Հայկական 3-րդ Ֆլեշմոբը ահազանգում է Սևանի համար

16:15, 16 հուլիսի, 2010
Այսօր` ժամը 19:20-ին, «մի խումբ տարօրինակ հագնված» մարդիկ Տերյան և Թումանյան փողոցով կուղեւորվեն դեպի Կարապի լիճ: Հայկական «Ֆլեշմոբ դիվիզիան» կազմակերպել է իր 3-րդ ֆլեշմոբը, որի նպատակն է կոչ անել բոլորին պահպանել Սևանի մաքրությունը, անվտանգությունը և կենդանական աշխարհը, քանի որ, ըստ Ֆլեշմոբի կազմակերպիչների, այժմ Սևանի կենդանական աշխարհը գտնվում է վերացման վտանգի տակ: Ֆլեշմոբ անգլերենից թարգմանաբար նշանակում է. flash-բռնկում, կայծակ, և mob-ամբոխ: Հայերեն բառացի թարգմանությամբ՝ «կայծակնային ամբոխ»: Ֆլեշմոբը նախօրոք պլանավորված միջոցառում է, որի ժամանակ մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որևէ մի հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում են նախապես պայմանավորված ինչ-որ աբսուրդ գործողություններ, իսկ հետո միաժամանակ արագ ցրվում են տարբեր կողմեր, կարծես ոչինչ էլ չի պատահել: Հայկական «Ֆլեշմոբ դիվիզայի» համահիմնադիր Հայկ Մելքոնյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 3-րդ ֆլեշմոբի անցկացման վայրը այս անգամ ընտրել են Կարապի լիճն է, որովհետեւ այն ունի նույն նախագիծը, ինչ Սևանա լիճը: Հայկական «Ֆլեշմոբ դիվիզայի» անդամները ցանկանում են ցույց տալ, որ «Սա է Սևանի ապագան»: Այս ակցիային մասնակցելու են 25 մարդ, ովքեր կարթերով իբր ձուկ են որսալու. «Ցույց ենք տալիս, որ նույն ճանապարհով շարունակելու դեպքում էլ տարբերություն չի լինի, մենք Սևանում ենք կարթով ձուկ որսում, թե Կարապի լճում: Սա ինչ-որ հասարակական կամ քաղաքական ակցիա չէ, սա ուղղակի ֆլեշմոբ է»: Կազմակերպիչները, հաշվի առնելով Սևանա լճի պահպանման ուղղությամբ մեր ձեռքբերումները, համարում են, որ դրանք պետք է շարունակվեն, և պետք է առավել շատ ջանքեր գործադրել: Նրանք նշում են, որ եթե կենդանական աշխարհը շարունակենք նույն տեմպերով ոչնչացնել, ապա Սևանա լիճը կզրկվի իր կենդանական աշխարհից և կնմանվի Կարապի լճին: Հայկական «Ֆլեշմոբ դիվիզիան» ստեղծվել է այս տարվա փետրվարին` 5 երիտասարդների նախաձեռնությամբ` Արմեն Սուքիասյան, էդուարդ Լևանյան, Հակոբ Մաթևոսյան, Հայկ Մելքոնյան եւ Վաղինակ Ղազարյան: