«Եթե իշխանությունները չեն վախեցել տնտեսական ճգնաժամից, ապա ՀԱԿ-ի հանրահավաքից էլ չեն վախենում»

13:42, 4 սեպտեմբերի, 2010
ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով` Հայ ազգային կոնգրեսի վերջին հայտարարությունն իր մեջ պարունակում է բազմաթիվ  տարօրինակ մեկնաբանություններ, անհարկի շահարկումներ, կեղծ տեղեկատվություն այն առումով, որ իշխանությունները որեւէ կերպ տրամադրված չեն խոչընդոտելու ՀԱԿ-ի միջոցառումները: Երեկվա իր հայտարարության մեջ ՀԱԿ-ը, մասնավորապես, ասել էր. «Գործելով ապօրինության դաշտում` Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարաններն ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով` իշխանությունները նաեւ ընդունում են, ըստ էության, որ չեն տիրապետում իրավիճակին երկրում եւ հակառակ իրենց հենց պնդումների` չեն համարում ներքաղաքական ճգնաժամը կարգավորված»: ՀԱԿ-ի` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտը քաղաքապետարանը մերժել է նույն օրը նույն վայրում Էրեբունի-Երեւան միջոցառումների անցկացման պատճառաբանությամբ: «Մեր երկրում գոյություն ունի օրենք եւ բոլորս պարտավոր ենք շարժվել այդ օրենքով: Քաղաքապետարանը իր իրավասության շրջանակում օրենքով սահմանված եղանակով տեղեկացրել է, որ ՀԱԿ-ի միջոցառման նշված ժամկետում իրենց կողմից ներկայացվող վայրը լինելու է զբաղված, ուստի առաջարակել են այլ վայրում անցկացնել հանրահավաքը»,- այսօրվա ասուլիսում նշեց Զաքարյանը: Էրեբունի-Երեւան միջոցառումը համապետական եւ համաքաղաքային կարեւոր նշանակություն ունի եւ ԱԺ պատգամավորի կարծիքով`ժողովրդի համար այդ միջոցառումը ավելի հաճելի է, քան որեւէ քաղաքական ուժի ակցիա: Նա նշում է, որ եթե քաղաքական ուժերը ունեն ասելիք, ապա կարող են ցանկացած վայրում դրանք անցկացնել` առանց ծայրահեղացնելու հարցերը: ՀՀԿ պատգամավորի կարծիքով` «եթե հաշվի առնենք վերջին տարիներին իշխանությունների որդեգրած ճկուն, արդյունավետ եւ պրոդուկտիվ քաղաքականությունը, երբ արտաքին եւ ներքին բարդ իրավիճակներում իշխանությունները կարողացել են հստակ կողմնորոշվել եւ արդյունավետ քաղաքականություն իրականացնել այնպես, որ հայկական շահերը չտուժեն, այլ հնարավոր լինի ամրապնդել եւ խուսափել համաշխարհային այնպիսի բարդ երեւույթներից, ինչպիսին տնտեսական ճգնաժամն է եւ նրա կողմից հարուցվող բարդ հետեւանքները, ապա չեմ կարծում, որ ՀԱԿ-ի հանրահավաքը այդքան վախենալու պետք է լինի եւ արժե դրանից վախենալ: Իշխանությունները որեւէ քաղաքական ուժից վախենալու խնդիր չունեն»: