Հայ աղջիկները բարձր են գնահատվում հարսնացուների «միջազգային շուկայում»

16:54, 3 փետրվարի, 2010
«Կա անպատկառ սուտ և վիճակագրություն: Երբ վիճակագրությունը դառնում է քաղաքականության մաս, այն դառնում է ինչ-որ բան քողարկելու միջոց»,- հայտարարում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա` Հայաստանի բնակչությունը շատ ավելի քիչ է, քան պաշտոնական տվյալներով ներկայացվում է: Երևանում 4 ամուսնության դեպքում լինում է 1 ապահարզան, իսկ գյուղերում այդ հարաբերակցությունը 10/1 է: «Գյուղերի ընտանիքներն ավելի ամուր են: Քաղաքը ավելի մեծ հնարավորություն է տալիս բաժանվելու, առանձին ապրելու, իսկ գյուղում տունը, կովը, խոզը, հավերը դժվար է թողնել և գնալ: Գյուղում տղամարդը տունը թողնում է և գնում կամ խոպան, կամ հարևանի տուն»,- մեկնաբանում է Ահարոն Ադիբեկյանը: Եթե նախկինում գյուղի հարսնացուն ցանկանում էր ունենալ 3-4 երեխա, քաղաքինը` 2-3, ապա այսօր երկուսն էլ ցանկանում են ունենալ 1-2 երեխա: Ըստ սոցիոլոգի` քիչ երեխա ունենալու դեպքում ապահարզանների թիվն աճում է. «Այնպես որ, եթե ուզում եք` Ձեր ամուսինը տանը մնա ընդմիշտ, ունեցեք 4 երեխա»,- կանանց խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը: «Մեր հարսներն ու փեսաները ծերացել են 2-3 տարով»,- արձանագրում է սոցիոլոգը: Եթե նախկինում աղջիկներն ամենից շատ ամուսնանում էին 20-22 տարեկանում, իսկ տղամարդիկ` 22-24, ապա այսօր հարսնացուն 24 տարեկան է, իսկ փեսացուն` 25-ից բարձր: «Եթե հնարավորություն կա, ապա ցանկացած կերպ ամուսնացեք, եթե տարբերակ կա, օգտագործեք այն»,- խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով` հայ տղամարդը «ռամիկի նման» սիրում է իրենից ցածրահասակ կնոջ հետ ամուսնանալ, իսկ «արիստոկրատը»` իրենից 2 գլուխ բարձր: Ըստ սոցիոլոգի` մեծ թիվ են կազմում 24 տարեկան և ավելի տարիք ունեցող աղջիկները, ովքեր բարձրահասակ են և իրենց համար այդպես էլ փեսացու չեն գտնում, որովհետև ունեն բարձր ինքնագնահատական և սպասում են սպիտակ ձիով ասպետին, իսկ նա էլ  «մերսեդեսով Եվրոպայում է վազվզում և չի էլ նայում իրեն»: Ադիբեկյանի խոսքերով` հայ աղջիկները բավականին բարձր են գնահատվում հարսնացուների միջազգային շուկայում: Դրանով է պայմանավորված միջազգային ամուսնությունների «զարգացումը»: Իսկ հայ տղաներն ամենից շատ նախընտրում են ռուս կանանց հետ ամուսնանալ: Ահարոն Ադիբեկյանի խոսքերով` երբ տղաները գնում են արտերկիր, ամուսնությունը դառնում է ինտեգրվելու միջոց: Ըստ սոցիոլոգի` ապահարզանի ամենից շատ դիմում են բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքները, իսկ աղքատ ընտանիքները ծայրահեղ դեպքում են դիմում ամուսնալուծությունների: Ամուսնալուծությունները ավելի շատ լինում են, երբ ամուսնանում են իրար վատ ճանաչող մարդիկ, իսկ ծնողների ամուսնալուծվելու համար ռիսկային տարիքը այն է,երբ երեխան գնում է մանկապարտեզ, գնում է դպրոց կամ ավարտում է դպրոցը: Ամենից շատ ամուսնալուծվում են 20 տարվա ամուսինները: Ամուսնալուծությունների պատճառ է լինում երրորդ անձը` սկեսուրը կամ զոքանչը, այնուհետև` ամուսնական կուլտուրայի պակասը, իրար վատ ճանաչելը և առանձին բնակարանում ապրելու խնդիրը: «Հետք»-ի հարցին, թե ամուսնալուծությունների դեպքում երեխան որ ծնողի մոտ է մնում` Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ մոր. դա ավանադաբար եկել է և պահպանվել: Հիմա հայ հասարակությունը ու՞ր է գնում` ամուսնությունների, թե ամուսնալուծությունների: Ահարոն Ադիբեկյանը կատակեց, որ` կլոնավորման: «Մեզ ծնելիությունն է պետք զարգացնել: Մենք պետք է մեր ֆիզիկական գոյությունը պահպանենք երկրագնդում, սա է մեր գերխնդիրը, մնացածը երրորդական է: Ու՞մ է պետք տարածք, ուր հայ չի ապրելու»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը: