Բնապահպանության նախարարն ամփոփեց ընթացիկ տարին

15:38, 25 դեկտեմբերի, 2009
25-12_naxararԲնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր տարեվերջյան ասուլիսը սկսեց` շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթելով, որ 2010-ը լինի բնապահպանական տարի, առողջության, հաջողությունների և ուրախությունների տարի: «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը» նախանշում է 5 տարվա համար հստակ սահմանված միջոցառումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, բնապահպանական անվտանգության ապահովմանը, բնակչության իրազեկման բարձրացմանն ու աշխատանքների թափանցելիության, կառավարման արդյունավետության բարձրացմանը: Բնապահպանության նախարարությունը առաջնորդվում է կառավարության սահմանած այս ծրագրով: Խոսելով ձեռքբերումների մասին` նախարարը նշեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, որը նպաստել է նախարարության աշխատանքների որակի բարձրացմանը: Անդրադառնալով Սևանա լճի հիմնախնդիրներին` Արամ Հարությունյանը նշեց, որ 2009-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը եղել է 1899,24 մ, իսկ 2008թ. Նույն ժամանակահատվածի դրությամբ` 1898,84 մ: Տարբերությունը կազմում է 40 սմ:  Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման տարբերությունը կազմում է 177 մլն խոր. մ: Սևանա լիճ է բաց թողնվել 287.000 հատ մանրաձուկ, և հատկացվել է 502,9 հզ. դրամ: Իբրև ձեռքբերում` նախարարը նշեց օրեր առաջ «Սևան» ազգային պարկի 22.285 հա հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ինչը նշանակում է, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին այդ հողամասերը ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով, և ապօրինի կնքված բոլոր պայմանագրերը անվավեր են ճանաչվել: Ազգային ժողովն ընդունել է նախարարության մշակած 3 օրենքի նախագծեր, և կառավարությունը հաստատել է ավելի քան 45 որոշման նախագծեր: Որոշումների արդյունքում ստեղծվել են «Արփի լիճ», «Արևիկ» ազգային պարկերը և Ջերմուկի ջրաբանական, Հանքավանի ջրաբանական և Զանգեզուր պետական արգելավայրերը: Հայաստանի պահպանվող տարածքների ընդհանուր մակերերսը ավելացել է 76.100 հա-ով: Ավարտվել են նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքի և կենդանիների գրքի լրամշակման աշխատանքները: Մթնոլորտի պահպանության մասին խոսելով` նախարարը նշեց, որ Հայաստանում տեղադրվել և գործում է օդի աղտոտվածության մոնիտորինգի 6 ավտամատ կայան, որոնցից 4-ը` Երևանում, մեկական էլ` Ալավերդիում ու Ծաղկաձորում: Միջազգային համագործակցության մասին խոսելով` նախարարը անդրադարձավ 2009թ. դեկտեմբերի 7-ից-18-ը Կոպենհագենում կայացած «Կլիմայի փոփոխության մասին» խորհրդակցությանը և նշեց, որ այդպես էլ չհաջողվեց բանակցությունները հասցնել իրավական ուժ ունեցող փաստաթղթի ընդունմանը: Տարվա ընթացքում համագործակցություն է եղել տարբեր երկրների հետ: Տարվա ընթացքում տեսչության կողմից իրականացվել է 725 ստուգում` անցած տարվա 1752-ի փոխարեն, և արձանագրվել է 793 բնապահպանական խախտում: Տեսչության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 118,4 մլն դրամ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ոչ միայն բնապահպանական ծրագրերը չեն կասեցվել, այլև մի շարք գործարանների չաշխատելու պատճառով մթնոլորտ արտանետումները որոշ չափով նվազել են: