2014 թ.-ից տարեկան կարտադրվի 3000-4000 տոննա էլիտար սերմնացու

14:11, 30 օգոստոսի, 2010
Այսօր գյուղնախարարության առաջին աշխատանքային խումբը մեկնել է Շիրակի մարզ: Մարզպետարանները նախարարությանը ներկայացրել են այն հողատարածքները, որտեղ պետք է սերմնաբուծություն սկսել: Մասնագետները պետք է ստուգեն մարզպետարանի ներկայացրած հողատարածքները, և այն հողերը, որոնք նպաստավոր կլինեն սերմ արտադրելու համար, կօգտագործվեն այդ նպատակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ըստ չափորոշիչների` հողը պետք է բերրի լինի, վարակված չլինի, որպեսզի հնարավոր լինի հաջորդ տարի ստանալ մաքուր սերմ և տրամադրել գյուղացիներին: Այսպիսով, Հայաստանում մեկնարկում է «Սերմնաբուծության զարգացման ծրագիրը»: Այժմ իրականացվում են Ռուսաստանից 950 տոննա էլիտար սերմնացուի փոխադրման աշխատանքները. սերմնացուն Հայաստան կբերվի մինչև սեպտեմբերի 20-ը: Գյուղնախարարությունը ձեռք կբերի նաև 500 տ տեղական սերմնացու: Այս տարի որոշվել է սերմը տրամադրել առնվազն 3 հա հողատարածք ունեցող ֆերմերներին: Մարզպետարանները ներկայացրել են 18.000 հա հողատարածքի հայտ, որից պետք է ընտրել 5000 հա-ը: «Եթե 1 հա-ի համար տրամադրենք 300 կգ սերմ, ապա կստանանք 3-4 տ բերք, որից 600 կգ-ը պետք վերադարձվի գյուղանախարարությանը հաջորդ տարի օգտագործելու համար»,- ասում է Գերասիմ Ալավերդյանը: Նախատոսվում է հաջորդ 2-3 տարվա ընթացքում պակասեցնել դրսից ներկրումները և ավելացնել տեղական սերմարադրողների քանակը: Ծրագրի ավարտից` 2014 թ.-ից սկսած` Հայաստանում ամեն տարի կարտադրվի 3000-4000 տ էլիտար սերմնացու: «Սերմնաբուծության զարգացման» ծրագրի արդյունքում ակնկալվում է 300.000-350.000 տ սերմնացու ստանալ: Նախատեսվում է ցանքատարածությունները հասցնել 120.000-125.000 հա-ի: Վերջին 7-8 տարիներին Հայաստանում սերմնացու չի արտադրվել: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այս ճյուղը տարիներ շարունակ եկամտաբեր չի եղել, քանի որ գյուղացիները չեն ունեցել որակյալ սերմ, անհրաժեշտ պայմաններ: