«Բանակի ստեղծմանը նպաստեց ոգին»

15:22, 28 հունվարի, 2010
«Օր օրի բանակում զարգացում կա: Գնալով մեր բանակն ավելի լավանում է: Այսօր մեր բանակը ավելի կայացած է և հզորացած: Իհարկե, վատ երևույթներ էլ կան: Ամեն մի հրամանատար պիտի մտածի, որ իր երեխան է եկել ծառայելու, պետք է ազատվել ոչ պատշաճ հրամանատարներից»,- նշեց «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր Համլետ Հովսեփյանը: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նշեց, որ բանակի ստեղծմանը նպաստեց ոգին: Հարցին, թե ինչու են Հայաստանում օր օրի գեներալները շատանում, Համլետ Հովսեփյանը պատասխանեց. «Բանակը աճում է, զարգանում է, մարդիկ կրթություն են ստանում: Գեներալները քանակով չեն, որակ պետք է լինի: Ես չեմ կարող վիճարկել` ասել 100-ն է ճիշտը, թե 70-ը»: «Կարծում եմ, որ գեներալների թիվը համընկնում է բանակի բրիգադաների թվին: Բայց իհարկե մենք կովկասցիներ ենք և կա խնամի-ծանոթ-բարեկամ: Ես մարդիկ գիտեմ, որոնց կռվի ժամանակ ջոկ էլ չէի վստահի, բայց այսօր գեներալ է, հիմա մարդու բախտը բերել է, կարդացեք Թումանյանի «Քաջ Նազարը»»,- ասաց Մանվել Եղիազարյանը: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա Մ. Եղիազարյանը նշեց, որ ինչ էլ լինի, ինքը պարտավոր է մարտի դաշտ գնալ. «Մինչև Ղարաբաղի կարգավիճակը չորոշվի, դուք ի՞նչ եք փոխզիջում: Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո պետք է հարաբերություններ սկսել: Ինչն է լավ լինելու սահմանը բացելով` գյուղատնտեսության հերը անիծելու են»: Հ. Հովսեփյանը հարցնում է` իսկ թուրքերը ի՞նչ են զիջում. «Ես, շփվելով մեր ազատամարտիկների հետ, կարող եմ ասել, որ նրանց 99 տոկոսը այսօր պատրաստ է զենք վերցնել, բայց զիջման մասին խոսք թող չլինի»: Ազատամարտի վետերանների միության նախագահը  նշեց, որ ինքը մարտի 1-ին բանակի մասնկացությունը չի տեսել, այնտեղ ներքին զորքերն էին և ոստիկանությունը. «Բանակը երբեք չի օգտագործվի ժողովրդի դեմ»: «Այսօր Հայաստանի համար ճիշտ չէ իրար բախվելը, և ամենակարևորը ներքին կայունությունը պահպանելն է»,- ասաց Մանվել Եղիազարյանը: