Գ.Ալավերդյան. «Բարդությամբ եւ պատասխանատվությամբ նախարարի աշխատանքը շատ ավելի ծանր է»

16:16, 16 նոյեմբերի, 2009

«Ինչքան ծանր գործ կար, Գերասիմս էր կատարում, չէր թողնում, որ ես չարչարվեմ, ինձ երբեք չի բակացրել: Երբ հայրը երեկոյան հարցնում էր, թե անասունների հերթն է, ով պիտի գնա, Գերասիմը տեղից գոռում էր` ես, ես»,- հիշում է գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի մայրը՝ տիկին Լիդան:

«Գերասիմը շատ ռոմանտիկ է, երիտասարդ ժամանակ մինչեւ 10 էջանոց նամակներ էր գրում, որոնց ես կարող էի պատասխանել մի քանի տողով: Սեր խոստովանելիս եւ ամուսնության առաջարկություն անելիս շատ զուսպ էր, ամեն ինչ իրար ասում էինք հայացքներով եւ «այո»-ով ու «ոչ»-ով: Խանդոտ է, երիտասարդ ժամանակ բազմաթիվ ծեծկռտուքների մեջ է ներքաշվել իմ պատճառով, ես էլ իրեն եմ խանդում, եթե խանդ չկա, սեր էլ չկա: Մեզ մոտ եւ սեր կա, եւ կապվածություն»,- ասում է նախարարի կինը՝ Անահիտը: 16_11-g_alaverdyan-2

«Ծնվել եւ մեծացել եմ Սրաշեն գյուղում, այդ տարիներին ամբողջությամբ կապված էի հայրենի եզերքին, գյուղի աշխատանքներին: Գյուղատնտեսական ամեն տեսակի գործ արել եւ անում եմ»,- պատմում է ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը: Գերասիմ Ալավերդյանը հաճախել է Կապանի Սրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակի ներքին զորքերում, ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը: Ալավերդյանների ընտանիքում 4 եղբայր են եւ մեկ քույր: Հայրը մահացած է, բայց Ալավերդյան եղբայրները միշտ հիշում են նրա խրատները եւ դրանք փոխանցում իրենց որդիներին: Գյուղնախարարը հոր հետ շատ կապված է եղել, բայց մի անգամ իր ասելով հոր նկատմամբ սխալ քայլ է արել: «Երեւանից Կապան էինք գնում, հայրս հիվանդ էր եւ երբ ասաց` ցավում է, ցավում է, ասացի` լավ, էլի, ա'յ հեր, հենց մոտենում ես Սյունիքի դարպասներին, ցավերդ սկսվում են: Հայրս այնպես նեղացավ, որ մինչեւ Կապան հետս չխոսեց: Ես գիտակցեցի, որ այդ բանը չպետք է ասեի»,- պատմում է գյուղնախարարը: Ալավերդյան եղբայրները հիշեցին նաեւ իրենց չարաճճիությունները. «Ինչեր ասես, որ չենք արել`գիշերը տուն չգալ եւ այլն: Այն ժամանակ նորաձեւ էր մազերը չկտրելը, ես ել մազերս չէի կտրում, հայրս անընդհատ բարկանում էր եւ մի օր էլ ապտակեց»,- պատմում է Գերասիմ Ալավերդյանը:

Աշխատանքում` բանվորից մինչեւ նախարար, կյանքում առաջնայինը ընտանիքն է

1985-94 թթ. աշխատել է Կապանի թիվ 1 արտադրական միավորումում` որպես բանվոր, ապա` ենթավարպետ, տեղամասի պետ: 1994-2003 թթ. աշխատել է ՀՀ հարկային համակարգում` Կապանի տարածքային հարկային տեսչությունում` որպես պետական հարկային տեսուչ, ավագ տեսուչ, ապա պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի մարզային բաժնի պետ: 2004-2008 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատում` որպես խորհրդի անդամ, պետական բյուջեի վերահսկողության վարչության պետ: 2008-2009 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում` վարչության պետ, սպասարկել գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային համակարգի ոլորտները: 2009 թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: «Ամեն մի ժամանակաշրջանում ես այնտեղ էի, որտեղ եւ գտնվել եմ: Բայց, իհարկե, գործի բարդությամբ եւ պատասխանատվությամբ նախարարի աշխատանքը շատ ավելի ծանր է: Առավոտյան տնից դուրս եմ գալիս 8.30-ին եւ ամենաշուտը տուն եմ վերադառնում ժամը 22.00-ին: Ամբողջ օրը զբաղված եմ իմ աշխատանքով, բայց օրվա ընթացքում հեռախոսով ընտանիքի հետ կապը պահպանում եմ»,- ասում է Գերասիմ Ալավերդյանը: 16_11-g_alaverdyan-1

«Ինձ համար առաջնահերթ ընտանիքս է, իսկ երկիրը սկսվում է հենց ընտանիքից, հետեւաբար` նաեւ երկիրը»: Գերասիմ Ալավերդյանը ամուսնացած է, ունի որդի եւ դուստր, մեկ թոռնիկ: Առաջին եւ վերջին սերը, իր խոսքով, եղել է կինը, ում հետ սովորել են նույն դպրոցում եւ 4-րդ դասարանից ընկերություն են արել: 23 տարի է միասին են եւ, ամուսինների խոսքերով, իրենց երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը փոխադարձ սիրո, հարգանքի եւ վստահության մեջ է:

Կինը` Անահիտը, մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց չի աշխատում. «Գերասիմը չի թողնում աշխատեմ: Ասում է` մեր տանը աշխատում ես, հերիք է»: Անահիտի խոսքերով` հենց առաջին հայացքից էլ սիրահարվեցին, ծնողները դեմ էին, ասում էին, որ գյուղում չպետք է ամուսնանա, սկզբում գաղտնի էին ընկերություն անում, միայն 18 տարեկանում տեղեկացրին: Գերասիմի եւ Անահիտի սիրո պատմությունը լավ հիշում են Գերասիմ Ալավերդյանի զոքանչը` տիկին Ցողիկը, եւ զոքանչի քույրը` տիկին Սաթիկը: Վերջինս պատմում է, որ Անահիտին միշտ ասում էր` ինչքան իրենից հեռու մնաս, այնքան ավելի շատ կսիրի. «Ժամերով իրար հետ հեռախոսով խոսում էին: Երբ Անահիտը ուսանող ժամանակ մեր տանն էր մնում, ամբողջ օրը ստիպված էի Անահիտի ուզողներին քշել, ասում էի` իր սիրելին բանակում է»:

Զոքանչը շատ գոհ է փեսայից, ասում է, որ ընտանիքին եւ կնոջը նվիրված հայր եւ ամուսին է: Ինչ վերաբերում է ընտանեկան վեճերին, ապա նախարարը աշխատում է լուրջ կոնֆլիկտներ չունենալ ընտանիքի անդամների հետ. «Իսկ եթե լինում էլ են, ապա ես միշտ ասում եմ` համոզեք ինձ, որ ես սխալ եմ: Սխալ լինելու դեպքում անպայման ներողություն եմ խնդրում, նվերներ էլ են լինում»:

Կնոջ պատմելով` իրենց վեճերը շատ չեն սրվում, առավոտյան արթնանում են եւ ամեն ինչ արդեն մոռացած են լինում. «Ամուսնուս աշխատանքը շատ ծանր է, եւ մենք հաճախակի վեճեր ենք ունենում այն առումով, որ ինքը կանոնավոր չի սնվում, առողջությանը չի հետեւում: Ես միշտ ասում եմ` դու քո մասին ամենաքիչն ես մտածում»: Անահիտի եւ Գերասիմի դուստրը` Աննան այս տարի կավարտի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: 18 տարեկանում ամուսնացել է եւ ունի որդի: «Հայրս դեմ էր, որ այդքան շուտ ամուսնանամ»,- ասում է Աննան:

Աննայի ամուսնու` Արսենի խոսքերով` Աննան շատ պարտաճանաչ ուսանող է. «Մեկ այլ նախարարի աղջիկ, ամուսնացած լինելով եւ երեխա ունենալով, դասերից կբացակայեր կամ ընդհանրապես չէր գնա, իսկ Աննան չի բացակայում»:

Գերասիմ Ալավերդյանի եւ Արսենի հարաբերությունները շատ լավ են, աներոջ պաշտոնը դեր չի խաղացել Արսենի ընտրության հարցում. «Մենք ծանոթացել ենք, երբ Ալավերդյանը Վերահսկիչ պալատում էր աշխատում: Նա միայն դեմ էր, որ Աննան շուտ է ամուսնանում»,- պատմում է փեսան: Ալավերդյանի որդին` Արթուրը, տնտեսագետ է, սովորում է ՀՊՃՀ-ի մագիստրատուրայում:

Հարցին, թե նախարարի որդի լինելը Արթուրի կյանքում որոշակի փոփոխություններ մտցրել է, որդին պատասխանեց` ոչ. «Իմ շրջապատում քչերը գիտեն, որ ես նախարարի որդի եմ, ես ինչպես եղել եմ, այնպես էլ մնացել եմ: Իմ բոլոր ընկերները կապանցի տղաներ են, ես ոչ մի նախարարի տղայի ոչ ճանաչում եմ եւ ոչ էլ շփվում»:

Գերասիմ Ալավերդյանը երբեք երեխաներին ոչինչ չի պարտադրել ոչ մասնագիտության ընտրության հարցում, ոչ էլ ընկերների: «Նախարար լինելով` հայրս հասցնում է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալ, միշտ գիտի` մենք որտեղ ենք եւ ինչ ենք անում»,- ասում Աննան:

Նա պատմեց, որ հայրը եղբոր վրա բարկանում է հատկապես դրսում շատ մնալու, մեքենան արագ վարելու, հեռախոսով շատ խոսելու, ուշ տուն գալու համար. «Իհարկե, ես միշտ ասում եմ` պապ, դե տղա է, բայց դա Արթուրին չի փրկում, հայրս շատ խիստ է»:

Երբ պրն Ալավերդյանը տուն է մտնում, առաջինը համբուրում է թոռնիկին` 1,5տ Ռոբերտին: «Իհարկե, կուզենայի իմ թոռնիկը իմ ճանապարհով գնար: Թոռնիկիս ատամհատիկին, երբ գնացի եւ տեսա սեղանին դրված իրերը, ես ել իմ կողմից դրեցի նախարարի իմ վկայականը, եւ երեխան հենց դա էլ վերցրեց»,- պատմում է պապիկը: Երեխայի ծնողներն ասում են, որ իրենք շատ ուրախ կլինեն, եթե Ռոբերտը շարունակի պապիկի գործը:

Արթուր Բաղդասարյանը Ալավերդյան ընտանիքի իդեալն է

«Մարդկանց նկատմամբ շատ խղճով եմ, երբեմն` չափից ավելի, միշտ հակված եմ բոլորին օգնելու: Իմ ամենամեծ առավելությունը համարում եմ իմ պայքարող, չհարմարվող կեցվածքը, ես իմ ամբողջ կյանքում, ինչքան հիշում եմ ինձ, միշտ պայքարի մեջ եմ եղել: Խոցելի կողմս համարում եմ իմ երեխաներին»: Գերասիմ Ալավերդյանը 1998 թ. ստեղծված ՕԵԿ-ի հիմնադիր անդամներից է. «Ես այդ ժամանակ հարկային տեսչությունում էի աշխատում, ընկերներով հավաքվեցինք, որոշեցինք ստեղծել մեր կուսակցությունը: ՕԵԿ-ում ամեն ինչ ինձ հոգեհարազատ է: Մեր բարեկամությունում բոլորը ՕԵԿ-ական են, բայց ես ոչ մեկին չեմ ստիպել, իրենք ինձանից շատ են սիրում Արթուր Բաղդասարյանին: Իմ իդեալը իմ կուսակցության լիդեր Արթուր Բաղդասարյանն է: Ես միշտ բավականություն եմ ստանում նրա հետ շփվելով եւ ամեն օր նոր բան եմ սովորում: Նրա մեջ շատ բարձր եմ գնահատում պայքարելու ջիղը, ճիշտ որոշումներ ընդունելու կարողությունը: Այսօր Արթուր Բաղդասարյանը որոշում կայացնող մարդ է»:

Հանգիստը եւ ժամանցը` տանը, ընտանիքի հետ, լիցքաթափվելու համար` ոչ մի գիշերային ակումբ եւ խաղատուն

Գերասիմ Ալավերդյանը միայն կիրակի օրն է կարողանում նվիրել ընտանիքին. «Առավոտյան արթնանում եմ, այգուս ծառերն եմ ջրում, խնամում, հարեւաններիս հետ եմ շփվում: Սիրում եմ ընտանիքով, բարեկամներով եւ ընկերներով հավաքվել իմ ամառանոցում»:

Նախարարը պատմեց, որ ուսանողական տարիներին լիցքաթափվելու համար դիսկոտեկներ գնացել է, բայց ամեն ինչ, իր խոսքերով, եղել է չափի մեջ. «Դրսում մեկ-երկու անգամ ինձ փորձել են համոզել տանել խաղատուն, բայց ես չեմ գնացել: Չգիտեմ էլ` այդ խաղատների, գիշերային ակումբների մուտքերը որ կողմից են: Ես դրա փոխարեն մի շաբաթ առաջ բարեկամներիս հետ լոտո էի խաղում»:

Նախարարի հոբբիներն են` ֆուտբոլը, այգին, գյուղը եւ գյուղատնտեսությունը: Այգեպան Համլետի խոսքերով` Գերասիմ Ալավերդյանը ամբողջ շաբաթվա լարվածությունը մոռանում է այգին մշակելիս: Ամեն կիրակի նա աչքի է անցկացնում այգին, շատ ուշադիր է ամեն մի ծաղկի նկատմամբ, ընտիր վարդեր ունի, սիրում է դրանք խնամել:

Երաժշտություն շատ է սիրում, հատկապես ինչպես ինքն է ասում՝ մոր թեման. «Երգում էլ եմ, պարում էլ եմ այնքանով, որքանով կարողանում եմ: Լսում եմ բացառապես հայկական երաժշտություն` Շուշան Պետրոսյան, Արսեն Գրիգորյան, աշխարհում մեր հայկական կինոներից լավը չկա, թատրոն եւս շատ եմ սիրում, բայց ժամանակ չունենալու պատճառով այժմ չեմ հաճախում»: Ինչ վերաբերում է գրքերին, ապա վերջին տարիներին գեղարվեստական գրականությունը իր տեղը զիջել է մասնագիտական գրքերին:

«Վերջին գեղարվեստական գիրքը` Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, վերընթերցել եմ 1 ամիս առաջ»,-ասում է նախարարը: Երեխաները եւ կինը պատմում են, որ Ալավերդյանը շատ ճաշակով է, հաճախ նաեւ իրենց համար է հագուստ գնում եւ երբեք չի սխալվում չափսերի մեջ:

«Հագուստս եւ աքսեսուարներս ընտրում եմ ես: Մեծ նշանակություն ունի ժամանակը, բրենդներին եւս ուշադրություն եմ դարձնում»,- ասում է Գերասիմ Ալավերդյանը:

«Ընդհանրապես չեմ ծխում, թույլ չեմ տալիս նաեւ իմ մոտ ծխեն: Խմիչք օգտագործում եմ առիթից առիթ` մեկ բաժակ հայկական կոնյակ: Ես խստապահանջ եմ, որ ուտելիքը լինի թարմ: Շատ սիրում եմ բանջարեղեն եւ մրգեր: Նախընտրում եմ հայկական խոհանոցը»,- պատմում է գյուղնախարարը: «Ես ընդամենը լսել եմ, որ ինքը տան գործեր կարողանում է անել, ձվածեղ է պատրաստում, բայց մեր համատեղ կյանքի ընթացքում ես նման բան չեմ տեսել: Երբ աշխատանքից գալիս է, սեղանը պետք է արդեն պատրաստ լինի: Ամեն ինչ ուտում է, սա իմ գործն ավելի է դժվարացնում, չկա մի բան, որ ամենաշատն է սիրում, եւ ես միշտ մտածում եմ` ինչ պատրաստել»,- ասում է կինը: Գերասիմ Ալավերդյանի համար շատ թանկ նվեր է Արթուր Բաղդասարյանի նվիրած գիրքը: Որդու` Արթուրի համար հորից ստացած ամենաթանկ նվերը մեքենան է:

«Ես մտածում էի դառնալ լուրջ բիզնեսմեն, արտադրող: Երբ ավարտեցի ինստիտուտը, ունեի կարի փոքր արտադրամաս, որտեղից էլ սկսվեց իմ բիզնեսի սկիզբը: Աշխատանքային իմ առաջին մկրտությունը ստացել եմ հենց այդտեղ: Այսօր էլ այդ արտադրամասը կա, քույրս է զբաղվում այդ հարցերով: Ես չեմ հասցնում զբաղվել բիզնեսով: Երբ եկա Վերահսկիչ պալատ, ունեի որոշ խանութներ, այժմ մեկ-երկու փոքր առեւտրի սրահներ ունեմ, եղբայրներս իրենց համար աշխատում են, բայց ես դա բիզնես չեմ համարում, մեծ բաներ չունեմ, հայրենի գյուղում ցորենի դաշտեր, մի փոքր խանութ, որով զբաղվում է տղաս: Երազում եմ մեր ազգը տեսնել լավ, պետությունը` զարգացած եւ հզոր, իբրեւ նախարար` երկրի համար լավ գործեր արած, իսկ անձնականում` որդուս ամուսնացրած, թոռնիկիս մեծացրած»,- անկեղծանում է նախարարը:

«Ինձ ուրախացնում են իմ հարազատների հաջողությունները, տխրեցնում` նրանց անհաջողությունները: Վախենում եմ էլեկտրական հոսանքից, օձից եւ մեղվից: Առանց պաշտոնի ես կկորցնեի այն ծանր բեռը, որ դրված է իմ ուսերին, բոլոր նպատակները եւ ծրագրերը, որ մտադիր եմ իրականացնել որպես գյուղնախարար: Ես հո միշտ նախարար չեմ եղել»,- ասում է Գերասիմ Ալավերդյանը: