Քաղաք-այգու կերպար` Թամանյանի հատակագծում

15:24, 27 հուլիսի, 2010
«Մենք կորցնելու ենք թամանյանական շրջանի եւ դպրոցի շատ արժեքավոր շենքեր: Այսօր եթե մեր քաղաքի վերջերս կառուցված ինչ-որ հատված նկարահանվի եւ ցույց տրվի, ոչ մեկը չի ասի, որ սա Երեւանն է, այլ միջին ռուսական կամ միջին եվրոպական մի քաղաքի հեռավոր թաղամաս է. ճարտարապետությունը իջել է այս մակարդակին»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա նշում է, որ անընդհատ շեղվելով` մենք կկորցնենք այն քաղաքը, որը շատ գեղեցիկ էր արված, այսինքն` եւս մի քանի աղավաղում, տարածքի «օկուպացիաներ», եւ մենք կկորցնենք Երեւանը: Թամանյանը իր գլխավոր հատակագծի վրա սկսել է աշխատել 1919թ.: 1924թ. Երեւանի գլխավոր հատակագիծը հաստատվել է: Այդ ժամանակ Երեւանում քիչ բնակչություն կար: «Թամանյանը նախատեսել էր, որ մենք կունենանք գեղեցիկ մայրաքաղաք 150.000 բնակչության համար»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը: Թամանյանը ուներ բազում ծրագրեր, բայց հիմնական կառույցներից ոչ մեկը չկարողացավ տեսնել, օրինակ` երբ նա մահացավ, Օպերայի շենքի բարձրությունը հասել էր մեկ մետրի. «Ափսոս, որ Թամանյանի հիմնական մտահղացումը, որ քաղաքի կենտրոնը փակված լինի օղակաձեւ զբոսայգով, չիրականացավ հենց 80-ականներին»,- ասում է Մկրտիչ Մինասյանը: Միաժամանակ նա նշում է, որ քաղաքը զարգացող օրգանիզմ է, Թամանյանի հատակագծի վրա կյանքը իր ճշգրտումներն է դնում. այն, ինչ այդ ժամանակ ապրում է տվյալ քաղաքը, դրոշմվում է ճարտարապետության վրա: Սակայն յուրաքանչյուր գլխավոր հատակագիծ անելու ժամանակ հիմքը մնում էր Թամանյանի նախագիծը: «Թամանյանի հատակագծում քաղաք-այգու կերպարն էր ստեղծվում, իսկ այսօր քանի գնում, պակասում են կանաչները: Մեր կլիման շատ շոգ է, շատ ցուրտ, կանաչը այս պարագայում ուղղակի անհրաժեշտություն է»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը: Նա խոսքով` վտանգավոր է ծանրաբեռնել կանաչը բազմաթիվ սրճարաններով, օրինակ է բերում Զանգվի ձորը եւ նշում, որ եթե այլ քաղաք ունենար նման լանդշաֆտ, ապա դրանից մարգարիտ կսարքեր, իսկ այսօր այնտեղ «ռաբիս երաժշտություն է եւ թափթփուկ մթնոլորտ»: Ալեքսանդր Թամանյանի թանգարանի տնօրենը` Ալեքսանդր Թամանյանը, եւս ասում է, որ Թամանյանի մշակած հատակագծից այսօր քաղաքը շեղվել է նրանով, որ չեն պահպանվել կանաչ տարածքները, բնակչության քանակը, փողոցների լայնությունը, շենքերի հարկայնությունը: Քաղաքի կենտրոնն անկանոն է կառուցապատվում, կենտրոնում գտնվող եւ նրա դեմքը որոշող շենքերը արժեզրկվել են: Տեղի է ունեցել նաև քաղաքը գաղափարախոսական շրջադարձ. քաղաքն ուներ հստակ կողմնորոշում դեպի Արարատ, ինչը խեղաթյուրվեց, որի օրինակն է Արարատին «մեջքով» նայով Ազգային ժողովի շենքը: Երգերից հայտնի վարդագույն քաղաք Երեւանը այժմ գորշ է դարձել: Թամանյանն ասում է` թող լինի գորշ, բայց չլինի տարբեր գույների, օրինակ` երբ նայում ես, նույն շենքի երկու պատուհան շուշաթղթված է, իսկ մնացածներն անհասկանալի գույնի են: Թամանյանի կարծիքով` ճակատների անձեռնմխելիությունը շատ վատ վիճակում է. «Երեւի եղել են հեռատես մարդիկ, ովքեր մտածել ու այնպիսի օրենքներ են գրել, որոնք բանեցնելը դժվար լինի»: Թամանյանի խոսքերով` քաղաքի դեմքը աղավաղված է, երբ նայում ես թե բաձունքից, թե մարդաբոյից: Ինչ վերաբերում է լուծումներին, ապա բանախոսները նշեցին, որ Երեւանի թամանյանական տեսքը հնարավոր չէ վերականգնել, քանի որ դրանք մեծ ծախսերի հետ են կապված: