Գլենդեյլում տեղի կունենա բարեգործական համերգ

10:29, 1 նոյեմբերի, 2010
Դեկտեմբերի 18-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունենալու երգահան Արմեն Մովսիսյանի հիմնած դպրոցի ավելի քան 30 հայ երեխաների համերգը, որի ողջ հասույթը կփոխանցվի կարիքավոր երեխաներին: Համերգին աշակերտները երգելու են բացառապես հայերեն և կիթառ են նվագելու: Իսկ երգահան Արմեն Մովսիսյանը ելույթ չի ունենալու, ասում է` սա երեխաների համերգն է, ինքը միայն վերջում կմիանա նրանց: Համերգի հասույթը փոխանցելու է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, ով էլ այն կտրամադրի երեխաներին: «Ես այնքան եմ ուրախանում, որ իրենց մեջ գիտակցում կա, որ այդ գումարը հայ երեխաներին է փոխանցվում: Նրանք ամերիկյան բարբառով միշտ ասում են, որ ճիշտ է, որ գումարը մեր հայ ընկերներին է փոխանցվելու: Այնքա~ն են ոգևորված»,- ասում է Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` ակցիան շարունակական կլինի, իրենք կփորձեն էլի համերգներ կազմակերպել և օգնել անապահովների: