Գագիկ Եգանյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

16:27, 22 հուլիսի, 2010
«Վերջին շրջանում միգրացիոն հոսքերի մեջ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, վերջին 8 տարիներին մոտավորապես նույն օրինաչափություններն են ու նույն ծավալները: Նոր բան չկա»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրան լրագրողները խնդրել էին մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ-ում 16-րդ համագումարում արտահայտած այն տեսակետը, որ ժողովրդագրությունն է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը, և Արցախի խնդրում «կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը նշանակում է խորացնել առկա ժողովրդագրական ճգնաժամը և փութացնել ազգային աղետը»: Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. «Առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի` անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի և Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետևանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու»: Գագիկ Եգանյանը նաև նշեց, որ միգրացիան նվազեցնելու համար նախ պետք է վերացնել միգրացիայի պատճառները, որոնցից են գործազրկությունը, բավարար աշխատավարձ չստանալը, մասնագիտությանը համապատասխան աշխատանք չգտնելը և ձեռնարկատիրությամբ զբաղվելու սահմանափակումը: