600 մլն-ը պետք է տանեն դուրս: Հլը սրանց հանցավոր սխեման նայեք, ինչ-որ մեկը ուզում է էս 600 մլն-անոց կապիտալի պետը դառնա»,- ասում է տնտեսագետը:  Նա նշում է, որ իշխանությունը չի ուզում խոստովանել, որ սխալ է, դրա համար էլ անընդհատ հետաձգում է: «Այնտեղ մի ինտելեկտուալ չկա, որ մի ռացիոնալ բան առաջարկի»,- ասում է նախկին վարչապետը: Վերջինս շեշտում է, որ բյուջեն առանց այդ էլ պետական կենսաթոշակը տալիս է, ինչու՞ պետք է մասնավորն էլ տա, դա պետք է օլիգարխները տան: ՀԱԿ-ը առաջարկում է, որ եթե գործավորը 5 տոկոսը դնում է, դրա դիմաց գործատուն պետք է դնի, ոչ թե պետությունը: Նա նշում է, որ այդ գումարները պետք է ներառվեն ծախսերի մեջ եւ կիրառվեն բացառապես ՀՀ տարածքում սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքների վրա ներդրումներ կատարելու համար: